ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողը ծնկի շրջանում վիրավորում է ստացել հակառակորդի կրակահերթի արդյունքում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիս-օգոստոս ամիսների աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:
