ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանները, հանցագործությունը բացահայտելու համար անձին խոշտանգելով, ավելի մեծ հանցանք են գործում. Արման Դանիելյան

Հարցազրույց ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի հետ
Չնայած օրենսդրական բացարձակ արգելքին, մարդկանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումներ իրականացվել: Եւ սովորաբար այն պաշտոնատար անձանց կողմից, ովքեր կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները։ Խնդրում եմ ամփոփ ներկայացնեք՝ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում այս առումով։ Խոշտանգումներն ո՞ւմ կողմից են իրականացվում, որտե՞ղ և ի՞նչ դրսևորումներ ունեն։
Առավել տարածված են խոշտանգումները ՀՀ ոստիկանական համակարգում, որի հիմնական նպատակն է ինքնախոստովանական ցուցմունքների կորզումը: Վերջին տարիներին գրանցվում են դեպքեր, երբ բիրտ մեթոդներ են կիրառում նույնիսկ վկաների նկատմամբ, ինչը շատ մտահոգիչ է:
Խոշտանգման առաջին պատճառներից է այն, որ մեր ոստիկանների մեծ մասը չունեն համապատասխան մասնագիտական պատրաստվածություն: Չեն կարողանում գործ բացահայտել շերլոկհոլմսյան մեթոդներով` մտածելով, փաստեր հավաքելով, վերլուծելով: Ամենատարածված մեթոդը, որ կիրառում են` ինչ-որ կերպ իմանալ որ մեկը հանցագործություն է կատարել կամ մեկին կասկածել հանցագործություն կատարելու մեջ, նրան խոշտանգել, որ խոստովանի ու ինքնախոստովանական ցուցմունքով գործն ուղարկել դատարան: Այսպիսի գործունեության համար խթան է հանդիսանում նաև ոստիկանի աշխատանքի գնահատումը ըստ վիճակագրության՝ հանցագործությունների բացահայտման քանակի։ Այս պարագայում շերլոկհոլմսերը զիճում են «անբարոյական» մեթոդների սիրահար ոստիկաններին: Քանի որ եթե առաջիններին անհրաժեշտ է բավական ժամանակ ծախսել և ուղեղն աշխատեցնել պարզելու համար իրական հանցագործին, վերջինները խոշտանգելով ստանում են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Շատ դեպքերում նույնիսկ անմեղ մարդկանցից են կորզում ինքնախոստովանականներ և ապահովում հանցագործության բացահայտման բարձր տոկոսներ, ինչն էլ անդրադառնում է պաշտոնական դիրքի հետագա առաջխաղացման վրա:
Ոստիկանները, հանցագործությունը բացահայտելու համար անձին խոշտանգելով, ավելի մեծ հանցանք են գործում:
Իսկ խոշտանգման դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ունե՞ք:
Վիճակագրություն ընդհանրապես հնարավոր չէ գտնել Հայաստանում։ Բացի այն, որ դեպքերի մեծամասնությունը հայտնի չի դառնում, հայտնի դառնալու դեպքում էլ համապատասխան քննություն չի կատարվում. կա խնդիր Քրեական օրենսգրքում խոշտանգման հոդվածի ոչ հստակ ձևակերպման հետ կապված: ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված «խոշտանգում» եզրույթը չի համապատասխանում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայում սահմանված խոշտանգման նկարագրին: Եթե ինչ-որ մեկը մեկ ուրիշին կտտանքների է ենթարկում, մեր օրենսդրությամբ դա դիտվում է խոշտանգում, որը չի համընկնում խոշտանգման էության հետ: Իրականում խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից կամ նրա իմացությամբ կատարվող գործողությունն է, որի միջոցով որևէ անձի հասցվում է ֆիզիկական կամ հոգեբանական ցավ' նրանից ցուցմունքներ կամ տեղեկություններ կորզելու նպատակով:
Մեզ մոտ ոստիկանները դատապարտվում են ոչ թե խոշտանգման հանցակազմի հատկանիշներով, այլ' Քրեական օրենսգրքի 375 հոդվածով' իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն կամ 309 հոդվածով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, ինչպես տեղի ունեցավ Վահան Խալաֆյանի գործով: Արդյունքում դժվար է նույնիսկ բացահայտված ու պատժված խոշտանգողների քանակը հաշվել:
Դուք և այլ ՀԿ ներկայացուցիչներ բազմիցս բարձրաձայնել եք Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդրի մասին։ Արդյո՞ք դա կարելի է համարել խոշտանգում և ի՞նչպես պետք է լուծվի գերբնակեցման հարցը։
Դա խոշտանգում չէ, բայց կարող է համարվել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը սահմանված է Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայով:
Խոշտանգման երևույթն ավելի հաճախ ո՞ր երկրներում է հանդիպում:
Ընդհանրապես, խոշտանգումների պրակտիկան սերտ կապ ունի տվյալ երկրի պատմական անցյալի հետ: Օրինակ' մեր տարածաշրջանում մեծ հետք է թողել ստալինյան ժամանակաշրջանը, ու մինչ օրս աշխատում է այն տարիների գլխավոր դատախազ Վիշինսկու ասածը, թե' «Ինքնախոստովանությունը ապացույցների թագուհին է»: Այսինքն' եթե մարդ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, ուրիշ ոչ մի ապացույց պետք չէ, միայն դա բավական է նրան դատապարտելու համար: Մինչ օրս դա աշխատում է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում:
Ընդ որում, հետաքրքիր է, որ, օրինակ, մերձբալթյան երկրները, որոնք 30-ականներին խորհրդային միության կազմում չէին, շատ հեշտ հետ կանգնեցին խոշտանգումների պրակտիկայից և այնտեղ, կարելի է ասել ոստիկանությունում խոշտանգումներ գրեթե չեն կիրառվում:
Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ի՞նչ պետք է անել:
Խոշտանգումը, ցավոք սրտի, այնպիսի երևույթ է, որ մի օրում դժվար է հաղթահարել: Դրա համար պետք է սկսել հիմքից:
Առաջինը' պետք է կրթել ոստիկաններին: Դա շատ մեծ աշխատանք է, ու չեմ կարծում, որ այսօրվա գործող ոստիկանների մեծ մասը կկարողանան վերաորակավորվել: Պետք է ոստիկանության ակադեմիան լիովին վերափոխի իր ուսումնական մեթոդները:
Երկրորդ խնդիրը' պետք է դատական համակարգի ուշադրությունը բևեռել խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններին, որպեսզի ցանկացած կասկածի դեպքում շատ լուրջ քննություն անցկացվի' արդյո՞ք ցուցմունքները տրվել են խոշտանգումների արդյունքում, թե՝ ոչ: Նույնը վերաբերում է նաև դատախազությանը: Ներկայումս նույնիսկ այն դեպքերում, երբ մարդը դատարանում ասում է' «ես խոշտանգումների արդյունքում եմ տվել իմ ինքնախոստովանական ցուցմունքը» և այլ ցուցմունք է տալիս, դատարանը հաշվի է առնում հին' ինքնախոստովանական ցուցմունքը ու նոր ցուցմունքները չի ընդունում:
Լինում են դեպքեր, երբ դատարանը հաշվի է առնում խոշտանգման մասին հայտարարությունը, սակայն դատախազությունը բավարար լրջությամբ չի մոտենում այդ գործերի քննությանը:
Քաղաքացիական հասարակությունը նույնպես անելիքներ ունի այս հարցում ու պետք է ակտիվ վերահսկողական ֆունկցիա ունենա: Խոշտանգումների կանխարգելման հիմնական մեթոդներից է համակարգի թափանցիկությունը, այսինքն' ոստիկանը միշտ պետք է իմանա, որ ցանկացած պահի իր դուռը կարող է ինչ-որ մեկը բացել, մտնել ու տեսնել' ինչ է այնտեղ կատարվում:
Իսկ մեր ոստիկանական համակարգը որքանո՞վ է թափանցիկ:
Բացարձակապես թափանցիկ չէ: Սա մեր հիմնական խնդիրներից է:Երբ որ ստեղծվեց ոստիկանության՝ ձերբակալվածների պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, նրանց թույլատրեցին այցելել միայն ձերբակալվածների պահելու վայրեր' խցեր, իսկ մուտքը աշխատասենյակներ, որտեղ կատարվում են բուն խոշտանգումները, մինչև օրս արգելված է:
Հուսով ենք, երբ ՄԱԿ-ի Խոշտանգումների կոնվենցիայի կամընտիր արձանագրության հիման վրա ստեղծված ազգային կանխարգելման մեխանիզմը սկսի լիարժեք գործել, այդ բացը հնարավոր կլինի շտկել:
Հարցազրույցը' Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am
