Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով դատարան տանելը վիրավորել է նրա արժանապատվությունը

Հունիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով և հողաթափերով դատարան տանելը վիրավորել է նրա արժանապատվությունը: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը:

Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատական նիստին ներկայացնելը վկայում է դատարանի և հասարակության հանդեպ քննիչի անհարգալից վերաբերմունքի և իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին:

Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ Հարությունյանը մտադիր չէ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան, իրենց լիովին բավարարում է դատարանի կողմից Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտման փաստի ճանաչումը:

Հիշեցնենք, որ հայազգի Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է անցած տարվա հուլիսի 13-ին ՌԴ–ում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով, որի արդյունքում զոհվել է 18 մարդ: Նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի հարցը քննելիս Հարությունյանին հիվանդանոցից դատարան էին տեղափոխել կանացի ծաղկավոր խալաթով և հողաթափերով, հոգեպես խիստ ճնշված վիճակում, ինչը վրդովեցրել էր շատերին և որակվել նվաստացուցիչ վերաբերմունք։

Մոտ մեկ տարի է, ինչ Հրաչյա Հարությունյանը կալանավորված էր։ Վերջերս դատարանը որոշեց չերկարաձգել խափանման միջոց կալանքը և ստորագրությամբ բաց թողեց Հարությունյանին։