ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են ՀՀ–ում արդարադատության իրականացմամբ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիր են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում
Հայաստանում արդարադատության իրականացման վերաբերյալ։ Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ նախագահին,
վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին։
FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան
կոմիտեն գնահատել են արդարադատության ոլորտում տեղի ունեցած զարգացումները և կարծում
են, որ էական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա։ Ամփոփագրում նշված են հիմնականում
վեց ոլորտներում առկա թերացումները. դրանք են՝ խոշտանգումներ և վատ վերաբերմունք, քաղաքական
բանտարկյալներ, 2008թ. մարտին տեղի ունեցած բռնությունների քննություն, դատական անկախության
բացակայություն, անչափահասների գործերով արդարադատություն և պայմանական վաղաժամկետ
ազատման համակարգ:
«Արդարադատության իրականացումը ՀՀ–ում» ամփոփագրում կազմակերպությունները
իրավունքների խախտման կոնկրետ օրինակներով ցույց են տալիս առկա խնդիրները և դրանց լուծման
ուղղությամբ համապատասխան առաջարկություններ են անում։
«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում
իրավապահ մարմինների կողմից կամ վերջիններիս հովանու ներքո կատարված հանցագործությունների
անպատժելիության` առաջին հայացքից ավելի ու ավելի տարածվող մշակույթի կապակցությամբ»,–
նշում են FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան
կոմիտեն՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել թե՛ ներպետական օրենսդրությունը և թե՛ պրակտիկան
միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
«Անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք դրսևորել` այս ոլորտում կատարվող
բոլոր չարաշահումների համար պատժելու հարցում` վերջ դնելով իրավունքների ոտնահարման
դեպքում անպատժելիությանը»,– ասված է ամփոփագրում։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համոզված են, որ անկախ
դատական համակարգ ձևավորելու և օրենքի գերակայության ապահովմանն ուղղված քայլերն առանցքային
նշանակություն ունեն Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման առումով։
Ամփոփագրի հայերեն
և անգլերեն
տարբերակները։