ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գալիս խոսում են, որ սրտները չպայթի անարդարությունից

Հարցազրույց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ
Մարդու ո՞ր իրավունքներն են հիմնականում խախտվում Շիրակի մարզում, հատկապես՝ Գյումրիում։
Գյումրիում հայտնի և արդեն աչքի չընկնող է կյանքի իրավունքի խախտումը, որին կարծես թե բոլորը վարժվել են։ 23 տարուց ավելի է մոտ 6000 ընտանիք անօթևան են, այսինքն՝ ապրում են այնպիսի տներում, որոնց կյանքն ընդամենը 2 տարի պետք է լիներ։ Արդյունքում ձեռք են բերում զանազան հիվանդություններ։ Սա մի փաստ է, որին անդրադարձել է անգամ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը։
Հաջորդ ամենակոպիտ խախտվող իրավունքն աշխատանքի իրավունքն է, քանի որ ամենաբարձր գործազրկությունը և աղքատությունը Շիրակի մարզում է. անցած 20 տարիների ընթացքում մենք այդ դիրքը զիջում ենք միայն Գեղարքունիքի մարզին։ Նաև կուզեի անդրադառնալ արդարադատության իրավունքի խախտվելուն,ինչպես նաև անհատական մակարդակով տեղաշարժվելու իրավունքի խախտումներին, ինչպես եղավ վրացական պետահամարանիշերով ավտոմեքենաների ցույցի դեպքում, երբ ոստիկանները չթողեցին վարորդներին Գյումրիից գնալ Վանաձոր։ Տարածված է խոսքի ազատության սահմանափակումը, որն ակնհայտ դարձավ «Գալա» հեռուստաընկերության գործունեությունը խոչընդոտելիս։
Առաջնահերթ խնդիրներից մեկը բնակարանաշինության դանդաղ ընթացքն է ու մարդկանց անօթևան դառնալու հեռանկարը. Ձեր կարծիքով որո՞նք են իշխանական մարմինների բացթողումներն այս բնագավառում։
Առաջին մեղքը պատկանում է ՀՀ կառավարության թիվ 432 որոշմանը, որով որոշվեց մարդկանց վերադարձնել այնպիսի ծավալի բնակարան, ինչպիսին իրենք կորցրել էին՝ առանց հաշվի առնելու ժամանակային գործոնը։ Իսկ սա նշանակում է , որ մարդիկ ովքեր ունեցել են 2 սենյակ ու ընտանիքում 4 երեխա, այժմ վերածվել են առանձին 4 ընտանիքների, և իրենք այդ որոշման համաձայն մինչև օրս պիտի ստանան ու ստանում են 2 սենյակ։ Իսկ եթե ընտանիքի անդամների թիվը պակասել է սենյակների թիվը պակասեցնում են։ Հաջորդ անիմաստ որոշումներից եմ համարում նաև 2010թ. կայացված այն որոշումը, որով մի քանի սենյակներ իրար միացվեցին ու բնակարանների թիվը կրճատվեց. արդյունքում ևս 300 ընտանիքի տուն ստանալու գործընթացը հետաձգվեց։
Գյումրեցիների կարծիքով՝ Գյումրիից հաճախ են զինծառայությանը ոչ պիտանի երիտասարդների զորակոչում. հանդիպե՞լ եք արդյոք նման դեպքերի։
Մի քանի տարի առաջ նման մի դեպք կար, երբ այդ երիտասարդն ուներ ծնկների վնասվածք, բայց նրան տարել էին ծառայության։ Դատաբժշկական հանձնաժողովը մի քանի եզրակացություն էր տվել, որ իրեն պետք է ոչ շարային ծառայության ուղարկեն ու պլաստիկ վիրահատություն անեն, բայց տարել էին սահման՝ որպես պահակային։ Հետո հասկացել էին, որ հիմարություն են արել, երբ տղայի առողջական վիճակն ավելի էր վատթարացել։ Մեր բողոքներից հետո մի քանի անգամ հոսպիտալ պառկեցրին։ Ծառայության վերջին տարին նա անցկացրեց Երևանի զինվորական հոսպիտալում, բայց ամենաքիչը 5000դոլար արժեցող վիրահատությունն այդպես էլ չարվեց։
Օրական քանի՞ հոգի է գալիս «Ասպարեզ» ակումբ և հիմնականում ի՞նչ հարցերով։
12 տարի արդեն գործում ենք ու մշտապես մարդկանց ելումուտ է եղել։ Եղել է, որ օրական 50-60 հոգի է եկել, այժմ՝ 10-20 հոգի է օրական գալիս։
Վերջերս Բենիամինի համայնքապետն ասուլիս տվեց մեզ մոտ. նա բողոքում էր նախկին համայնքապետերի գործունեությունից, ովքեր 1991-1992 թթ թալանել են գյուղը։ Այն օրը մի մարդ էր եկել, ում 4 անգամ ձերբակալել են թմրադեղ օգտագործելու համար, բայց վերջին անգամ անիմաստ են դատապարտել։ 2009թ. դատավոր Հարություն Մովսիսյանը՝ Ատի մականունով, կալանքի որոշման մեջ գրել է, որ նա թմրանյութերը հավաքել և օգտագործել է 2009թ. հուլիսին, բայց այդ մարդն ունի տեղեկանք, որ բանտից դուրս է եկել 2009թ. սեպտեմբերի 10-ին։ Ստացվում է այս մարդը բանտում նստած ժամանակ մարիխուանա է հավաքել ու օգտագործել։ Նա դատի ժամանակ բարձրաձայնել է այս մասին, բայց ուշադրություն չեն դարձրել։ Ոստիկանները հարմարացրել են ժամկետներն ամռան հետ, քանի որ մարիխուանան այստեղ ամռանն է աճում, բայց չեն նայել, որ այդ մարդն այդ ժամանակահատվածում բանտում է եղել։
Դե մարդիկ հասարակական կազմակերպություններին ու իրավապաշտպաններին դիմում են միայն ամենավերջում, երբ արդեն փաստաբան են վարձել, բարեկամներ են փնտրել իշխանական կառույցներում, կաշառք են տվել ոստիկանությանը, դատախազությանը։ Գալիս խոսում են, որ գոնե սրտները չպայթի անարդարությունից։
Հարցազրույցը՝ Կարինե Իոնեսյանի
Գյումրի
Աղբյուրը՝ www.hra.am
