Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ

Մայիսի 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը։ 

Գևորգյանը կասկածվում է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը: