ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թոքաբորբով հիվանդ զինվորի գործով ձերբակալվել է դասակի հրամանատարը

Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել է նաև դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը։ Այս մասին hra.am–ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից։
Մհեր Խլղաթյանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էին ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը և զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա նորակոչիկ Մհեր Խլղաթյանը հունվարի 13-ին տեղափոխվել էր Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ երկկողմանի սուր թոքաբորբ ախտորոշմամբ։ Տղայի մայրը պնդում է, որ զորամասի բուժմասում իր հիվանդ որդուն ոչ միայն բուժօգնություն ցույց չեն տվել, այլև՝ բռնության և խոշտանգումների են ենթարկել՝ համարվելով «սիմուլյանտ»։ Մոր խոսքերով՝ տղայի ձեռքերն ու ոտքերը վառված են եղել, կապտուկներով ծածկված, գլխին հասցված հարվածների հետևանքով հեմատոմա է առաջացել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Նախաքննությունը շարունակվում է։
