ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ. Փաստինֆո

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու և 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»–ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի երեկոյան՝ մարտիմեկյան հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, Անի Գևորգյանը մի խումբ ՀԱԿ ակտիվիստների հետ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժանմունք։ Նա պատմել է, որ փողոցում և ոստիկանության բաժնում իրենից բռնի ուժով փորձել են խլել տեսախցիկը, հարվածել են ձեռքերին, իսկ ոստիկանության բաժնում մի ոստիկան ապտակել է և ձեռքից խլել բջջային հեռախոսը, որով նա այդ պահին խոսում էր։
