ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խնդիրներ ՀՀ զինված ուժերում

Վերջին ամիսներին հայկական բանակում մահվան հաճախացած դեպքերի եւ հանրության շրջանում առաջացած մտահոգությունների շուրջ է մեր հարցազրույցը իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Տևական ժամանակ է, որ մենք ականատեսն ենք դառնում բանակում մահվան դեպքերի, որոնք կարծես կանգ առնելու միտում չունեն: Վերջին մի քանի ամիսներին դրանց թիվը երկու տասնյակից ավելին է: Տպավորություն է, թե այսպիսի արտակարգ իրավիճակի պայմաններում կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվում:
Նախ ասեմ, որ այս ընթացքում եղել են դեպքեր, որոնց մասին ՊՆ-ն ընդհանրապես չի հրապարակել: Բանակում, ինչպես և մյուս ոլորտներում ճգնաժամային իրավիճակ է, բայց ի տարբերություն մյուսների, այստեղ ճգնաժամն արտահայտվում է զոհերի տեսքով: Դեռ այս ֆոնի վրա բռնությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների մասին տեղեկատվությունը դուրս չի հորդում: Ցավոք սրտի, այդ մասին մենք տեղեկանում ենք, երբ ահազանգում են մահվան դեպքերի մասին:
Համարում եմ, որ զինվորական վերնախավը որևէ մոտիվացիա չունի զինված ուժերում իրավիճակը վերահսկելու և բանակի խնդիրներով զբաղվելու: Սոցիալ-տնտեսական ճգնաժամը հասել է մի վիճակի, որ եթե առաջ, ասենք, 8 ժամ էին զբաղվում բանակի խնդիրներով, հիմա' 1-2 ժամ, որովհետև հիմնականում զբաղված են իրենց բիզնեսով: Ես այլ բացատրություն չունեմ: Էն ժամանակը, որ բարձրագույն հրամանատարական կազմը պիտի տրամադրի բանակի հարցերին, հիմա շատ ավելի քիչ է:
Մյուս խնդիրն այն է, որ կտրուկ մեծացել է կրտսեր սպայակազմի սոցիալական անապահովության վիճակը: Մենք տեսնում ենք, որ ոտնձգություններ կան նաև սպաների նկատմամբ, քանի որ երիտասարդ սպաներից ոչ բոլորն են ներգրավվում կոռուպցիոն համակարգերի մեջ' սպասարկելու համար նրանց պահանջները, և այս առումով դառնում ավելի խոցելի: Այս իրավիճակում զինվորը մնում է անտեր, իսկ երբ զինվորը մնում է անտեր, տեղի է ունենում այն, ինչ որ մենք ունենք այժմ:
Վերջին մի քանի դեպքերի առումով կարող ենք ասել, որ զինվորական կարգապահության միջոցները, որոնք մի ժամանակ օգտագործվում էին իրականությունը կոծկելու, ինֆորմացիային տիրապետելու և վարքագիծը վերահսկելու համար, դրանք այլևս չեն աշխատում:
Այսինքն, Ձեր նշածի համատեքստո՞ւմ եք տեսնում սպանելու, բռնություն գործադրելու ազատությունը:
Անարխիայի աստիճանը, ցավոք սրտի, բավականին մեծացել է, որի դրսևորումները պայմանավորված են հենց սպանությունների թվի աճով: Մյուս կարևոր հանգամանքը գլխավոր շտաբ և ՊՆ հարաբերություններն են. այս երկիշխանության պայմաններում, բանակը տարանջատվում է երկու մասի: Գլխավոր շտաբի պետն, ըստ էության, առանձին ինքնաբավ կառույց է: Ներքին կարգապահության կանոնագրքի օրենսդրության մեջ ընդհանրապես գլխավոր հրամանատարական կազմի մասով պատասխանատվության մասին որևէ խոսք չկար, երբ նախագիծը դրվել էր քննարկման: Այսինքն, մտածողությունն ու վիճակը արտահայտվեց նաև ՊՆ ներկայացրած այս նախագծի մեջ: Գլխավոր շտաբի պետին պատասխանատվության ենթարկելու որևէ մեխանիզմ նախատեսված չէր: Հենց սա է բացահայտում մտածողությունն ու դրվածքը: Նախագծի հեղինակի մտքով էլ չի անցնում նման նորմ գրել, քանի որ գիտակցում է գլխավոր շտաբի պետի հզորությունն ու Պնախարարին չենթարկվելու փաստը:
Բանակում երկիշխանություն է' Պնախարար ու գլխավոր շտաբի պետ: Վերջինս պետք է զբաղվի կարգապահական հարցերով ու զինվորական ծրագրերով, իսկ նախարարությունը բանակի ընդհանուր բարեփոխումներով: Ստացվում է, որ եթե ՊՆ-ն ինչ որ բան ուզենա ձեռնարկել, ապա գլխավոր շտաբը կանգնեցնում է այդ գործընթացը: Այսինքն, ներքին պայքարի հարց կա:
Հաջորդ խնդիրը հետևյալն է. այն բոլոր ուժային կառույցները, որոնք ներգրավվել են քաղաքացիների դեմ ուժի կիրառման պրոցեսին' Ոստիկանություն ու Զինված ուժեր, նրանք արդեն այլասերվում են, քանի որ նրանց արդեն փչացրել են: 2008-ից առաջ էլ կային նման երևույթներ, բայց ներքին ընդվզումները սկսեցին դուրս հորդել մարտի 1-ից հետո: Մարդիկ իրենց զգում են օգտագործված ու անտեր: Նրանց օգտագործեցին իրենց նպատակների համար և անտերության մատնեցին, ինչը, բնականաբար, նպաստում է անարխիայի իրավիճակին:
Ստացվում է, որ ցանկության դեպքում էլ նախարարը չի կարող վերահսկել զինված ուժերում ստեղծված Ձեր նկարագրած աղետալի իրավիճակը:
Միանշանակ, կարելի է այդպիսի հետևություն անել: Նախարարը ստիպված է, ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, հերքել իրականությունը, ասելով. "հնարավոր չէ, որ նման բան լինի", օրինակը հայտնի տեսահոլովակի պատմությունն է: Այսինքն, նախարարը նույնիսկ չի տիրապետում զինված ուժերում տիրող իրավիճակին կամ որպես պատասխան ընտրում է կոծկելու ճանապարհը: Սա շատ թույլ ղեկավարի վարքագիծ է:
Վերջին դեպքերից հետո դուք ունե՞ք տպավորություն, որ նախարարն ուզում է ինչ որ բան փոխել:
Բոլոր դեպքերում, որպես պաշտոնատար անձ այս ամենը'մարդկային զոհերի պատասխանատվությունը, նախարարի վրա է, և այդ պատասխանատվությունն ամեն մի կյանքի համար շատ մեծ է: Նախարարը կուզենար, որ զոհեր չլինեին, բայց մյուս կողմից նա չի կարողանում որևէ բան անել: Իհարկե, եթե ուզենար, այսքանից հետո, կամ պետք է հրաժարական տար, կամ էլ ասեր, որ ուզում եմ կոնկրետ քայլեր կատարել, բայց չի ստացվում, և ես այլևս անելիք չունեմ այստեղ: Բայց եթե ինքը շարունակում է, նշանակում է, որ իր համար կարևորը պաշտոնն է և ոչ թե իրավիճակի փոփոխությունը:
Հուլիսի վերջին տեղի ունեցած մահվան դեպքերի առիթով նախարարը հեռուստատեսային մի միջոցառում կազմակերպեց, որտեղ տվյալ զորամասերի սպայական կազմից ինչ որ մարդկանց հեռացրեց զբաղեցրած պաշտոններից, և որով փաստացի աջակցեց նրանց քրեական պատասխանատվությունից խուսափելու առումով: Դուք դիտավորություն տեսնո՞ւմ եք այստեղ:
Սեյրան Օհանյանը լավ գիտակցում է, որ այդ դեպքերի' սպանությունների հետ կապված պատասխանատվությունն այլ, քրեական պատասխանատվություն է ենթադրում: Կամ նախարարը համոզված է, որ նրանց չի կարողանա քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ իրապես այդ ուժը չունի, կամ վարչական պատիժների միջոցով փորձում է քրեական պատասխանատվությունը մեղմացնել, ինչի արդյունքում կոծկվում է հանցագործությունը:
Հաջորդ խնդիրն այն է, որ բանակում գործում է պրոտեկցիոն մեխանիզմը: Սերժ Սարգսյանը որպես նախկին Պնախարար, ըստ էության, իրենից հետո հերթով եկող նախարարները եղել են ընդամենը անգլիական թագուհու կարգավիճակում: Սերժ Սարգսյանը, ով ՊՆ կառույցում ունեցել է լիարժեք տիրապետություն, չի թողել, որ նոր նախարարները կայանան: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հովանավորել գեներալիտետին, որոնց ինքն է գեներալներ դարձրել, և նրանք էլ իրենց մարդկանց են հովանավորում: Հստակ կարող եմ ասել, որ Զինված ուժերում հովանավորության տակ են ոչ միայն նախարարների կամ նրանց բարեկամների երեխաներ, այլ նաև նրանց սիրուհիների, գեներալների սիրուհիների երեխաներ: Այսպիսի իրավիճակում ինչ կարող է անել Պնախարարը: Գեներալների իրական ղեկավարը Սերժ Սարգսյանն է:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը որպես գերագույն գլխավոր հրամանատար բացարձակապես չանդրադարձավ այն արտառոց իրավիճակին, երբ մի զորամասում 6 զինծառայող սպանվեց կամ դրա շարուակությանը' պարբերաբար կրկնվող դեպքերին:
Դա խոսում է այն մասին, որ ինքն ուղղակի պատասխանատվություն է կրում այդ ամենի համար: Ինքն է նշանակել այդ մարդկանց և այդ մարդկանց համար էլ է պատասխանատու: Բանակը որպես տնտեսական օրգանիզմ, բանակի գեներալիտետը, որը բիզնեսի մեջ է խորացած և նաև որոշակի քաղաքական դերակատարում ունի, հանդիսանում է Սերժ Սարգսյանի հենարանը, ինչը նրա համար ավելի առաջնային է, քան այս մարդկային կյանքերը: Սերժ Սարգսյանը թքած ունի մարդկային կյանքերի վրա: Ավելին, այս ամեն ինչն իր պաշտպանության նախարար լինելու հետևանքներն են, և հիմա մենք քաղում ենք իր ստեղծածի հետևանքները:
Համենայն դեպս, Սեյրան Օհանյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե կատարվածն ու աղմուկ-աղաղակը իրեն մտահոգում է և փորձում է ինչ որ բան անել այդ ուղղությամբ, սակայն զուտ հանցագործությունները բացահայտելու առումով դարձյալ տեսնում ենք, որ ամեն ինչ նույնն է մնում: Օրինակ, Արտակ Նազարյանի քրեական գործը, երբ նախարարն ասում է, թե գործն իր անմիջական հսկողության տակ է գտնվում, սակայն փաստաբանների պնդմամբ հրապարակվում է կեղծված դատաբժշկական եզրակացություն:
Պետք չէ բանակի մեխանիզմը տարանջատել այն կոռուպցիոն մեխանիզմներից, որը գոյություն ունի ամբողջ հանրապետությունում: Կոռուպցիոն սխեմայի մեջ գտնվողները, որոնք սպասարկում են ամբողջ կոռուպցիոն համակարգը, քանի որ մասնակից են, հենց դրանով ապահովում են իրենց անվտանգությունը: Կոռուպցիոն մեխանիզմն իրենց սրբությունն է, որովհետև դա է հիմնական մեխանիզմը:
Այս առումով, նախարարի խոսքերը որևէ հիմք չունեն, դրանք ավելի շատ պոպուլիստական նշանակություն ունեն և հանրային կարծիքի վրա ինչ որ ձևով ազդելու միջոց են: Պնախարարն ուզում է ցույց տալ, որ ինքը կամք ունի հետևելու օրինականությանը: Զինվորականությունն ու սպայակազմը գիտեն, որ անձամբ Սեյրան Օհանյանը ազդեցության որևէ լծակներ չունի համակարգի ներսում:
Տեղի ունեցած սպանություններն ու դեպքերը իրականում ո՞ւմ մտահոգեցին' մի քանի ՀԿ-ների ու լրագրողների: ՊՆ-ի կամ քննչական մարմինների կողմից կամքի որևէ դրսևորում չտեսանք: Ընդհակառակը, ՊՆ-ն ասաց, թե ով որ տեսանյութը տարածել է' նրան պետք է պատասխանատվության ենթարկել: Սա փաստացի ցույց է տալիս, որ նախարարը հանցագործությունը բացահայտելու շահագրգռություն չունի: Բացի գնահատականներից, որ ասաց, ու շոուից, նախարարն իրական որևէ գործողություն չի կատարել:
Բացի ՊՆ-ից, այլ պատասխանատու մարմիններ էլ կան, ԱԺ համապատասխան հանձնաժողով, զինվորական դատախազություն, մարդու իրավունքների պաշտպան, սակայն որևէ մեկը չի անդրադառնում այս լուրջ խնդրին:
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովը պարտավոր էր կազմակերպել լսումներ և գործադիրից հանձինս ՊՆ-ի պահանջեր հաշվետվություն, թե այս գործերի վերաբերյալ ինչ է արվել: Եվ քանի որ խնդիրն արդեն հրապարակայնացվել է, հանրային լսումներ կազմակերպեր:
Կան մեծ թվով մարդկային զոհեր, խախտվել է կյանքի իրավունքը, և այս իրավիճակում օմբուդսմենը պարտավոր էր պահանջել ու հստակ դիրքորոշում ներկայացնել գործադիրին: Նա էլ է առաջնորդվում այն տրամաբանությամբ, թե բանակին չպետք է ձեռք տալ, բայց բանակը կենդանի մարմին է, և այդ մասին պետք է բաց խոսել:
Զինվորական դատախազությունը, որպես վերահսկող մարմին, պարտավոր էր հրապարակային տեղեկատվություն տրամադրել հանրությանը այս մեծաթիվ դեպքերի ու կատարվող նախաքննության վերաբերյալ: Սա արդեն բանակի խնդիր չէ, այլ հանրային հնչեղություն ստացած մարդկանց դեմ ուղղված հանցագործությունների մասին է խոսքը: Ասինքն, զինվորական դատախազությունը գոյություն չունի և որպես վերահսկող մարմին' զրո է: Ստացվում է, որ մենք փող ենք տալիս բանակ ու մարդու իրավունքների պաշտպան, պառլամենտ ու դատախազություն պահելու, և ոչ մի կառույց բացարձակապես չի գործում: Սա նշանակում է, որ Պնախարարը պետք է հրաժարական տա, զինվորական դատախազին պետք է հեռացնել, քանի որ խնդիրը կոնկրետ մարդկանց ճակատագրերին է վերաբերում:
Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակում: Խնդիրն այսօր մտահոգում է բոլորին:
Հիմա նստած խոսում ենք, և ես երաշխիքներ չունեմ, որ այս պահին զոհեր չկան: Վիճակն այնպիսին է, որ այն երաշխիքները, որոնք կկանխարգեին նման դեպքերը, այլևս գոյություն չունեն, և իրար հետևից շարունակվում ու հաջորդում են նորանոր դեպքեր:
Բացի զուտ իրավական ճանապարհներից, որոնց պետք է հետևեն բանակում խաղաղ պայմաններում զոհերի հարազատները, անհրաժեշտ է հանրային միջոցառումներ անցկացնել այս խնդրի վերաբերյալ. պիկետներ, հանրային քննարկումներ, երթեր ու ցույցեր: Հասարակական այն մթնոլորտը, որն առկա է, պետք է ձևակերպել որպես շարժում, պահանջ իշխանության առջև, որպեսզի ձեռնարկվեն միջոցներ: Սա է միջոցը պայքարելու իրենց անգործության դեմ: Զինված ուժերը, որոնք կոչված են ապահովելու մեր անվտանգությունը, ինքը անվտանգ չէ իր ներսում գտնվող մարդկանց կյանքի համար:
Հարցազրույցը' ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
