ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՊԿԲ աշխատակիցները ծանոթացան Վրաստանի պրոբացիոն ծառայության փորձին
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ապրիլի 2-3-ը Աղվերանում կազմակերպեց «Պրոբացիոն ծառայության գործունեության առանձնահատկությունները. Վրաստանի Պրոբացիայի ազգային գործակալության փորձը» թեմայով դասընթաց-քննարկում։ Մասնակիցները ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և բաժանմունքների 21 աշխատակիցներ էին (ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ), ովքեր ներգրավված են լինելու այս տարի Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում:
Դասընթացավարը Վրաստանի Պրոբացիոն ազգային գործակալության պետի տեղակալ Թեյմուրազ Մագրաձեն էր, ով ներկայացրեց Վրաստանում պրոբացիայի համակարգը, գործառույթները, ծառայության ստեղծման և գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Նա նաև ներկայացրեց Պրոբացիայի գործակալության աշխատանքների կազմակերպման մանրամասները՝ տվյալների բազայի վարումից մինչև վերականգնողական ծրագրերի իրականացում, ինչպես նաև՝ ներդրվելիք ծրագրերի, այդ թվում՝ էլեկտրոնային մոնիտորինգի և ազատության սահմանափակման հատուկ հիմնարկի (half-way-house) մասին։ Հարցերի և քննարկման միջոցով դասընթացի մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Դասընթացը կազմակերպվել էր «Այլընտրանքային պատիժների կիրառման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կողմից Միջազգային բանտային բարեփոխումներ (Penal Reform International) կազմակերպության և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ։
Հավելենք, որ նույն ծրագրի շրջանակներում 2014թ.-ին կազմակերպվել էր ուսումնական այց դեպի Վրաստան՝ պրոբացիայի փորձի ուսումնասիրման նպատակով, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և ՔԿՎ ԱՊԿԲ աշխատակիցներ։