ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ապրիլի 26-ին մեղադրանք է առաջադրվել քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին' պաշտոնական լիազորություններն անցնելու և անզգուշորեն ծանր հետևանք առաջացնելու համար: Աշոտ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Տիկին Սաֆարյան, դատական առաջին նիստում շատ մեծ ընդվզում կար և ձեր, և ձեր պաշտպանյալի հարազատների կողմից, մասնավորապես, Խալաֆյանի մահվան հետ կապված ձեր պաշտպանյալի անմիջական առնչության առումով: Եթե այդ հանգամանքը հիմնավորող փաստեր կան, ապա ներկայացրեք:
Նման մեղադրանք առաջադրելու համար թուլատրելի և վերաբերելի ապացույց կարող է լինել միայն փորձագետի եզրակացությունը' դատահոգեբույժի, դատահոգեբանի և այլն, սակայն հետաքրքիր շտապողականությամբ, ինձ թվում է անգամ նախապես պատրաստի սցենարով Աշոտ Հարությունյանին առաջադրել են 309-ի 3-րդ մասը. պաշտոնական լիազորությունների անցում, որն անզգուշաբար առաջացրել է ծանր հետևանք(նախատեսում է 6 -ից 10 տարի ազատազրկւմ):
Աշոտ Հարությունյանի նկատմամբ տարվել է կանխակալ քննություն, որն արգելք է հանդիսացել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները օբյեկտիվորեն բացահայտելու համար: Նախաքննական մարմինը բաց է թողել այնպիսի կարևոր հանգամանքներ , ինչպիսին դեպքի կատարման բուն նկարագիրն է: Եթե անգամ ընդունենք ամբաստանյալների կողմից տրված դեպքի նկարագիրը և դրանք համադրենք դատաբժշկական եզրակացության հետևությունների հետ, միևնույնն է ինձ համար շատ հանգամանքներ մութ են մնացել: Նույնը Աշոտ Հարությունյանի համար, քանի որ դեպքի կատարման և դրան նախորդող պաերին իմ պաշտպանյալը ոստիկանության բաժնում չի եղել: Թե իրականում ինչ է կատարվել այդ սենյակում ամբաստանյալները պետք է դետալ առ դետալ վերականգնեն, որպեսզի Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների ամբողջական պատկերը վերականգնվի:
Ես իմ պաշտպանյալին մեկուսացված չեմ դիտում այդ հանգամանքների հետ կապված և գործի հանգամանքները բացահայտելու համար նրա ցուցմունքներն էլ եմ կարևորում, քանի որ որոշ դետալներ Աշոտ Հարությունյանը պիտի ասի, ինչը և կարող է ամբողջացնել Վահան Խալաֆյանի հետ տեղի ունեցածի իրական պատկերը:
Մեխանիզմը, որով ի սկզբանե Ինքնասպանություն է որակվել է, ինձ հավատ չի ներշնչում: Եթե Վահան Խալաֆյանն ուզում էր ինքնասպան լիներ, ապա հագուստը չէր բարձրացնի ու նոր խփեր իրեն, միանգամից կխփեր ու ինքնասպան կլիներ: Ինձ համար անընդունելի է այն հանգամանքը, թե իբր Վահան Խալաֆյանը հնարավորություն է ունեցել այդ սենյակում շրջել. պահարանի դուռը բացել, դանակը վերցնել և դա այն դեպքում, երբ նրան հսկել են ոստիկանության երեք աշխատակիցներ: Այնպիսի տպավորություն է, որ Վահան Խալաֆյանն է այդ երեք ոստիկաններին հսկել և ոչ թե ոստիկանները նրան: Նախաքննական մարմինը Վահան Խալաֆյանին հսկող ոստիկաններին հարցեր չի տվել այն մասին, որ երբ Խալաֆյանը տեղաշարժվում էր սենյակում, ով ինչ էր անում: Ասենք, եթե Վահանը պահարանի դուռը բացեց, ով ինչ արեց, երբ դանակը վերցրեց, ինչ արվեց և եթե իսկապես ուզում էին կանխել ինքնասպանությունը, ինչպես ներկայացվում է քրեական գործում, ապա, երբ Վահանը գնում էր դեպի պահարանը, արդեն իսկ պիտի կանխեին: Ակնհայտ է, որ այնտեղ կատարվել է մի բան, որն ինձ համար էլ է մնում չփարատված:
Եթե անգամ ընդունեմ, որ իմ պաշտպանյալն ապտակել է Վահանին, ապա իմ պաշտպանյալի և Վահան Խալաֆյանի ինքնասպանության գործողություններում պատճառահետևանքային կապը, մեղմ ասած, համոզիչ ու հաստատուն չէ: Գոնե դատարանում քննությունը պիտի կատարվի բազմակողմանի, ամբաստանյալներին ուղղված բուն հարցադրումները պետք է վերաբերեն ինչպես պաշտոնական լիազորությունների անցմանն, այնպես էլ Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների բացահայտմանը, որպեսզի պատկերն ամբողջացվի ու իրականությունը բացահայտվի:
Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ ձեր պաշտպանյալը, ինչպես դուք եք պնդում, այդ օրը հիմնականում բացակայել է ոստիկանության բաժանմունքից և անմիջական հսկողը չի եղել, բայց նրան է առաջադրվել ծանր մեղադրանք: Որն է ձեր պաշտպանյալի պատասխանատվությունը և ինչով է առաջնորդվել նախաքննական մարմինը նման մեղադրանք առաջադրելիս:
Կարծում եմ, որ նախաքննական մարմինը Մորիս Հայրապետյանին դրդել է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ տա նման ցուցմունքներ: Նախաքննական մարմինը Մորիս Հայրապետըանին պաշտպանելու խնդիր է ունեցել և օգտվել է վերջինիս ու իմ պաշտպանյալի միջև առկա բարդ հարաբերություններից, ինչի մասին իմ պաշտպանյալը մանրամասն ցուցմունք կտա դատարանում:
Նշեմ, որ Մորիս Հայրապետյանին ապրիլի 23-ին, ավելի վաղ, քան իմ պաշտպանյալին, մեղադրանք է առաջադրվել 309-ի 3-րդ մասի հատկանիշներով և երբ վերջինս ցուցմունքներ է տվել Աշոտ հարությունյանի դեմ, նրա նկատմամբ խափանման միջոցն ու մեղադրանքի որոշումն անմիջապես փոխվել է և նա հայտնվել է ազատության մեջ, ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Իմ պաշտպանյալն այդ ցուցմունքները որակել է որպես սուտ ցուցմունքներ:
Կարծում եմ, իրավապահ համակարգում աշխատելաոճ ու ձեռագիր է դարձել մեկի միջոցով մյուսի դեմ գործ սարքելն ու նրան աղբոտելը: Այդ ցուցմունքներն արժանհավատ չեն ոչ մեկիս համար: Մորիս Հայրապետյանի ցուցմունքները հաստատելու համար նախաքննական մարմինը որպես ապացույց այլ ցուցմունքներ ձեռք չի բերել: Ցավալին այն է, որ եթե ապացուցողական առումով գնահատենք այդ ցուցմունքները, ապա մի բան Մորիս Հայրապետյանն է ասել, մի բան Աշոտ Հարությունյանը, հետաքրքիր է, թե ինչու է նախաքննական մարմինը հավատացել Մորիս հայրապետյանին և ոչ Աշոտ Հարությունյանին: Այսինքն գործով համոզիչ քննություն չի տարվել ամեն ասպեկտով: Եվ այսօր այդ չփարատված կասկածներն ի վնաս իմ պաշտպանյալի է աշխատում:
Այսօր հանրության մեջ ձևավորված է այն համոզմունքը, որ ոստիկանության բաժանմունքներում բռնություն և այլ վատ բաներ են կատարվում, ինչը ես ևս չեմ հերքում: Եթե մենք տասը գործ վերցնենք և այդ ապացույցների թույլատրելիությունը քննարկենք, կտեսնենք, որ դրանք թույլատրելի ճանապարհով չեն վերցվել: Հենց միայն այն փաստը, որ ոստիկանությունը չի կարողացել մի կասկածյալի կյանքը երաշխավորելու համար սենյակ ընտրել, ապա սա արդեն ոստիկանության համար խնդիր է: Եվ երբ ես այդ կապակցությամբ հարց եմ ուղղում ոստիկաններին, որևէ մեկը չի կարողանում ասել, թե ով պետք է այդ միջոցները ձեռնարկեր: Սա արդեն խնդիր է: Ոստիկանական համակարգում փտած իրավիճակ է ստեղծվել: Ոստիկանները անգրագետ են, չգիտեն իրենց պաշտոնական լիազորությունները: Այս մեղադրանքը, որ դրված է իմ պաշտպանյալի վրա ուղիղ հարվածում է ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր Վահան Խալաֆյանին բերել էին ու բերման որոշում պիտի կայացնեին: Փաստացի, այսօր Աշոտ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ Մորիս Հայրապետյանն ու Համլետ Դավթյանը չեն կարողացել բերման որոշում կայացնել:
Եթե իմ պաշտպանյալին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել և համակարգի պատիվն ուզում էր այս ձևով փրկեր, կարծում եմ հակառակն է տեղի ունեցել, համակարգին ընդհանրապես ցեխն է մտցրել այսպիսի մեղադրանք առաջադրելով Աշոտ Հարությունյանին: Այն, որ միայն իմ պաշտպանյալն է թիրախ դարձել, էլի չի խոսում ոստիկանության օրինական գործունեության մասին:
Մորիս Հայրապետյանի խափանման միջոցի փոփոխությունը նախաքննական մարմինը բացատրում է նրանով, որ վերջինս համագործակցել է իրենց հետ և նպաստել է հանցագործության բացահայտմանը: Սա իրո՞ք լուրջ մեխանիզմ է մեր իրավապահ համակարգում:
Մորիս Հայրապետյանի նկատմամբ առաջադրված սկզբնական մեղադրանքը էական լուրջ փոփոխությունների ենթարկվեց: Դա արտահայտվեց իմ պաշտպանյալի դեմ սուտ ցուցմունքներ տալով և գնահատվեց որպես հանցագործության բացահայտմանը նպաստող հանգամանք:
Ըստ Ձեզ, ով պետք է պատասխան տա այդ օրը ոստիկանությունում կատարվածի համար' Աշոտ Հարությունյա՞նը, թե փոխոստիկանապետը, ով դատարանում հայտնեց, որ ինքն է հանձնարարությունները տվել ու հետևել դրանց կատարմանը:
Կարծում եմ բոլորն էլ իրենց մեղքի բաժինն այդ առումով ունեն: Եթե մեկը անփույթ է եղել, ապա մյուսը պետք է լրացներ, բայց կասկածյալին պահելու պրոցեսի առումով, եթե դու մարդուն բերել տեղավորել ես մի սենյակում, ուրեմն դու նրա անվտանգությունը պիտի ապահովես, քանի որ պատասխանատուն դու ես: Ամեն ինչ պիտի արվեր, որպեսզի նման իրավիճակ չստեղծվեր: Եթե հանձնարարությունները Տոնոյանն է տվել, ինքն էլ պատասխանատուն է դրանց հետևելու: Եթե հիշում եք, ես նրան հարց տվեցի, երբ Աշոտը բացակայել է բաժնից, ով է հսկել, նա պատասխանեց, "ամենքն իրենց". Այս պատասխանն ինձ մոտ, առնվազն, տարակուսանք է առաջացնում:
Բացի Աշոտ Հարությունյանից, այնտեղ եղել են ևս երկու պաշտոնատար անձինք' Տոնոյանն ու Հեբոյանը, եթե իմ պաշտպանյալի գործողությունները չէին կարողանում կանխել, գոնե պետք է վերադասը կանխեր: Կամ ներքին խոհանոց գոյություն ունի, քանի վերադասը չի ասում' որոշումներ չեն կանզմվում, կամ մյուս տարբերակը, որն էլի ոստիկանության օգտին չի աշխատում, որ բերման ենթարկվող անձն իր իրավունքներն ու պարտականություններըը չգիտի, թե երբ ինչ է անելու:
Գուցե դատարանում նոր հանգամանքներ ի հայտ գան, ով է վերացրել դանակի վրայի մատնահետքերը, ում մոտ է եղել դանակը, ով է հանել և այլ բազում հարցեր, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը հարցեր չի տվել: Իսկ ինչու այս հարցերի պատասխանները տրված չեն: Եթե անգամ ընդունենք, որ Մորիս Հայրապետյանը ճիշտ ցուցմունքներ է տվել, միևնույն է, համոզիչ հետևություններ չեն արվել: Հենց բուն մահվան հանգամանքների հետ կապված նախաքննական մարմինը ընդհանրապես քննություն չի կատարել: Ես դանակի վրա մատնահետքեերի բացակայության առումով նույն տարակուսանքն ունեմ, ինչը և տարածված է հասարակության մեջ:
Ինչո՞վ եք դա բացատրում: Նախաքննական մարմինը միտումնավո՞ր է դա արել, ինչ որ մեկին փրկելու համար:
Ես հայտարարում եմ, որ, այո, միտումնավոր քննություն չի կատարել մահվան հանգամնքները բացահայտելու ուղղությամբ: Ինչպես կարելի էր ապրիլին նման մեղադրանք առաջադրել իմ պաշտպանյալին, երբ դատաբժշկական փորձաքննության պատասխանը ստացվել է հունիս ամսին: Կամ ինչու են բացառել սպանության վարկածը: Հենց սրանով էլ նրանք փակել են քննության ճանապարհը:
Քննիչի դեպքում դա չի կարող բացատրվել, թե անզգուշաբար է նման քննություն կատարել:
Ըստ էության, տուժողների համար այնքան էլ կարևոր չէ պաշտոնական լիազորությունների անցում եղել է, թե ոչ, կամ բերման որոշումը ժամանակին գրվել է, թե ոչ: Նրանց հետաքրքրում է այն իրավիճակը, որը պատահել է իրենց տղայի հետ: Եթե դու քննությունը նույնիսկ այդ ֆոնով չես տանում, թե ինչպես և ինչու դա տեղի ունեցավ: Դանակով հասցված երկու հարվածները'մեկը 3 սմ, մյուսը 12 սմ, ինչպե՞ս հասցվեց և որը որից հետո հասցվեց, էլ ի՞նչ քննություն կատարելու մասին է խոսքը: Այս հաջորդականության վերաբերյալ ես դատաբժշկից պարզաբանումներ եմ պահանջելու: Ես այս մասին նախաքննական մարմնին միջնորդություններ ներկայացրել եմ, կարևորելով դրանց բացահայտումը: Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների բացահայտումը իմ պաշտպանյալին կհեռացնի այն իրավիճակից, ուր նրան տարել և արհեստականորեն տեղավորել են:
Այսօր այսպիսի քննությամբ հասարակական կարծիք ձևավորելուն ուղղված քարոզչություն է տարվում, քավության նոխազ դարձնելով Աշոտ Հարությունյանին: Բայց ես ունեմ օրինակը, որ հասարակությունը հաճախ կարող է մոլորվել: Երբ Արմեն Պողոսյանին (հանիրավի մեղադրվել է անչափահասին բռնաբարելու մեղադրանքով) մեքենայից դուրս բերեցին, ժողովուրդը հարձակվեց նրա վրա և ուզում էր հոշոտել, սակայն վեց տարի անց միայն պարզվեց, որ նա անմեղ էր: Եվ ես հենց դրա համար չեմ ուզում, որ Աշոտ Հարությունյանը սխալմունքի զոհ լինի, և դատապարտվի սխալի արդյունքում: Կուզենայի, որ լրատվամիջոցներն առողջ հետաքրքրություն ցուցաբերեին բոլոր հանգամանքների վերաբերյալ և այնպես չլիներ, որ հետագայում զղջային:
Հարցազրույցը' Ժաննա Ալեքսանյանի
Lragir.am
