Ինչպե՞ս ազատվել մաուզերիստներից

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այն անձանցից է, ով հավատում է, որ ՊՆ Սեյրան Օհանյանն իսկապես ցանկանում է շտկել բանակում տիրող իրավիճակը, սակայն փաստն այն է, որ մեր բանակում շարունակվում են մահվան ելքով ողբերգական դեպքերը: Դեկտեմբերի 31-ին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի արդյունքում այսօր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել է 20-ամյա Տարոն Ենգիբարյանը: Այս առիթով այսօր «Ա1+»-ը զրուցեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

- Եթե մենք ընդունում ենք, որ ՊՆ-ն, ի տարբերություն նախորդ տարիների, իսկապես ցանկանում է կարգ ու կանոն հաստատել բանակում, սակայն չի կարողանում, դա նշանակում է, որ հիվանդությունը շատ ավելի խորն է: Այն դրվածքը, որ կար բանակում նախկինում, որ հրամանատարներն ամենակարող են, դեռ գործում է: Շատ հրամանատարներ չեն հաշտվում Պաշտպանության նախարարի այն հայտարարության հետ, թե բանակում պետք է կարգ ու կանոն լինի: Բանակում դեռ գործում է այն դրվածքը, որ հրամանատարները զինվորներին կարող են օգտագործել ինչպես և որտեղ ցանկանում են' գյուղատնտեսական, անտառահատման աշխատանքներում և այլն:

- Որքան գնում է տեսարանները դառնում են ավելի զարհուրելի ու դաժան: Սա ուղղված է նախարարի դե՞մ:

- Ես ասացի, որ պատճառը բանակում տիրող անպատժելի մթնոլորտն է: Մենք գիտենք չէ՞ Էջմիածին քաղաքում ահ ու սարսափ տարածքող գեներալների մասին:

- Մեզ անընդհատ ասում են, որ նրանք այն նույն գեներալներն են, ում շնորհիվ մենք հաղթել են պատերազմում և նրանցից հենց այնպես չի կարելի ազատվել:

- Ես չեմ ասում, որ այդ գեներալներին չպետք է հարգել: Պետք է ընդունել նրանց ավանդը, պարգևատրել իրենց հերոսությունների համար, բարձր թոշակ նշանակել ու այդքանով բավարարվել, բայց ոչ իշխանություն տրամադրել նրանց: Մեզ մոտ գեներալական այդ սինդրոմը հիշեցնում է 1918-20թթ. մաուզերիստներին: Այն ժամանակ էլ մաուզերիստները մեծ ամագ ունեին, բայց ամբողջ Հայաստանը ասպատակում էին: Այսօր նույն վիճակն է: Ամենակարևոր խնդիրն է, որ ողբերգական դեպքերի նախաքննությունն օբյեկտիվ լինի և մեղավորները պատժվեն և ամենակարևորը' հասարակությունը և առաջին հերթին զոհերի հարազատները համոզված լինեն, որ իրական մեղավորները պատժվել են:

- Մենք ունենք բանակում խաղաղ պայմաններում զոհվածների հարազատներ, որոնք տարիներ շարունակ պայքարում են, սակայն արդյունքի չեն հասել:

- Ես հենց նկատի ունեմ նրանց, որոնց հետ ես էլ եմ աշխատում: Ինչ վերաբերում է Տավուշի զորամասում տեղի ունեցած դեպքին, ապա բնական է, որ հրամանատարին պետք է աշխատանքից հեռացնել, սակայն կարևորն այն է, որ մեղավորներին արժանի պատիժ տան:

- Դուք մեղադրո՞ւմ ենք այն երիտասարդներին, որոնք չեն ցանկանում ծառայել բանակում: Ձեր կարծիքով նրանք հայրենասերներ չեն:

- Ես որևէ մեկին չեմ մեղադրում, չեմ ուզում որևէ մեկին գնահատական տալ: Ցավոք սրտի, խուսափում են այն մարդիկ, այն պաշտոնյանների երեխաները, ում պատճառով նման դեպքերը լինում են: Ժողովուրդը միշտ դժգոհում է, խոսում է, սակայն նրանց երեխաների շնորհիվ է մեր բանակը կայացել: Իրականում հենց զոհվածների հարազատներն իրենց պայքարով են մեր բանակը ցանկանում տեսնել կայացած ու հզոր:

- Նման ողբերգական դեպքերն ինչպե՞ս են ազդում մեր հասարակության վրա:

- Ամենացավալին հենց այդ դեպքերի ազդեցությունն է հասարակության վրա: Մարդիկ վախենում են իրենց երեխաներին բանակ ուղարկել: Մենք վերջերս YouTube-ում տեսանք, թե ինչպես կարող է հրամանատարը նվաստացել զինվորներին: Ես պատկերացնում եմ այդ զինվորների վիճակը:

- Դուք հավատո՞ւմ եք, որ Սեյրան Օհանյանին կհաջողվի շտկել բանակում տիրող իրավիճակը, իսկապես կարգ ու կանոն հաստատել:

- Ցանկություն կա, փորձենք հավատալ, որ նա, իսկապես փորձում է դա անել, և եթե աջակցության կարիք կա, մենք բոլորս պետք է նրան աջակցենք:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը

Աղբյուր՝ http://www.a1plus.am