ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Այս տարի պատրաստ է լինելու պրոբացիայի ծառայության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական բազան». ԱՆ

Փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող օրենսդրական և գործնական քայլերը:
Նախարարը նշել է, որ պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարություն և մանրամասնել է ծառայությանն առնչվող իրավական ակտերի շրջանառության մեջ դնելու ժամկետները: Նա հավելել է, որ պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավվել են շահագրգիռ տարբեր մարմինների ներկայացուցիչներ: Նախարարը ներկայացրել է ծառայության ներդրման հնարավոր ժամկետների, ինչպես նաև փորձնական ծրագրի մեկնարկի վերաբերյալ որոշ մանրամասներ:
Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք հանձնառություններին՝ ԵԽ Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ներկայացուցիչը և փորձագետները տեղեկացրել են, որ ներկայում աշխատանքներ են ընթանում համապատասխան վերապատրաստման ծրագրերի և գործառնական որոշ մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Կողմերը հստակեցրել են միջոցառումների հաջորդականությունը՝ առանձնացնելով համատեղ ձեռնարկվելիք քայլերի բոլոր առաջնահերթությունները:
Հանդիպման ավարտին նախարարն ընդգծել է, որ այս տարի պատրաստ է լինելու պրոբացիայի ծառայության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական բազան՝ հավելելով, որ հետագա աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս սեղմ ժամկետում ստեղծել համակարգը:
