Եվրադատարանը հրապուրանքի առարկա չէ

Ասում է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը

Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղվող դիմումների թիվը տարեցտարի մեծանում է: Ընդհանրապես, ի՞նչ վերլուծության են   ենթարկվում Հայաստանից Եվրադատարան գնացող դիմումների հոսքը, կայացված որոշումները:

Մենք խոսում ենք մի դատարանի մասին, որտեղ այս պահին դեռ չքննարկված  115 հազար գանգատ կա: Եվրադատարնն ինքը գտնվում է բարեփոխումների փուլում:   Ես  մի քանի անգամ հանդիպել եմ Եվրադատարանի նախագահի  հետ ու ներկայացրել եմ իմ նկատառումները: Դրանց մի մասը գուցե շատերի համար ծայրահեղ ու անսովոր թվա: Բայց մենք չենք կարող շարունակել այսպես իներտ ձևով  մոտենալ այս գանգատներին , իներտ ձևով պահպանել մեր մոտեցումները ու հետևել

Դուք կոնկրետ առաջարկներ ե՞ք արել:

Մեր առաջարկներից մեկն,  օրինակ, հետևյալն էր: Բնակաբնաբար, մենք դեմ չէինք այն մոտեցմանը, որ որոշ դեպքերում գանգատների ընդունելիության հարցը լուծի մեկ դատավոր: Դրան, ինչպես գիտեք, դեմ էր Ռուսատանը, բայց նա էլ փետրվարից իր համաձայնությունը տվեց այդ առաջարկին: Բայց, այստեղ շատ կարևոր խնդիր կա: Մենք չենք կարող սա միանշանակ կիրառել բոլոր դեպքերում և բոլոր պետությունների համար: Չենք կարող անտեսել, որ չափազանց քաղաքականացված միջավայրում ենք ապրում:    Պատկերացրեք ' մեր երկրից գնացած գանգատների 90 տոկոսն ընկնի այն  պետության դատավորի ձեռքը, որն արդեն կանխակալ վերաբերմունք ունի Հայասատանի նկատմամբ: 

Եվրադատարանում Թուրքիայի ներկայացուցիչն, օրինակ,  երբեք իր պետության դեմ չի քվեարկել: Վերջին հաշվով, Եվրադատարանը հարյուրավոր գանգատներ է բավարարել լուրջ հիմքերով: Չի եղել գոնե դրանցից մի գործ, որով այդ դատավորը գտներ, որ իր պետությունը սխալ է գործել: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Դուք չեք գտնի մի գործ, որով Ադրբեջանի դատավորը դեմ քվեարկեր իր պետությանը: Դուք այս իրավիճակին  կարող եք ամեն գնահատկան տալ, բայց սա անհանգստացնող երևույթ է:

 Մյուսը' մենք խոսում ենք դատական փոխհատուցումների մասին, խոսում ենք դատական տուրքի մասին: Վերջինի մասին պատկերացումները, իմ կարծիքով, շատ մակերեսային են: Ի դեպ, մեր  այս նկատառումները ներկայացվել են   տարբեր կառույցների' փաստաբանների պալատին, Վճռաբեկ դատարանին, դատախազությանը: Հատկապես փաստաբաններն են ակտիվ մասնակցություն ունեցել, հետաքրքիր առաջարկություններ էլ եղան, բայց պետք է ասեմ, որ դեռևս որոշ կարծրատիպեր պահպանվում են: Օրինակ, իրենք, կտրականապես դեմ են դատական տուրքին, ասում են, թե դա մարդու իրավունքները կսահմանափակի, մարդիկ եթե վճարունակ չեն, չեն կարողանա դիմել:

Այդպես չէ՞:

Հարգելիներս, մենք մի բան պետք է հասկանանք. եթե մարդն ի վիճակի չէ դատական տուրքը վճարելու, ապա նրա փոխարեն պետք է պետությունը վճարի, այն , ինչ որ արվում է մեր երկրում: Եթե դատական տուրքը ընդհանրապես հիմնավորված չէ, սա խոչընդոտ է, ուրեմն այն պետք է ընդհանրապես վերացնել: Մենք չենք կարող ասել, որ երկրի ներսում դատական տուրքը հիմնավորված է, իսկ միջազգային ատյաններում անհիմն է : Այսպիսի մոտեցումները հեռանկարային չեն:

Դատական վիճակագրությունը փաստում է, որ մինչ այժմ Եվրադատարանը  Հայաստանին վերաբերող  20 վճիռ  է կայացրել , որնցից միայն մեկում է շահել պետությունը, ընդ որում' 20 վճռից 9-ը կայացվել է 2009 թվականին:

Դուք վիճակագրության միայն մի մասն եք նշում: Վիճակագրությունը պետք է ավելի խորը ու համաչափ վերլուծել: Դուք նշում եք միայն կայացված որոշումները, ասում եք պետությունը միայն մեկում է շահել: Ես շահել բառը չեմ ընդունում, որովհետև դատարանում հաղթանակ կամ պարտություն չի լինում: Բայց նկատի ունեցեք, որ գործերի մեծ մասը, հարյուրավոր գանգատներ չեն ընդունվում քննարկման: Սա յուրօրինակ ահազանգ է փաստաբանների ու քաղաքացիների համար, որ Եվրադատարանը հրապուրանքի առարկա չէ:

Ընդհանրապես, որքանով է հիմնավոր , որ դատավորի դատական սխալի համար ֆինանսական պատասխանատվություն կրի  պետությունըհասարակությունը:

Հարցը սերտորեն առնչվում է դատական իշխանության  անկախության հետ: Սա այն դեպքն է, երբ  փայտն ունի երկու ծայր: Մի կողմից'   կարող ենք հստակ պնդել, որ եթե կա  դատական սխալ, ապա անհրաժեշտ է  դրան համարժեք պատասխանատվություն: Բայց  մոռանում ենք, որ այստեղ յուրահատկություն կա, խոսքը  նաև դատավորի անկախության մասին է:

Մենք մի քայլ արեցինք, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից միանշանակ չընկալվեց: Երբ Եվրադատարանը իր վճռով  դատական սխալ էր հայտնաբերում ու  Կոնվենցիայի սխալ կիրառում  արձանագրում, մենք չէինք կարող բարձրացնել դատավորին կարգապահական պատասխանատվույան ենթարկելու հարցը, քանի որ,   ըստ օրենսդրության,  դատական ակտը կայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում էր հնարավոր  կարգապահական պատասխանատվությունը , իսկ Եվրադատարանի վճռից հետո այդ ժամկետն արդեն ավարտված էր լինում:

Մենք որոշեցինք, որ մեկ տարվա ժամկետը պետք է հաշվարկել ոչ թե դատավորի կողմից իր դատական ակտը կայացնելու օրվանից, այլ' Եվրադատարանի կողմից դատական ակտ կայացնելու օրվանից: Դա նշանակում է, որ դատավորը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել  այն սխալի համար, որը թույլ է տվել 4-5 տարի առաջ:  Սա արդեն ընդունված առաջարկ է,  բայց Վենետիկի հանձնաժողովի բոլոր փորձագետներն այս հարցում խիստ վերապահումներ ունեին և չէին ողջունում նման մոտեցումները: Իրենք ասում են, որ յուրաքանչյուր դատական սխալի համար անմիջապես պետք չէ միջոցներ ձեռնարկել,   ոչ միայն ընդհանրապես կարգապահական պատասխանատվության, այլ նաև նյութական պատասխանատվբության ենթարկելու առումով:

Այդուհանդերձ, որքանո՞վ եք ընդունելի համարում, որ դատավորի սխալ վճռի համար ֆինանսական պատասխանատվություն կրի  պետությունընաև հասարակությունը

Դա կարող եք որպես սոցիալական հարց բարձրացնել, իսկ իրավական հիմանվորումները արդեն նշեցի: 

Հարցազրույցը՝ Լուսինե Վասիլյանի