ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրված ԲՈւՀ–երից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներով անձանց համար

Փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ բարձրագույն կրթության մատչելիության հիմնական խոչընդոտները վեր հանող ուսումնասիրության շնորհանդեսը։
Զեկույցը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից, որն աջակցում է հատուկ կարիքներով մարդկանց: Զեկույցը տրամադրում է համապարփակ վիճակագրական տվյալներ և կենտրոնանում է բարձրագույն կրթության ֆիզիկական և ծրագրային, ինչպես նաև՝ ներառական կրթության առանձնահատկությունների վրա:
«Զեկույցը նորարարական մտածողության լավ օրինակ է: Այն վերլուծում է բարձրագույն կրթության համակարգը հատուկ կարիքներով ուսանողների տեսանկյունից: Զեկույցում ներկայացված առաջարկները և ներդրված ջանքերը դրական քայլեր են՝ Հայաստանում բարձրագույն կրթության լիիրավության բարձրացման ուղղությամբ»,- շնորհանդեսի ժամանակ նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը:
Ըստ զեկույցի՝ ուսումնասիրված 29 բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Բուհերի մեծամասնությունը համարում է, որ բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է երաշխավորված լինի միայն հենաշարժողական խնդիրներ, տեսողության, լսողության, խոսքի կամ ընդհանուր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար՝ բացառությամբ նրանց, ովքեր ունեն մտավոր խնդիրներ: Չկան սահմանված մեխանիզմներ համալսարաններում կրթական գործընթացը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին ադապտացնելու համար: Դա միայն արտահայտվում է դասախոսական կազմի և համակուրսեցիների բարի կամքի դրսևորմամբ՝ օգնելու հաշմանդամ ուսանողների ուսումնական գործընթացը դարձնելհարմարավետ, նշվում է զեկույցում:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց. «Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բուհերի քաղաքականությունը, շենքային պայմանները և ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում ներառականության արդի պահանջներին: Իմ խորին համոզմամբ, մենք պարտավոր ենք փոխել իրավիճակը և աստիճանաբար ապահովել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար պատշաճ կրթություն ստանալու բոլոր պայմանները»։
Հետազոտությունը հիմնված է հաշմանդամություն ունեցող և չունեցող ուսանողների կարծիքների վրա, ինչպես նաև՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական և ակադեմիական անձնակազմի, հաշմանդամություն ունեցող երիտասարդների, ինչպես նաև հանրության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա:
2014թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված հարցման մեջ ընդգրկվել են թվով քսանինը համալսարաններ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Զեկույցի հայերեն տարբերակը հասանելի է այստեղ։
