ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանները, դատախազները և դատավորները վերապատրաստվեցին
«Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-19-ը կազմակերպվեցին անչափահասների արդարադատության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ դատախազների, փաստաբանների և դատավորների համար:
Դասընթացների հիմնական նպատակն էր ներկայացնել անչափահասների արդարադատության ոլորտում միջազգային համաձայնագրերի պահանջները, ինչպես նաև՝ տարբեր երկրների փորձը:
Դասընթացավար, անչափահասների արդարադատության ոլորտի փորձագետ Մուհամմադ Իմման Ալին վերլուծեց ՀՀ գործող օրենսդրությունը՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխանության տեսանկյունից: Նա ընդգծեց անչափահասների գործերով հնարավոր արտադատական, այլընտրանքային միջոցների կիրառման անհրաժեշտության մասին, որը նաև Երեխայի իրավունքների կոնվենցիայի պահանջ է։ Դրանք են՝ խնամքի կամ խնամակալության հանձնելը, խորհրդատվական և պրոբացիոն ծառայությունները, ուսուցման և մասնագիտական պատրաստության ծրագրերը և այլն։
Դասընթացի մասնակիցները քննարկեցին իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները։ Դրանք վերաբերում էին այնպիսի դեպքերի, երբ, օրինակ, քրեական գործի շրջանակներում մի շարք գործողություններին մասնակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ մի քանի անգամ հարցաքննելը, կարող է բացասական հետևանք թողնել անչափահաս տուժողի հոգեկան վիճակի վրա և այլն: Դասընթացավարը ներկայացրեց այլ երկրների փորձը, որտեղ նման դեպքերում գործով մասնակից անչափահասերի համար առանձին դատաքննություն է իրականացվում, ստեղծվում են հատուկ պայմաններ դատական նիստերի դահլիճներում, նիստերը անց են կացվում միայն դռնփակ, անչափահասների հարցաքննություները հասցվում են անհրաժեշտ նվազագույնի և այլն:
Փորձագետը կարևորեց սոցիալական աշխատողի պարտադիր մասնակցությունը անչափահասների գործերի քննության բոլոր փուլերում, իսկ դատավճռից հետո՝ անչափահաս իրավախախտի ռեսոցիալիզացիան՝ կրկնահանցագործությունը կանխարգելելու նպատակով:
Ակտիվ քննարկումների արդյունքում դասընթացի մասնակիցները համաձայնեցին, որ անչափահասների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է հարկավոր և անհրաժեշտ է ունենալ անչափահասների գործերով մասնագիտացած փաստաբաններ, դատախազներ և դատավորներ:
Վերապատրաստման դասընթացները կազմակերպվել են «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Աննա Մելիքյան