ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգումների վերաբերյալ հաղորդումների մեծ մասի դեպքում ՀՔԾ–ն քրեական գործ չի հարուցում

ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում պետական պաշտոնյաների կողմից խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ 2013թ.–ին քննված հարյուրից ավելի դեպքից միայն երկուսն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և www.hra.am կայքի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված հարցման արդյունքում պարզվում է, որ 2013թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) ՀՔԾ–ում քննվել է 114 դեպք, որից միայն 19-ի առիթով է հարուցվել քրեական գործ։
Հարուցված 19 քրեական գործից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 10-ով վարույթը կարճվել է, մեկ գործով վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու պատճառով, իսկ 6 գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել։
Նշենք, որ դատարան ուղարկված քրեական գործերից մեկը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործն է։ Օպերլիազորները դատարանի 11.10.2013թ. վճռով մեղավոր ճանաչվեցին Ռոբերտ Հովսեփյանին բռնության ենթարկելու, ինչպես նաև՝ արձանագրություններ կեղծելու մեջ և դատապարտվեցին ազատազրկման 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 3 տարի ժամկետով։ Սակայն դատարանը կիրառեց ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ հայտարարված համաներման որոշումը և ազատ արձակեց նրանց։
Անցած տարվա ընթացքում ՀՔԾ–ն ստացել է նաև քննչական այլ մարմիններում քննվող քրեական 8 գործ, որոնց նախաքննության ընթացքում հայտարարություններ են արվել պետական պաշտոնյաների կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի մասին: Բոլոր դեպքերը քննելով՝ ՀՔԾ-ն որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել՝ բավարար փաստեր չլինելու հիմքով։
2013թ. ընթացքում ՀՔԾ-ում նախապատրաստված կամ ստացված 85 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության և հանցակազմի բացակայության հիմքով, ևս երկուսը մնացել են անավարտ:
Համեմատելու համար նշենք, որ 2012թ.–ին պաշտոնեական լիազորությունների անցման (բռնությամբ զուգորդված) հոդվածի հատկանիշներով ՀՔԾ-ն նախապատրաստել է 43 նյութ, որից միայն 2–ի դեպքում է հարուցվել քրեական գործ։ Նշված երկու քրեական գործերից մեկի վարույթը կարճվել է և միայն 1-ն է հասել դատարան։ 2011-ին այդ հոդվածով դատապարտվել է 1 անձ, ով համաներվել է, իսկ 2010թ.–ին բռնություն գործադրելու համար ոչ մի պետական պաշտոնա չի դատապարտվել։
