ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այսօր կառավարությունն ավելի ակտիվ է համագործակցում ՀԿ-ների հետ
Եվգենիա Իվանովան իրավաբան է։ Աշխատում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում։ Կազմակերպությունն ակտիվ գործունեություն է իրականացնում քաղաքացիական հասարակության զարգացման, քրեակատարողական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրազեկման, խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման ոլորտներում: 2017-2018 թվականներին Եվգենիա Իվանովան եղել է պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ։
-Եվգենիա, կներկայացնեք Ձեր գործունեությունը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում։
-ՔՀԻ-ում իմ աշխատանքը կապված է Հայաստանում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, արդարադատություն եւ դատական համակարգի բարեփոխման, պրոբացիայի համակարգի խրախուսման, կին եւ անչափահաս ազատազրկվածների վերաինտեգրման, քրեական արդարադատության խթանման, քրեակատարողական համակարգերի բարեփոխման եւ մոնիտորինգի հետ։
-Եղե՞լ են լուրջ խոչընդոտներ Ձեր գործունեության ընթացքում։
-Հաճախ բախվում ենք հասարակության դիմադրությանը. ինչո՞ւ զբաղվել իրավախախտներով, եթե մենք առանց այն էլ շատ ուրիշ խնդիրներ ունենք, ինչո՞ւ աշխատանքի ընդունել նախկին դատաապարտյալի, եթե օրինապահ քաղաքացիներն ապահովված չեն աշխատանքով, ինչո՞ւ բարելավել պայմանները քրեակատարողական հիմնարկներում, եթե մեր մանկատները բարեկարգված չեն եւ այլն: Մենք միշտ պատասխանում ենք, որ օգնելով այդ մարդկանց` մենք քայլ ենք անում դեպի ավելի ապահով հասարակություն, որում քիչ են կրկնահանցագործությունները: Եթե անձը ցանկություն ունի եւ պատրաստ է ուղղվելու, իսկ հասարակությունը նրան մերժում է եւ երկրորդ հնարավորություն չի տալիս, ապա պետք չէ նաեւ զարմանալ, որ վաղ թե ուշ նա նոր հանցագործություն կկատարի: Այսինքն՝ բանտային պատերից հետո անձը բախվում է մեկ այլ` հասարակության կողմից կառուցված քննադատության եւ մերժման անտեսանելի պատի: Հենց այդ պատերի դեմ ենք մենք պայքարում:
Մյուս հիմնական խնդիրը, որին բախվում ենք, քրեաիրավական պրակտիկայում իրապես փոփոխություններ կատարելու եւ այդ նպատակով առկա հնարավորություններն օգտագործելու ցանկության բացակայությունն է: Մենք ունենք բավականին հաջող օրենսդրական հենք, շատ հավակնոտ նպատակներ, սակայն, ըստ էության, փոփոխություններ չեն կատարվում: Բանն այն է, որ օրենք ընդունելը հեշտ է, դժվար է այդ օրենքի կատարման ապահովումը, քանի որ դա ավելի շատ ներդրում է պահանջում՝ թե´ մարդկային եւ թե´ նյութական:
Մենք մշտապես աշխատում ենք համագործակցել պետության հետ եւ նպաստել քրեաիրավական համակարգի քայլ առ քայլ հումանիզացիային: Սակայն մինչեւ վերջերս կառավարությունը չէր օգտագործում հասարակական կազմակերպությունների ամբողջ ներուժը: Կարծում եմ՝ ՀԿ-ներն ի զորու են անել ավելին համակարգի համար: Եվ դա վերաբերում է եւ´ մոնիտորինգին, եւ´ վերականգնողական ծրագրերի մշակմանը, եւ´ կարծրատիպերի դեմ պայքարին ինչպես համակարգի ներսում, այնպես էլ՝ հանրության շրջանում:
-Եթե լինենք անկեղծ, արդարադատության եւ դատական համակարգում մենք բավականին շատ բացթողումներ ունենք, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք, որ իրապես բարեփոխումներ լինեն։
-Դատական համակարգում մեր երկու հիմնական խնդիրները կոռուպցիան է, որն առկա է բոլոր մակարդակներում՝ ոչ միայն դատաիրավական ոլորտում, եւ դատավորների անկախության ոչ բավարար երաշխիքները: Եթե մենք կարողանանք այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ կբացառվի դատավորների նկատմամբ ցանկացած ճնշում, ապա, այո, հնարավոր է: Կրկնվեմ, կարեւոր է այնպիսի երաշխիքներ ստեղծել, որ կառավարությունը չմիջամտի ոչ թե, որովհետեւ չի ցանկանում, այլ որովհետեւ չի կարողանում, չունի նման իրավական լծակներ:
-Ձեր խոսքում նշել էիք, որ ցանկանում եք պրոբացիայի համակարգը խրախուսել, ի՞նչ է դա իրենից ներկայացնում եւ արդյո՞ք հնարավոր է իրականացնել։
-Ընդհանուր առմամբ, պրոբացիան այլընտրանք է ազատազրկմանը քրեական արդարադատության իրականացման տարբեր փուլերում: Փորձաշրջանի ընթացքում իրավախախտում կատարած անձն ազատության մեջ է, սակայն դատարանի եւ հատուկ գործակալության՝ Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո է: Պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվող անձը պետք է պահպանի որոշակի կանոններ եւ պահանջներ, եւ նրա վարքն ուսումնասիրվում եւ գնահատվում է հատուկ վերապատրաստում անցած պրոբացիայի ծառայողների կողմից: Այս սահմանափակումների նպատակն է՝ մի կողմից ապահովել հասարակության/համայնքի անվտանգությունը, մյուս կողմից՝ իրավախախտում կատարած անձին չկտրել իր առօրյա կյանքից եւ հարազատ միջավայրից: Բացի այդ, փորձաշրջանն օգտագործվում է օգնելու հանցագործության համար դատապարտված անձանց հեշտությամբ անցնել հասարակությանը վերաինտեգրվելու փուլը:
Կայացած եւ պահանջարկ ունեցող Պրոբացիայի ծառայության ստեղծումը հիմնավորված է ինչպես բարոյաէթիկական, այնպես էլ՝ զուտ տնտեսական տեսանկյունից: Չնայած որ գործող օրենսդրությունը չի սահմանում, որ պատժի նպատակներից մեկը վերականգնումն է, այնուամենայնիվ, շատ ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաեւ պրոբացիայի վերաբերյալ օրենսդրական նախագծերում նշվում է, որ պատժողական քաղաքականությունից Հայաստանն անցում է կատարում դեպի վերականգնողական արդարադատության, եւ հստակորեն նշվում է, որ վերականգնումը քրեակատարողական համակարգի աշխատանքի կարեւորագույն արդյունքը պիտի լինի: Իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը դիտարկվում է որպես վերականգնողական արդարադատության պարտադիր բաղադրիչ:
Այնուամենայնիվ, կա լայնորեն տարածված կարծիք, որը, ցավոք, հաստատվում է նաեւ պրակտիկայում, մեր քրեակատարողական համակարգը պատժողական է եւ չի նպաստում վերաինտեգրմանը հասարակությանը: Քրեակատարողական հիմնարկների ոչ բարենպաստ պայմանները, ինչպես նաեւ ազատազրկված անձանց հանդեպ եղած նախապաշարմունքները ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում իրավախախտում կատարած անձի վրա: Վերջինս քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ավելի մերժված է համայնքի կողմից, քան մինչ դատապարտվելը: Սա կրկին հանցագործություն կատարելու, հետագա օտարման եւ զայրույթի ավելի բարձր ռիսկ է պարունակում: Բանտային համակարգի բարեփոխումները, որոնք կարող են արդյունավետ պայքարել այս իրականության դեմ, բարդ են, ծախսատար եւ երկարատեւ ջանքեր են պահանջում: Ավելի հեշտ եւ ֆինանսական տեսանկյունից արդյունավետ է հնարավորինս խուսափել ազատազրկումից: Պրոբացիայի մեթոդներն ու հնարավորությունները՝ ժամանակակից տեխնոլոգիաների հետ համակցությամբ, ինչպիսին է, օրինակ, էլեկտրոնային մոնիթորինգը, վերականգնման եւ վերաինտեգրման նպատակն ավելի իրատեսական են դարձնում, համենայն դեպս, ներկայումս կիրառվող ազատազրկման հետ համեմատ:
Կարճ ասած՝ հաջողված պրոբացիայի ծառայությունը.
-կնպաստի ազատազրկման դատապարտված անձանց ավելի լավ վերաինտեգրմանը հասարակության մեջ,
-կկանխի կրկնահանցագործությունը,
-կբեռնաթափի քրեակատարողական հիմնարկները եւ, արդյունքում, կկրճատվեն պետական ծախսերն այս ոլորտում:
-Քրեակատարողական հիմնարկներում անցկացրել եք մշտադիտարկում, որո՞նք են այս ոլորտում ամենամեծ խնդիրները։
-Խնդիրները շատ են: Դա եւ´ պահման պայմաններն են, եւ´ ոչ բավարար բժշկական սպասարկումը, եւ´ կոռուպցիան, եւ´ քրեական ենթամշակույթի կործանող ազդեցությունը, եւ´ ազատությունից զրկված այն անձանց իրավունքների ոտնահարումը, որոնք չեն ընդունում քրեական ենթամշակույթի կանոնները, կամ այդ մշակույթով չեն ընդունվում: Հատուկ պետք է նշեմ դատապարտյալների հետ թիրախային անհատական աշխատանքների բացակայությունը, որոնց նպատակը պետք է լինի իրավախախտի վերականգնումը, այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի անձն ազատվելուց հետո առնվազն ավելի վտանգավոր չլինի, քան մինչեւ ազատազրկումն էր: Իրավախախտների նախապատրաստումն օրինապահ կյանքին արդարադատության կարեւորագույն բաղադրիչն է եւ այն այս պահին ի սպառ բացակայում է մեր երկրում:
-Ազատազրկվածների վերաինտեգրումն ինչպե՞ս է կատարվում եւ արդյո՞ք դժվարությունների հանդիպում եք։
-Մեզ մոտ նման մեխանիզմներ գրեթե չկան: Քրեակատարողական հիմնարկների հոգեբանները եւ սոցաշխատողները փորձում են իրենց ուժերի ու հնարավորությունների ներածին չափով օգնել ազատությունից զրկվածներին փաստաթղթերի կազման հարցում, նրանց հետ զրույցներ են անցկացնում, սակայն լուրջ աշխատանք, ինչպես արդեն նշեցի, չի իրականացվում: Վերաինտեգրման ամբողջ բեռն ընկնում է նախկին ազատազրկվածի ընտանիքի ու իր ուսերին: Աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում, բուժումը, նպաստների, հաշմանդամության ձևակերպումը, հոգեբանական աջակցությունը, այսինքն՝ այն ամենը, ինչի համար ստեղծվում էր Պրոբացիայի ծառայությունը, կա´մ ընդհանրապես բացակայում է, կա´մ գոյություն ունի բացառապես թղթի վրա: Պետությունը չունի ո´չ անհրաժեշտ ռեսուրսներ, ո´չ էլ մշակված ծրագիր բազմակողմանի աջակցության համակարգի ստեղծման, հասարակական կազմակերպությունների ներգրավման եւ նրանց հետ համագործակցության պայմանների մշակման համար:
-Արդյո՞ք պայքարում եք, որ մեկ անգամ հանցանք կատարողը կրկնահանցանք չանի։
-Առաջին քայլն այդ ճանապարհին պետք է լինի յուրաքանչյուր առանձին դեպքում դրդապատճառների գնահատումը, այսինքն հասկանալ, թե ինչն է տվյալ անձին դրդել հանցագործության: Պատճառ կարող են լինել ընկերների կամ ընտանիքի բացասական ազդեցությունը, անապահովությունը, ագրեսիան եւ այլն: Այս բոլոր գործոնները պետք է բացահայտվեն եւ դրվեն շահառուի հետ աշխատանքի կենտրոնում: Դա, առաջին հերթին, Պրոբացիայի ծառայության խնդիրն է: Երբ հանցագործության դրդապատճառը բացահայտված է, անհրաժեշտ է աշխատել ռիսկի այդ գործոնի ազդեցության նվազեցման ուղղությամբ: Ահա այս փուլում արդեն կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն հասարակական կազմակերպությունները` իրենց կողմից առաջարկվող ծառայությունների բազմազանությամբ, որոնց թվում են հոգեբանական եւ իրավական աջակցությունը, աջակցությունն աշխատանքի տեղավորման հարցում, վերապատրաստումը: Մեր կազմակերպությունը, օրինակ, սերտ աշխատում է ինպես Պրոբացիայի, այնպես էլ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ, մենք նաեւ վերհանում ենք օրենսդրության եւ պրակտիկայի բացերը ու փորձում լրացնել դրանք:
-Հեղափոխությունն արդյո՞ք կարող է այս ոլորտում էլ հեղափոխություն անել, իհարկե, լավ առումով։
-Քաղաքական կամքը շատ ուժեղ զենք է: Այսօր կառավարությունը շատ ավելի ակտիվ է համագործակցում հասարակական կազմակերպությունների հետ: Շատ նախաձեռնություններ, որոնք նախկինում անգամ անիմաստ էր քննարկելը, այսօր դարձել են օրակարգային: Օրինակ` ՔՕ նորմի կիրառումը, որը ցմահ դատապարտյալներին որոշակի պայմանների դեպքում պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն է ընձեռում, լուրջ քայլեր են իրականացվում նաեւ քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դերի նվազեցման ուղղությամբ, ընդլայնվում է կալանավորմանն ու ազատազրկմանն այլընտրանքների կիրառումը: Դուք էլ պետք է որ նկատած լինեք, որ դատավորներն ավելի հաճախ են սկսել գրավ կիրառել: Բացի այդ, հուսով ենք, որ կառուպցիայի դեմ հայտարարված պայքարը մեր ոլորտում եւս արդյունքներ կգրանցի եւ այդ ժամանակ, երեւի թե, կկարողանանք ասել, որ հեղափոխությունը տեղի է ունեցել: Մասնավորապես կբացառվի, օրինակ, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հեռախոսների վաճառքը դատապարտյալներին, որոշակի գումարի դիմաց դեղ, ծխախոտ գնելու ծառայությունների տրամադրումը, ռեժիմի խախտման անտեսումը եւ այլն: Նման օրինակները, ցավոք, շատ են. ամեն քայլափոխին ազատությունից զրկված անձը բախվում է կոռուպցիայի դրսևորումներին եւ հաճախ անգամ չի պատկերացնում կյանքն առանց կառուպցիայի:
-Արդարադատության նախարարությունը արդյո՞ք համագործակցում է Ձեր հասարակաան կազմակերպության հետ։
-Այո: Առանց համագործակցության եւ մեր աշխատանքը փակուղի կմտնի եւ նախարարությունը կզրկվի արտաքին ռեսուրսների կարեւոր աղբյուրից, ինչպես մարդկային` մասնագիտական, այնպես էլ նյութական: Ավելին, իրավախախտների վերականգնումը եւ նրանց վերաինտեգրումը համայնքային գործընթաց է, պետությունն առանց աջակցության ուղղակիորեն չի կարող լուծել Հայաստանում վերականգնողական արդարադատության կառուցման հավակնոտ նպատակը: Այդ գործընթացը հնարավոր է գլուխ բերել բացառապես համատեղ ջանքերով:
Զրույցը՝ Շուշան Երանոսյանի