ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրում է խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում

Մայիսի 10–ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրում է խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի վերահսկող մարմնին, որում հատկապես ընդգծել են պետության կողմից թույլ տված երեք բացթողումները' խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի առնչությամբ: Դրանք են՝ խոշտանգուման երևույթի ոչ պատշաճ քրեականացումը, խոշտանգումների կանխարգելման բացակայությունը ոստիկանության բաժանմունքներում կամ քրեկատարողական հիմնարկներում և մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելը: Զեկույցը Կոմիտեին տեղեկություններ է ներկայացնում թե՛ երկրի իրավական համակարգի, թե՛պետական պրակտիկայի վերաբեյալ՝ խոշտանգումների կիրառման կոնկրետ դեպքերով:

Խոշտանգումների քրեականացումը

Նախկինում Խոշտանգումների դեմ կոմիտեն կոչ էր արել օրենսդրական փոփոխություններ իրականացնել' համապատասխանեցնելով խոշտանգման սահմանումը  ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածի սահմանմանը: Սակայն մինչ օրս օրենսդրական ոչ մի փոփոխություն չի կատարվել: Ուստի ՔՀԻ-ն և FIDH-ը կոչ են անում Կոմիտեին պահանջել Հայաստանից փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և համապատասխան օրենսդրության մեջ՝ սահմանելով խոշտանգումը և վատ վերաբերմունքը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Խոշտանգումների կանխարգելման ոչ բավարար միջոցներ

Ներկայումս խոշտանգումների մեծ մասը կիրառում են իրավապահ մարմինները՝ ձերբակալության և հարցաքննության ժամանակ' հիմնականում ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով: FIDH և ՔՀԻ-ն կոչ են անում Կոմիտեին՝ պահանջել դատական համակարգի լիակատար բարեփոխումների իրականացում' ապահովելով պաշտպանի ներգրավումը ամենավաղ փուլերից, հարազատներին տեղեկացնելը, սեփական իրավունքների մասին իրազեկելը, բժշկական զննությունը և այլ պաշտպանության միջոցներ անձին փաստացի արգելանքի տակ վերցնելու առաջին իսկ պահից' անկախ նրա՝ օրենքով սահմանված իրավական կարգավիճակից: Այս երաշխիքները կարևոր նշանակություն ունեն  ոստիկանության բաժանմունքներում գտնվելու ժամանակ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համար:

Ազատազրկում

Ազատազրկման պայմանները Հայաստանում մտահոգության առարկա են հանդիսանում, մասնավորապես անբավարար բժշկական օգնությունը, սննդի անբավարար որակը, ինչպես նաև որոշ քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիրը: Ավելին, գաղտնիության պակասի պատճառով բողոք ներկայացնելու մեխանիզմները բանտերում արդյունավետ չեն գործում,  ինչը սահմանափակում է բողոքներ ներկայացնելու հնարավորությունը:

Անպատժելիություն

Խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների քննության արդյունավետությունը և անկախությունը վտանգված են, քանի որ ոստիկանությունն ինքն է պատասխանատու այդ քննությունների իրականացման համար: Հատուկ քննչական ծառայությունը /ՀՔԾ/ ստեղծվել է 2007թ.-ին: Այն կատարում է  պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների  նախաքննությունը: Սակայն գործնականում դատախազությունը խոշտանգումների վերաբերյալ ոչ բոլոր հայտարարություններն է ուղարկում ՀՔԾ-ին և գործերի մեծ մասը քննվում է ոստիկանության քննիչների կողմից: Արդյունքում, խոշտանգումների վերաբերյալ հաղորդումները քննության են առնվում հենց այն կառույցի կողմից, որտեղ որի մասն են կազմում խոշտանգումներն իրականացրած պատասխանատու անձինք:

Բացի այդ ոստիկանների կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մեծամասնությունը անհայտ են մնում' հաշվեհարդարի վախի պատճառով: Ուստի, Կոմիտեն պետք է պահանջի Հայաստանին միջոցներ ձեռնարկել  խոշտանգումների և դաժան վերաբերմունքի գործերի  անկախ և արդյունավետ քննությունն ապահովելու համար:

Ինչպես նշված է ավելի մանրամասն զեկույցում, Կոմիտեն պետք է կոչ անի Հայաստանի իշխանություններին շտապ քայլեր ձեռնարկել  նշված խնդիրները լուծելու համար, որպես Կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացմանը ուղղված կարևորագույն քայլ:

Կարդացեք զեկույցը՝ 

FIDH - CSI Report (EnglishArmenian)