Թոքաբորբով հիվանդ զինծառայողի գործով մեղադրանքներ են առաջադրվել

Երկկողմանի թոքաբորբով Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված երեք զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել, և նրանք կալանավորվել են, հայտնում են ՊՆ քննչական ծառայությունից։

Բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 376 հոդվածի 1-ին մասով (ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայություն կրելու վայրում ենթակային ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը):

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին և դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1 հոդվածի 3-րդ մաս 1-ին կետի հատկանիշներով` (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության վայրում ենթակայի նկատմամբ բռնություն գործադրելը) և 358.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը):

Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Մհեր Խլղաթյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ պատրաստ չեն։

Հիշեցնենք, որ 18-ամյա նորակոչիկ Մհեր Խլղաթյանը հունվարի 13-ին տեղափոխվել էր Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ երկկողմանի սուր թոքաբորբ ախտորոշմամբ։ Տղայի մայրը պնդում է, որ զորամասի բուժմասում իր հիվանդ որդուն ոչ միայն բուժօգնություն ցույց չեն տվել, այլև՝ բռնության և խոշտանգումների են ենթարկել՝ համարվելով «սիմուլյանտ»։ Մոր խոսքերով՝ տղայի ձեռքերն ու ոտքերը վառված են եղել, կապտուկներով ծածկված, գլխին հասցված հարվածների հետևանքով հեմատոմա է առաջացել։

Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը)։