«Մեր գերխնդիրն է ստեղծել ժողովրդավար պետություն, որտեղ քաղաքացին է երկրի տերը». Պ.Հայրիկյան

Որպես «Անխակություն' հանրաքվեի ճանապարհով» շարժման կազմակերպիչ և առաջնորդ՝ ինչպե՞ս եք գնահատում անկախ Հայաստանի անցած 20 տարիները: Այն ակնկալիքները, որ ունեիք մինչև անկախացումը, արդյոք արդարացա՞ն:

Մեր ժողովրդի թշնամիներն ամեն ինչ արեցին, որպեսզի անկախ Հայաստանի քաղաքական դրության տերը դառնան մարդիկ, ովքեր կապ չունեն անկախության գաղափարի հետ, անկախության երազի հետ, անկախության նպատակի հետ ընդհանրապես։ Իհարկե, անկախության ձգտում էինք, որովհետեւ ազգի բնականոն ապրելակերպն է, բայց մեզ համար անկախությունը հատկապես կարևոր է նաև մի շարք ազգային խնդիրներ լուծելու համար։ Ցավոք սրտի, այսօր պիտի արձանագրենք, որ Հայաստանը ազատ չէ: Եվ դրա համար ես, բան ու գործ թողած, հրաժարվելով շատ նպատակներից, ժամանակին՝ 1998թ. ստանձնեցի սահմանադրական բարեփոխումների գործը. ոչ միայն ստանձնեցի, այլ՝ նախապատրաստեցի հասարակությանը։ Ոչ ոք այդ ժամանակ այդպիսի խնդիր չէր դրել օրակարգում: «Ազգային ինքնորոշում միավորումն» էր ասում միայն, որ պետք են սահմանադրական բարեփոխումներ: Դրանից առաջ ասում էինք՝ պետք է Սահմանադրություն, բայց շատ խայտառակ Սահմանադրություն ստեղծվեց։ Այդ բոլոր փոփոխությունների հիմքում ընկած էր մի բան՝ ընդլայնել մարդու իրավունքները և Հայաստանը դարձնել ժողովրդավարական երկիր: Ցավոք սրտի, բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնել չկարողացա, որովհետև ես դրության տերը չէի։ Ամեն դեպքում, այդ փոփոխությունները ինչ-որ չափով բարելավեցին մեր վիճակը, բայց Հայաստանը դեռևս դեմոկրատական չէ։

Ամենակարևոր բանն այն է, որ  մեր վերջին մի քանի 100 տարիների ընթացքում միակ դեպքն էր, երբ մարդկանց մի խումբ ծրագրում է ազգի համար որոշակի քայլերի համակարգ, նպատակ է կանխանշում և հասնում է այդ նպատակին։ Կոմունիստներն ասում էին՝ համաշխարհային հեղափոխություն, որի պատճառով ահագին մարդ զոհեցին և սուտ դուրս եկավ։ Դաշնակցականներն ասում էին՝ Արևմտյան Հայաստանի ինքնավարություն՝ ավարտվեց ցեղասպանությամբ, հնչակները կամ դրանից առաջ արմենականներն ասում էին, որ մեկ թագավորություն պիտի վերականգնենք կամ արևմտյան Հայաստանը Եվրոպայի աջակցությամբ պիտի միավորվի՝  չիրականացավ։ Նույնիսկ մեզնից անկախ ստացանք անկախություն 1918-20թթ և կորցրինք։ Իսկ հիմա մենք փաստի առաջ ենք կանգնած. 1973թ հայ մարդկանց մի խումբ՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ ասում է «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով», գնում է զոհողությունների, ծրագիր է մշակում ազգի համար և այսօր այդ ծրագրի իրականացման 20-ամյակն են նշում։ Շատ միջակություններ ուզում են լավը երևալ, դրա համար այն, ինչն ազգի համար իսկապես արժեքավոր է, աշխատում են կոծկել։ Բայց դա կարևոր չէ, կարևորը, որ մենք կարողացանք ինչ-որ բան պարտադրել նրանց, ովքեր դրա մասին չէին էլ երազում։    

Ու հիմա կրկին ամեն տեսակի առարկայական ու հրատապ թվացող գործեր մի կողմ թողնելով՝ իմ այսօրվա ամենակարևոր գործն եմ համարում կատարյալ ժողովրդավարության համակարգի ստեղծումը, որը տեսականորեն ստեղծել եմ թե՛ համամասնական և մեծամասնական ընտրական համակարգեր ունեցող պետությունների համար, թե՛ միատարր, թե՛ ֆեդերալ դաշնային պետոթյան մոդելի համար: Այս մոդելը կիրառելով՝  Հայաստանը դառնում  է աշխարհի ամենաժողովրդավար երկիրը: Շատ պարզ բան է, բայց մեկը պետք է կիրառի, որ մյուսները տեսնեն, թե ինչ է իսկական դեմոկրատիան:

Ժողովրդավարության ի՞նչ մոդել եք առաջարկում:

Իմ հեղինակած՝ կատարյալ ժողովրդավարության մոդելը նոր է, բայց հին սկզբունքենրի հիման վրա: Առանցքում մարդկանց իրավահավասարության սկզբունքն է, և ամենակարևորն այստեղ այն է, որ այդ իրավահավասարությամբ մարդիկ պետք է ապահովված լինեն ոչ միայն ընտրության օրերին, այլ՝ ամբողջ իրենց կյանքի ընթացքում։ Ամենից առաջ այստեղ խոսքը վերաբերում է երկրի կառավարմանը մասնակցելու հարցում քաղաքացիների իրավահավասարությանը, որովհետև որքան էլ ասենք, որ բոլոր իրավունքները կարևոր են, բայց մենք հասկանում ենք, որ մարդկանց ճակատագրում կարևոր են քաղաքական իրավունքները, որովհետև քաղաքական իրավունքերի իրականացումով և իրավիճակի տերը դառնալով՝ մարդիկ կարողանում են իրացնել մյուս իրավունքները՝ առողջապահական, աշխատանքային, հանգստի և այլ։ Բոլոր հարցերը կախված են նրանից, թե օրվա իշխանությունն ինչ դիրքորոշում ունի։

Հայաստանի այսօրվա գերագույն խնդիրն ազատ Հայաստանի ստեղծումն է, այսինքն՝ դարձնել մի երկիր, որտեղ մարդիկ իրենց և՛ ազատ զգան, և՛ երկրի տերը զգան: Այսօր Հայաստանից հեռանալու իմաստով մարդիկ իրենց ազատ են զգում, բայց երկիրն իրենց սեփականությունը համարելու իմաստով վիճակը մխիթարական չէ, որովհետև քաղաքացիները չեն զգում, որ իշխանություններն իրենցից կախված են: Իսկ իմ առաջարկած համակարգն այնպիսին է, որ փուլ առ փուլ քաղաքական գործիչներն ընդհանրապես դառնում են երկրորդական դեմքեր և քաղաքացին զգում է, որ, օրինակ, պառլամենտ անցած պատգամավորն ընդամենն իր միջնորդն է:

Իմ առաջարկը միայն Հայաստանին  չի վերաբերում։ Իմ նախաձեռնությունը ավարտվելու է նրանով, որ ողջ աշխարհը պիտի ունենա Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիր, ինչպես կա Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր։ Ես բավական մեղմ ճանապարհով եմ գնում այդ ունիվերսալ պետության մոդելին հասնելու համար՝ ամեն ժողովրդի թողնելով իր հայեցողությանը, բայց ոչ այնպես, որ որևէ մեկն ասի՝ մենք էլ ունենք ժողովրդավարության մեր մոդելը։ Այդ համակարգը կբերի նրան, որ աշխարհը մի օր կունենա Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիր՝ նաև ինչ-որ տեղ համապարտադիր։  Այդպես մարդկությունը կփրկվի տարբեր արկածախնդիրների պարտադրանքներից, որոնց հիմքում ընկած է մի ձևակերպում՝ մենք էլ ունենք մեր դեմոկրատիան։

Մարդկանց՝ իրենց  իրավունքների իրացման առումով ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում հիմա։

Ընդհանրապես, աշխարհի բոլոր երկրներում էլ մարդու իրավունքների մակարդակից դժգոհություն կա և դա բնական է, օրինաչափ, որովհետև այլապես առաջընթաց չէր լինի: Եթե համեմատելու լինենք խորհրդային ժամանակահատվածի հետ, մենք, իհարկե, թռիչքային առաջընթաց ենք արձանագրել: Բայց չարժի, որ մենք հիմա՝ անկախության վերականգնումից 20 տարի հետո, համեմատվենք խորհրդային ժամանակների հետ:

Հայաստանն իր օրենքներով փորձում է մերձենալ Եվրոպային, ստանձնել է նաև որոշակի պարտավորութուններ: Այդ տեսակետից մենք, կարծես թե, համակարգային խնդիրներ չունենք ընդհանուր մարդու իրավունքների ոլորտի հետ կապված՝ բացի ժողովրդավարությունից, որտեղ իսկապես համակարգային փոփոխություններ են պետք:

Ինչ վերաբերում է կյանքի մյուս ոլորտներին... Հայաստանում մի կողմից  կա խոսքի ազատություն, մյուս կողմից մենք գիտենք, որ խոսքի ազատությունն ընդհանրապես կաշկանդված է օլիգարխների ունեցած ֆինանսական առավելությամբ։ Կամ Հայաստանում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը և պետական պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր լինելով գործարար կամ բիզնեսմեն, իրավունք չունեին նման պաշտոն զբաղեցնել, նրանք ամբողջությամբ պետք է ծառայեին  պետությանը, ժողովրդին. արդեն սա խախտում է։ Այդ խախտումն իր հետևից բերում է այլ խախտումներ, այսինքն՝ սերտաճում են իրար հետ ունեցվածքի տեր մարդիկ և պետական համակարգը։ Մենք կարող ենք բողոքել, որ Հայաստանը ոչ շատ հեռավոր ժամանակներում նաև քաղկալանավորներ ուներ, որն արդեն ինքնին փաստում է, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում լավ չէ։

Հայաստանն ունի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն, որը լավ աշխատանքի դեպքում կարող էր զգալի գործոն դառնալ մեր երկրում։ Ես չեմ ուզում նսեմացնել որևէ մեկի աշխատանքը, բայց ասեմ, որ այսօր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքն ամենանկատելին չէ, մինչդեռ դա պիտի ամենանկատելին լիներ։

Մարդու իրավունքների ոլորտում բավականին մեծ դեր ունի ժողովրդի կողմից ֆինանսավորվող պետական այդ հաստատությունը, որը, ճիշտ է նաև, որոշակի բնագավառներում պիտի կարողանա միջնորդի դեր կատարել իշխանության և քաղաքացու միջև, բայց լավ կլիներ, որ մենք զգայինք, որ այդ հաստատությունն ամենուր է և մարդիկ իսկապես ունեն պաշտպան, որից վախենում են իշխանութունները։ Իրենց գործն էլ հեշտ չէ, որովհետև իրենք պետք է որպես աջակից ունենային ազատ մամուլը։ Բայց մեր մամուլը ոչ այնքան ազատ է, որքան իրար դեմ տրամադրված, համեմատաբար ազդեցիկ մամուլի մի մասը պայքարում է իշխանությունների դեմ, բայց ազդեցիկ չեն, իսկ մյուս մասը՝ հսկայական քանակություն, մանավանդ՝ էլեկտրոնային միջոցները կետրոնացած են իշխանական կառույցներին աջակցելու խնդրի վրա։

Ողբերգական չեմ համարի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ծայրաստիճան վատ չեմ համարի, պարզապես այն բոլոր քայլերը, որոնք կարող են նպաստել մարդկանց իրավունքների ընդլայնմանը, այդ քայլերը պիտի արագ արվեն և դրանցից կարևորագույնը ես համարում եմ քաղաքացու՝ երկրի տեր դառնալու, դառնալուն, ոչ թե՝ զգալուն, ուղղված քայլերը, փոփոխությունները և այսօր ես իմ բոլոր ուժերը կետրոնացրել եմ այդ ուղղությամբ.   

Այս 20 տարիների ընթացքում  արդյոք ձևավորվե՞լ է քաղաքացիական հասարակություն, որն ունակ է ազդելու պետության վրա որոշումների կայացման հարցում։

Ազդելու, իհարկե, ունակ է, օրինակ՝ ազդելու միջոց է ցույցը, դու կարող ես ցույց անել, բայց թե որքանով դա ազդեցություն կունենա կախված է նրանից, թե ո՞ւմ դեմ ես անում և ինչպիսի՞ տրամադրվածություն ունի նա։ Մինչդեռ քաղաքացիական հասարակությունը պետք է  դրության տերը դառնա, այսինքն՝ պիտի ոչ միայն ազդի, այլ նաև՝ փոխի։ Դրա համար պետք է ունենանք իսկապես կատարյալ ընտրական համակարգ, նորից գալիս, հասնում ենք նույն խնդրին։ Միայն հասարակական կազմակերպությունները, ոչ կառավարական կազմակերպությունները չէ, որ պիտի կայացնեն քաղաքացիական հասարակությունը, այլ նաև կուսակցությունները՝ բոլորն իրար հետ, բոլորը պետք է ազդեցիկ գործոններ լինեն։.

Իրականում, իշխանությունների ձևավորման հարցում ժողովուրդը քիչ բան որոշեց։ Համեմատաբար ընտրությանը մոտ է եղել 1998թ.-ի ընտրությունները և միակ ընտրությունն է, որի ընթացքում բողոք չի եղել.

Այսօր որ համբակին հարցնես, ասում է, որ 1990թ. կամ 1991թ.-ի ընտրություններն արդար էին. հեքիաթ է, այդպիսի բան չկա, այդ ընտրություններից ոչ մեկը ընտրության տարր իրենց մեջ չեն պարունակել.

Քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորագույն նախապայմանն այն է, որ քաղաքացիները զգան, որ իրենք արժեք են ներկայացնում և ոչ միայն զգան, այլ՝ իրապես արժեք ներկայացնեն։ Դրա համար նրանք պետք է ներգրավված լինեն նաև համապետական գործերի մեջ։ Սա պահանջում է և՛ ավանդույթներ, որ ունեն եվրոպական երկրները, որոնք չունեն կատարյալ ժողովրդավար ընտրական համակարգեր, բայց ավանդույթները նպաստում են որ համակարգի անկատարությունը չնկատվի։ Այն երկրներում, որտեղ չկան և՛ ավանդույթներ, և՛ կատարյալ համակարգ, նրանց մոտ քաղաքացիական հասարակությունը չի ձևավորվի։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am