ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ արձագանքը ՀՀ ոստիկանության հրապարակած քննադատական տեսանյութին
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն մարտի 20-ին արձագանքել
է ՀՀ ոստիկանության հրապարակած այն տեսանյութին, որով քննադատվում է կազմակերպության
կողմից վերջերս հրապարակած«ՀՀ–ում անչափահասների
հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների ուսումնասիրությունը»։
Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ։
Քաղաքացիական հասարակության
ինստիտուտն (ՔՀԻ) արձագանքում է ՀՀ ոստիկանության հրապարակած քննադատական նյութին
Երևան, ՀՀ։ Քաղաքացիական
հասարակության ինստիտուտը, ծանոթանալով ս.թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կողմից հրապարակած
տեսանյութին,
այսօր ուղարկել է պատասխան նամակ՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունով։
Վերոհիշյալ տեսանյութում ոստիկանությունը
քննադատորեն անդրադարձել է ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների
ուսումնասիրությանը, որը պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու
իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Միջազգային
բանտային բարեփոխումներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ուսումնասիրությունը
հանրության է ներկայացվել ս.թ. մարտի 13-ին։ Այն բացահայտել է նախաքննության և դատաքննության
փուլերում, ինչպես նաև՝ ազատազրկված անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքեր։
Որպես հետազոտության համահեղինակ, ինստիտուտն
իր նամակում ողջունում է ՀՀ ոստիկանության համագործակցության կոչը և պատրաստակամություն
է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ կառուցվածքային փոփոխություններ բերելու
նպատակով։
Միևնույն ժամանակ, ՔՀԻ–ն շեշտել է, որ խոշտանգումները,
որպես երևույթ, գոյություն ունեն Հայաստանում և դա վերաբերում է թե՛ անչափահասներին,
թե՛ չափահասներին, որոնք առնչվել են ոստիկանության հետ։ Հիմնականում խոշտանգումների
զոհերը մինչև մեղադրանքի առաջադրումը չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ կիրառված վատ
վերաբերմունքի մասին՝ վախենալով, որ իրենց
վիճակը կարող են վատթարացնել: Բազմաթիվ հայտարարություններ լինում են դատական փուլում,
որոնք արվում են տուժողների կողմից: Սակայն դատական մոնիտորինգը ցույց է տալիս, որ
այդ հայտարարությունների հետ կապված օրենքով սահմանված կարգով գործին ընթացք չի տրվում:
Ի պատասխան ոստիկանության խնդրանքին ներկայացնել
կոնկրետ փաստեր, ՔՀԻ–ն նշել է, որ այս ուսումնասիրությունն իրականացվել է անանուն հարցազրույցների
հիման վրա, որոնք անցկացվել են թվով 86 անչափահասների, այդ թվում կալանավորվածների,
դատապարտյալների և ոլորտի մասնագետների հետ (դատավոր, փաստաբան, քննիչ, դատախազ, «Աբովյան»
քրեակատարողական հիմնարկի, Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի, տարբեր հասարակական
կազմակերպությունների աշխատակիցներ)։ Հարցազրույցների անցկացումը նպատակ է ունեցել
բացահայտել երևույթը:
Եվ չնայած այս ուսումնասիրության մեթոդաբանությունը
թույլ չի տալիս բացահայտել տեղեկատվական աղբյուրները, այնուամենայնիվ, ՔՀԻ–ի մեկ այլ
ուսունասիրության՝ Անչափահասների գործերի դատավարությունների դիտարկման ընթացքում վերհանել
է մի շարք խնդիրներ։ ՔՀԻ–ն ՀՀ ոստիկանության ուշադրությանն է ներկայացրել երկու դեպք,
երբ անչափահաս անձինք դատարանում բարձրաձայնում են իրավապահ մարմինների կողմից վատ
վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծի մասին։ Արված հայտարարությունների վերաբերյալ պատշաճ
քննություն չի իրականացվել: Նամակին կից ոստիկանությանը ուղարկվել է այդ երկու գործերի
տվյալները և ձայնագրությունը։
Ուսումնասիրության մեջ տեղ են գտել մի շարք
առաջարկություններ, որոնք ՔՀԻ–ն առաջարկել է քննարկել ՀՀ ոստիկանության համապատասխան
մասնագետների հետ։
Ի դեպ, ուսումնասիրության
բյուջեն ոստիկանության հայտարարության մեջ չափազանցված է գրեթե 200 անգամ:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը երկար տարիներ զբաղվում
է Հայաստանում խոշտանգումների և մարդու իրավունքների խնդիրներով։ Ակտիվ մասնակցություն
է ունեցել ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման
խթանմանը։ Տարիներ շարունակ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը գործել է որպես ՀՀ արդարադատության
նախարարության քրեակատարողական հիմնարկների վերահսկողություն իրականացնող դիտորդական
խմբի նախագահ։ Կազմակերպությունն իր www.hra.am կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն
է տարածում ոլորտում տեղ գտած իրադարձությունների մասին։ ՔՀԻ–ն մասնակցում է ոլորտին
վերաբերող ուսումնասիրությունների և հաշվետվությունների պատրաստմանը։