ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
19-ամյա զիվորի մահվան գործով նոր հանգամանքներ են բացահայտվել

Մայիսի 10-ին Իջևանի զորամասերից մեկի մարտական հենակետում գլխին ստացած հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի գործով նոր բացահայտումներ կան։ Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել երկու զինծառայողի՝ վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին և պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանին։
Ըստ ՊՆ քննչական ծառայության հաղորդած տվյալների՝ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել Ներսես Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, ինչպես նաև՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու, ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու ու պաշտոնեական կեղծիքի համար։ Երկու մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
ՊՆ քննչական ծառայությունից հստակեցնում են, որ առաջադրված մեղադրանքները կապ չունեն զինվորի մահվան կամ սպանության հետ, մահվան հանգամանքները պարզելու համար քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ շարքային Ներսես Կարապետյանը գլխին ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, մայիսի 10-ին ժամը 8:50-ի սահմաններում։ Իջևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել էր:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել մարտական ծառայության կանոնները խախտելու հատկանիշներով։ Զինվորի մահվան տարբեր վարկածներ էին շրջանառվում, այդ թվում՝ ինքնասպանություն։
Սակայն դատաբժշկական փորձաքննությունը հերքել է ինքնասպանության վարկածը՝ արձանագրելով, որ կրակոցը հասցվել է այլ անձի կողմից. վնասվածքը եղել է գլխի գագաթային մասում, մոտ 20-25 սանտիմետր հեռավորությունից։
Զինվորի ընտանիքը կասկածներ ունի, որ սպանությունը կապված է զորամասին հատկացված բենիզինի 180 լիտր պակասուրդի հետ։ Ներսեսի մայրը «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ իր տղան զորամասում վարորդ է եղել, և անհետացած բենզինի գումարը փորձել են Ներսեսից պահանջել, ինչին ի պատասխան տղան ասել է, որ ինքը կապ չունի դրա հետ և չի պատրաստվում պատասխանատվություն կրել դրա համար։
Ներսեսը հունիսի սկզբին մի քանի օրով արձակուրդ էր վերցրել և մայիսի 6-ին վերադարձել զորամաս, իսկ երեք օր անց ընտանիքը ստացել է տղայի մահվան լուրը, որը սկզբում փորձել են ներկայացնել որպես ինքնասպանություն։
