ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնի դատարանի շենքի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի առջև կրակոցներ արձակած Հայկ Կ.–ն ձերբակալվել է։ Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ), կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ նիստին մասնակցելու եկած երիտասարդներից մեկը (ոստիկանության տվյալներով՝ Երևանի բնակիչ, 1983թ. ծնված Հայկ Կ.–ն) բարձրացել է տեղում կայանված մեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայի մեջ ռումբ կա։
«Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ատրճանակն առգրավվել է»,– ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված է պատիժ ազատազրկում 4-7 տարի ժամկետով։
