Հակառակորդի հետախուզադիվերսիոն ութ փորձ է կասեցվել, ՊԲ մեկ զինծառայող է զոհվել

Հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել է հետախուզադիվերսիոն գործողությունների ութ փորձ, որոնք ՊԲ ստորաբաժանումները ժամանակին կասեցրել են և հետ շպրտել: 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Սուրեն Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: