ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության ծառայողների կարգապահական տույժերի և քրեական գործերի վիճակագրությունը 2013-ին

2013 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող, հra.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողներից 465–ին հայտարարվել է «նկատողություն», 293-ին՝ «խիստ նկատողություն», 2-ի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, 61-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
2013թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունում հաշվառվել է ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների 62 դեպք, որոնցից 24–ի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով, 38-ով հարուցվել են քրեական գործեր, որից 10–ը կարճվել են, որից 1–ը՝ արդարացնող հիմքով, 9-ը՝ ոչ արդարացնող հիմքերով, 8-ը գտնվում են նախաքննության փուլում, 20-ն ուղարկվել է դատարան: Դատաքննության արդյունքում նշված գործերից 2–ը կարճվել են:
2013թ. ընթացքում հարուցված քրեական գործերի արդյունքներով դատապարտվել են ոստիկանության 10 ծառայողներ, որոնցից 6–ը դատապարտվել են ազատազրկման, իսկ 4–ը՝ տուգանքի:
Համաներում կիրառվել է ոստիկանության 3 ծառայողների նկատմամբ՝ 2-ը նախաքննության, 1-ը դատաքննության փուլում:
