ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը (լուսանկարներ)
Մարտի 24-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Դավիթ Հարությունյան) հրապարակեց շուրջ մեկուկես տարի ընթացքող՝ «Հարսնաքարի» գործով դատավճիռը։ Դատարանը 6 ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման՝ 12 տարի ժամկետով և 100.000 դրամ տուգանքի։
Այսպիսով՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը մեղավոր ճանաչվեցին 2012թ.-ի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խմբակային ծեծի, առողջությանը միջին և ծանր վնասվածքներ հասցնելու և անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի և «Հարսնաքարի» աշխատակիցի միջև վիճաբանություն էր առաջացել սպորտային հագուստ կրելու պատճառով, որը վերաճել էր ծեծկռտուքի։
Ռեստորանի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում Վահե Ավետյանը, 12 օր գտնվելով անգիտակից և ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ հիվանդանոցում։ Նրա հետ ծեծի ենթարկված Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության, իսկ Արկադի Աղաջանյանը և Էդգար Նիկոյանը՝ թեթև մարմնական վնասվածքներ:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալների պաշտպանները շարունակաբար պնդում էին, որ մեղքը անհատականացված չէ, յուրաքանչյուր մեղադրյալի մասնակցության աստիճանը ծեծին որոշված չէ։ Այսինքն, նրանց կարծիքով, մեղադրյալների գործողություններում չի եղել միասնական դիտավորություն, բացի այդ, նախաքննության և դատաքննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե մեղադրյալներից ով ում է հարվածել և ինչ ծանրության մարմնական վնասվածք պատճառել։ Տուժողներն ասել են, որ իրենց ծեծի են ենթարկել 15-20 անձինք, նախաքննության մարմինը չի պարզել անհայտ մնացած մյուս 14 անձանց գործողությունները և դրանց հետևանքները։
Իսկ տուժողի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչները՝ փաստաբան Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, համամիտ չեն մեղադրյալներին առաջադրված հոդվածների հետ։ Նրանց համոզմամբ՝ կատարվածը պետք է որակվի Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձնակի դաժանությամբ և խուլիգանական դրդումներով:
Նշենք նաև, որ «Հարսնաքարի» գործով դատավարության գրեթե ավարտին անսպասելի զարգացումներ եղան։ 2013թ. հոկտեմբերի 8-ի դատական նիստը սկսեց ամբաստանյալներից երեքի՝ Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի և Արթուր Բաբլոյանի ցուցմունքներով։
Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ միայն ինքն է հարվածել Վահե Ավետյանին և բոլոր վնասվածքներն իր կողմից են պատճառվել։ Մեղադրյալ Գարիկ Մարգարյանը խոստովանեց, որ ինքն է ծեծի ենթարկել Ավետյանի ընկերոջը՝ տուժող Արտակ Բայադյանին, իսկ Արթուր Բալոյանն իր վրա վերցրեց տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծելու փաստը:
www.hra.am–ին տված հարցազրույցում տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը այս ցուցմունքները որակեց կպարզ հաշվարկ, որն արվել է հանցանքների համակցությամբ նշանակվող պատժի խստությունից խուսափելու համար, որը հնարավոր կդարձնի համաներման կիրառումը։
Սակայն փաստաբանի կանխատեսումը չիրականացավ։ Դատարանը գրեթե նույնությամբ հստատեց մեղադրող դատախազի պահանջը։
Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազը միջնորդել էր գործով մեղադրվող բոլոր վեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը), 113-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), ինչպես նաև՝ 118 հոդվածով (ծեծը) և նշանակել պատիժ ընդհանուր առմամբ 13 տարվա ազատազրկում և 100 հազար դրամ տուգանք:
Հ.Գ. Վճռի հրապարակման ընթացքում մեղադրյալներից մի քանիսի ընտանիքի անդամները սկզբում արտասվում էին, հետո սկսեցին անեծքներ տեղալ դատարանի և տուժող կողմի ներկայացուցիչների հասցեին։ Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը փորձեցին հարձակվել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վրա, ինչը կանխվեց դատական կարգադրիչների և ոստիկանների կողմից։ Հետո նյարդային ցնցումների մեջ ընկավ Գարիկ Մարգարյանի մայրը։ Նա կորցրեց ինքնատիրապետումը, բղավում էր, անիծում ու հայհոյում, փորձում էր հարձակվել մե՛կ տուժողի ներկայացուցիչների, մե՛կ լրագրողների վրա։ Շտապ օգնության ծառայության բժիշկները նրան բուժօգնություն ցույց տվեցին։
Տեսանյութը՝ azatutyun.am-ի։
։
Լուսանկարները՝ hra.am-ի
