ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր Քրդատ օրենսգիրքը փորձում է լուծել անհիմն կալանքի և խոշտանգումների խնդիրը

Դեկտեմբերի 17-ին գերմանական GIZ կազմակերպությունը շահագրգիռ կողմերին հրավիրել էր քննարկելու նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով նախագծում տեղ գտած առանցքային փոփոխոխությունները, կարծիք է հայտնել, որ օրենսգրքի ընդունումից հետո քրեական դատավարության ոլորտում էական առաջընթաց կնկատվի:
Նոր օրենսգրքով ավելացվել են այլընտրանքային խափանման միջոցները, և կալանքը կկիրառվի ծայրահեղ դեպքերում: Նախարարի խոսքերով՝ կալանքը որպես խափանման միջոց հաճախ կիրառելու պատճառն օրենսգրքում այլընտրանքային խափանման միջոցների սակավ լինելն է: Նախագծում ավելացվել են նոր այլընտրանքային խափանման միջոցներ (տնային կալանք, վարչական հսկողություն և այլն): Կալանքը, որպես խափանման միջոց, կկիրառվի միայն այն դեպքում, եթե մյուս խափանման միջոցները կիրառելի չեն լինի, ինչը թույլ կտա բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները:
Ինքնախոստովանական ցուցմունքն այլևս չի դրվի մեղադրանքի հիմքում: Արդարադատության նախարարը նկատել է, որ շատ են դեպքերը, երբ մեղադրանքի հիմքում դրվում է միայն կասկածյալի ինքնախոստովանական ցուցմունքը: Երբ տվյալ անձը հետագայում հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից, ամբողջ մեղադրանքը փլուզվում է: Նոր օրենսգրքով ուղղակիորեն սահմանվում է, որ եթե չկան այլ հիմնավոր ապացույցներ, միայն ինքնախոստովական ցուցմունքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Դատարանն է տալու արարքի քրեաիրավական որակումը: Նոր օրենսգրով բարձրացված է դատարանի դերը, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ մեղադրանք է բերվել դատարան, արարքի քրեաիրավական որակումը տալու է միայն դատարանը:
Հավելենք, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու և ինքնախոսոտվանական ցուցմունքների վրա մեղադրանք կառուցելու խնդիրների մասին: Միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը նպաստում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջոցով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի ամրապնդմանը:
ՀՀ արդարադատության ոլորտի խնդիրների մասին ՔՀԻ ամփոփագրին կարող եք ավելի մասնրամասն ծանոթանալ այստեղ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մասին այլ հրապարակումներ՝
Նոր օրենսգիրքը նախատեսում է նվազեցնել կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում
