«Երբեք ուշ չէ համակարգից հեռացնել բոլոր նրանց, ովքեր բանակը դարձրել են սեփական հարստացման աղբյուր». Լ.Ալավերդյան

Վերջերս բանակում գրանցված սպանությունների և կասկածելի մահերի մասին շատ է խոսվում։ Կարծիք կա, որ բանակում մահերի թիվն ավելացել է, չնայած հակառակն է պնդում Պաշտպանության նախարարությունը։

Այս թեմայով զրուցեցինք Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ:

Ձեր կարծիքով՝ մահվան դեպքերը ավելացե՞լ են, թե ավելի շատ ենք սկսել խոսել, բարձրաձայնել դրանց մասին։

Մենք բանակ ենք մտել որպես հասարակական կազմակերպություն («Ընդդեմ իրավական կամայականության»), հետո՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, հետագայում՝ որպես պատգամավոր։ Իմ աչքերի առաջ են տեղի ունեցել այն բոլոր դրական փոփոխությունները, որոնց մասին խոսում են պաշտոնատար անձինք։ Ես անձամբ կասկածի տակ չեմ դնում ո՛չ վիճակագրությունը, պայմանների բարելավումը, բանակի կարգապահությունը և այլն, ո՛չ էլ իրավունք ունեմ:

Խնդիրը հետևյալն է՝ հասարակությունը օրեցօր ավելի ուշադիր է լինում այն դեպքերի և այն երևույթների նկատմամբ, որոնք տեղի են ունենում բանակում; Ես չեմ կիսում այն կարծիքը, որ հիմա ավելի շատ են զբաղվում այդ խնդրով, ուղղակի հիմա ավելի լսելի է և ալիքի նման մի բան է բարձրացել։ Այդ նույն ալիքը (և ավելի հզոր) եղել է հանձինս որոշ ՀԿ-ների սկսած 1995-96 թթ-ից, երբ անմիջապես պատերազմից հետո մենք մեր ուշադրությունը սևեռեցինք բանակում տիրող իրավիճակի վրա, այլ ոչ թե պատերազմի հետևանքով առաջացած այս կամ այն երևույթների։ Այդ ժամանակների համեմատ, անշուշտ, փոփոխություններ եղել են, նաև վիճակագրության մեջ, բայց այնպիսի երևույթներ, ինչպիսիք են դաժան վերաբերմունքը, անպատժելիությունը, համաչափ պատժի սկզբունքի չկիրառումը և թափանցիկության չապահովումը, ընդ որում՝ այն թափանցիկության, որը հարիր է բանակին, զարգացում չեն ապրել՝ հասարակության զարգացմանը համապատասխան։ Գուցե բացվել են գաղտնի պահված, բայց իրականում ոչ գաղտնի որոշ տվյալներ կամ երևույթներ, տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, բայց նորից եմ կրկնում, անգամ մեկ դեպքը, որի մասին հասարակությունը և ծնողները ոչ ժամանակին և ոչ պատշաճ ձևով են իրազեկվում՝ լինի դա մահ, խեղում կամ այլ դժբախտ դեպք, պետք է դառնա բանակ-հասարակություն բաց և շիտակ քննարկման առարկա։

Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ-ին կից  երկու հասարակական խորհուրդների աշխատանքը։

Ամենածանր տպավորությունը թողնում է հետևյալը. այդ խորհուրդների հաշվետվողականության ի սպառ բացակայությունն անում է իր սև գործը:

Բանակին առընթեր գործում են երկու հասարակական խմբեր, ինչը շատ դրական է. ոչ բոլոր նախկին խորհրդային պետություններն ունեն այսպիսի խորհուրդներ: ՊՆ-ին կից հասարակական խորհուրդներից մեկը տեղում անում է շատ դրական գործեր՝ հայտնաբերելով այս կամ այն դեպքը, դրանց լուծում տալով: Բայց այդ բոլորը մնում է հաշվետվողականությունից դուրս, այդ պատճառով է, որ հասարակությունը պատշաճ ձևով չի իրազեկվում, թե ինչ է անում խորհուրդը: Իմանում են միայն այն մարդիկ և այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված են այդ խորհրդում:

Երբ մամուլն անդրադառնում է բանակում կատարված սպանություններին, քննադատություն է հնչում, որ պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Ձեր մոտեցումն այս հարցին ինչպիսի՞ն է։

Ինչքան էլ ծանր լինի, բայց էլի հասկանալի է թշնամուց կամ հակառակորդից ստացած մահը: Բայց շատ ավելի ծանր է և ընկալելի չէ, թե ինչո՞ւ պետք է պետության պատասխանատվությանը հանձնված մի անձ մահանա պետության ներկայացուցչի կողմից: Պետք է ասեմ, որ ինչքան նրբանկատություն է պահանջում բանակում տեղի ունեցող իրադարձություններին հնչեղությունը տալը, այդքան էլ օրինականություն է պահանջում:

Քաղաքացիական վերահսկողությունն ուժային կառույցների հանդեպ մեզ մոտ շատ հեռու է նույնիսկ այն միջին մակարդակից, որը գոյություն ունի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում: Մենք կա՛մ պետք է խոստովանենք, որ չենք համապատասխանում այդ պահանջներին, կա՛մ պետք  է ձգտենք և հասնենք այդ մակարդակին: Մանավանդ որ մենք ունենք դրական փորձ՝ քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգային խմբի ստեղծումը օրենքով, որը և՛ հաշվետվողականությունն է ապահովում, և՛ նրբանկատություն կա, կանոնակարգված հարաբերություններ, դիրքորոշումն արտահայտելու ձև: Երբ որ խոսքը գնում է բանակի մասին, քաղաքացիական վերահսկողությունը պետք է լինի, այո՛, սիրով, բայց շատ ավելի սիստեմատիկ և արդյունավետ: Մենք խոսում ենք արդյունավետ վերահսկողության մասին, այլ ոչ թե լայն, ինտենսիվ:

Կառավարության նիստերի օրերին, բողոքի ակցիաներ են լինում՝ սպանված զինվորների մայրերի մասնակցությամբ։ Նրանք ամիսներ շարունակ պահանջում են պատժել իրական հանցագործներին և բացահայտել գործերը։ Խոստումներ լինում են, բայց բողոքողների թիվը կարծես աճում է։

Անշուշտ, մեծացել է պատժվող սպաների թիվը, որովհետև ամենածանր արձագանքը, և ճիշտ է, որ դա այդպես է, հասարակությունը միշտ ունենում է այն ժամանակ, երբ որ սպայական անձնակազմից որևէ մեկն է պատճառ դառնում մահացությամբ ավարտվող դեպքերի։ Այստեղ ես ինքս միշտ կասկած ունեմ, թե սպային հանեցի՞ն, արդյոք նա՞ է, ով գործել է այդ սխալը, թե՞ պատժվում են նրանք, ովքեր ընդհանրապես կարող է կապ չունենան հանցանքի հետ։

Շատ անգամ հասարակական կարծիքի վրա ազդում են ոչ այնքան փաստերը, որքան նրանց ընկալումը: Իսկ ընկալումը մեծապես կախված է թե՛ փաստերից, թե՛ պատկան մարմինների կարողությունից պատշաճ ներկայացնել դրանք, համաչափ պատժելիության սկզբունք կիրառել, համոզիչ ձևով ցույց տալ, որ պատժվել է հենց այն  անձը, խումբը, որն իրականում հանցանքը գործել է:

Այն անվստահությունը, որը հասարակությունն ունի դեպի դատական  համակարգը, այդ թվում՝ դատախազությունը, զինվորական դատախազությունը, էլի անում են իրենց գործը: Հասարակության համար կասկածելի է մնում՝ բոլոր գործընթացները՝ սկսած նախաքննությունից, արդյո՞ք տեղի են ունեցել ըստ օրենքի, առանց իրավունքների ոտնահարման: Այ սա՛ է, որ առաջացնում է այդպիսի ալիք:

Եթե կա իրազեկության պակաս, միշտ կասկածների տեղիք է տալիս, դա որպես անօրինականության աղբյուր է ընկալվում հասարակության կողմից: Իշխանությունը պետք է պատրաստ լինի գնալ երևույթի փոփոխության հետևից, այլ ոչ թե առանձին դեպքերի շտկում: Համակարգային փոփոխություն է պետք: Ցանկացած այսպիսի իրավիճակի համար իշխանությունն է կրում պատասխանատվություն, հակառակ պարագայում, եթե ինքը հրաժարվում է այդպիսի գլխավոր դերակատարությունից, նշանակում է ինքն ուղղակի արձանագրում է իր անօգնական լինելն այդ վիճակում: Կարևորագույն դեր այս իրավիճակում միշտ ունենալու է իշխանությունը:

Որո՞նք պետք է լինեն կառավարության արագ արձագանքման քայլերը բանակում իրադրությունը կտրուկ շտկելու ուղղությամբ։

Նախևառաջ, առանց զղջումի պետք է հեռացնել համակարգից ոչ միայն հանցագործությունների անմիջական պատասխանատուներին, այլ նաև նրանց ղեկավարությանը, ովքեր տարբեր ձևերով քողարկում են մեզ համար անընդունելի երևույթները:

Իմ գնահատմամբ՝ Պաշտպանության նախարարությունում կա խնդիր անմիջապես նախարարից հետո կանգնած շերտի՝ սպայական կազմի վերանայման: Մենք հստակ պետք է հասկանանք, որ եթե տարիներ շարունակ բարձրաստիճան սպան մնում է իր տեղում, իսկ բացասական երևույթները շարունակվում են, այս պարագայում եթե դու որևէ սպայի նկատմամբ կիրառում ես պատժելիության սկզբունք, դա այլևս չի ընկալվում որպես երևույթի դեմ պայքար:

Շատ անգամ են ասում, որ Հայաստանը գրեթե պատերազմական վիճակում է: Ուրեմն, ես կոռուպցիան կդիտարկեի որպես զինվորական ծանրագույն հանցագործություն և պատժելիության սկզբունքը կկիրառեի պատերազմական վիճակին հարիր. մեկնաբանությոնները թողնում եմ իրենց: Հակառակ պարագայում ես չեմ հավատա որևէ դրական խոստման կամ լայնածավալ ծրագրի, որն ուղղված է մեր բանակում համակարգային փոփոխություններին:

Հասարակությունը ոչ միայն պետք է պահանջատեր լինի, նա պետք  է հնարավորինս ընդգրկված լինի բանակաշինության գործում: Վերջ պետք է տանք խաբելուն: Որևէ պատճառ չկա քողարկելու այն փաստը, որ վերջին տարիներին սկսել են զորակոչել նրանց, ում մինչ այդ չէին զորակոչում: Ես ձեռքիս տակ շատ փաստեր ունեմ, օրինակ՝ աչքերի լուրջ խնդիր ունեցող տղայի զորակոչը երկու անգամ հետաձգել են, երրորդ անգամ տարել են բանակ, երբ չպետք է տանեին: Եվ խնդիրը չծառայելը չէ, զինվորը մեծ ոգևորությամբ ուզում է ծառայել , բայց իմ և ծնողների մտահոգությունն այն է, որ նա կարող է կուրանալ: Մենք գիտենք, որ խեղված վիճակում վերադառնում են բանակից մարդիկ: Ես շատ քիչ գիտեմ, երբ փոխհատուցում է տրվել տուժած կողմին, երբ համապատասխան ձևով պատժվել է պատասխանատու անձը: Մենք պետք է համակարգային ձևով տանք այս խնդիրների լուծումը, և երբևիցե ուշ չէ համակարգից հեռացնելու բոլոր նրանց, ովքեր բանակը դարձրել են սեփական հարստացման աղբյուր: Միայն դրանով չէ, որ նրանք վնասում են իմ երկրին, այլ նրանով, որ քայքայում են ժողովրդի հավատը և սերը դեպի բանակը:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am