ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվողը մարմնական վնասվածքներով է տեղափոխվել ՁՊՎ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Նախաքննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Մ.Մ.-ն իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել:
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (խուլիգանությունը) հատկանիշներով, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելուց հետո ծանուցում է ստացվել, որ Մ.Մ.-ի մարմնի վրա կան բռնության հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորությունների անցումը)։
Վերը նշված երկու գործերը քննվում են մեկ վարույթում։ Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՔԾ կայքը։
