ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ–ն իրականացրեց Միջազգային քրեական դատարանի գործունեության վերաբերյալ դասընթաց
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն հուլիսի 22–23-ը Երևանում կազմակերպեց երկօրյա դասընթաց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մասին, որին մասնակցեցին հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, իրավաբաններ ու մարդու իրավունքներով զբաղվող ակտիվիստներ:
Դասընթացավարը ՄՔԴ կոալիցիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաել Մեթյուն էր, ով ներկայացրեց դատարանի դերը, ձևավորման պատմությունը, գործառույթները և իրավասության շրջանակները։
ՄՔԴ–ն ստեղծվել է Հռոմի կանոնադրության հիման վրա: Թեման լրացուցիչ արդիականություն է ստանում այն իմաստով, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ներառված է Հռոմի կանոնադրության վավերացման առաջարկը։
Դասընթացի առաջին օրը նվիրված էր ՄՔԴ-ին, Հռոմի կանոնադրության վավերացմանը և կատարման հարցերին, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին:
Դասընթացի երկրորդ օրը վերաբերում էր ՄՔԴ-ի և միջազգային ու տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարաբերություններին, ՄՔԴ-ի հետ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սկզբունքներին:
ՀՀ-ի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման թեմայով զեկույց կարդաց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը:
Դասընթացը կազմակերպվել էր Միջազգային քրեական դատարանի ֆինանսավորմամբ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համագործակցությամբ։