ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՊԲ–ն հաշվարկել է ադրբեջանական կողմի կորուստները

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հունվարի 24-ին հրապարակել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին օպերատիվ տվյալներ, որոնց համաձայն՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց:
Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ սեփական կորուստների մասին տեղեկատվություն չհրապարակելու քաղաքականությանը՝ ՊԲ-ն ներկայացնում է իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական կողմի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և մեկ զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մարդատար ավտոմեքենա:
Անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի դիվերսիաների և կրակոցների հետևանքով, ցավոք, կորուստներ է ունեցել նաև Պաշտպանության բանակը:
Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր զինծառայող Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը, վիրավորվել է Հովհաննես Գասպարյանը:
