«Հաշմանդամ մարդը նպաստով չի կարող ապրել»

Հարցազրույց «Ֆորտե» գիտամշակութային ՀԿ նախագահ Նորայր Աղասյանի հետ

Ինչպե՞ս ստեղծվեց «Ֆորտե» հասարակական կազմակերպությունը, և ի՞նչ նպատակներ եք դրել ձեր առջև:

Կազմակերպությունը ստեղծեցի 2009թ., երբ ծանոթացա շատ մարդկանց հետ, ովքեր ֆիզիկական խնդիրներ ունեին և զգացի, որ պետք է միասին փորձենք ինչ-որ նպատակներ դնել մեր առջև և աշխատել դրանց վրա: Կազմակերպությունն ավելի շատ մշակութային ուղղվածություն ունի: Ես անձամբ երաժիշտ եմ, կոմպոզիտոր եմ, ավարտել եմ Կոնսերվատորիան: Մեր բոլոր անդամները երաժշտական կրթություն ունեն, մի քանի հոգի են, որ չեն ավարտել, բայց բոլորն էլ լավ կատարողներ են:

Ներկայումս կազմակերպությունն ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:

Մեզ մոտ ստեղծել ենք ձայնագրման ստուդիա և նաև սեմինարներ ենք կազմակերպում հաշմանդամ մարդկանց համար: Աշխատում ենք ամենաառաջնային խնդիրների լուծման ուղղությամբ մտածել: Ամենաառաջնային խնդիրn աշխատանքի խնդիրն է, և աշխատանք չգտնելու պատճառներից մեկն էլ համակարգչի և օտար լեզվի իմացության պակասն է: Առանց այդ էլ աշխատանք գտնելը դժվար է, մանավանդ' հաշմանդամ մարդուն: Դրա համար կազմակերպեցինք համակարգչի և լեզվի ուսուցում, հետո նաև՝ ազգագրական պարերի դասընթացներ:

Ապագայում աշխատելու ենք մեր երաժիշտներին առաջ տանել: Նախատեսում ենք  ստուդիայում մեր ձայներիզները թողարկել և համերգներով մեր ազգային երգ-երաժշտությունը ներկայացնել, մեր ազգային արժեքները պահպանել:

Իսկ ունե՞ք ծրագրեր, որոնք ինչ-ինչ խնդիրների պատճառով չեք կարողանում իրագործել:

Մենք հիմնականում կենտրոնանում ենք այնպիսի ծրագրերի վրա, որոնք կարող ենք անել: Եվ հիմնականում ինչ-որ ծրագրել ենք, կարողացել ենք անել: Բայց նպատակ ունեմ Հայաստանից դուրս տարբեր երկրներում մեծ համերգներ կազմակերպել, որը ծախսերի հետ է կապված: Դրա համար էլ հիմա այդքան չեմ կենտրոնանում դրա վրա:

Մեզ մոտ հիմնականում բարձրագույն ավարտած երաժիշտներ են, լավ կատարողներ են, ովքեր շատ հանգիստ կարող են հայ մշակույթը Հայաստանից դուրս ներկայացնել: Իսկ առայժմ փորձում եմ այստեղ աշխատել, ավելի կարևոր խնդիրներ լուծել հաշմանդամների համար:

«Ֆորտե» ՀԿ անդամների մասնակցությամբ երկու համերգ եք արդեն ունեցել Հայաստանում: Ի՞նչ արձագանք ունեցան դրանք:

Առաջին համերգը եղավ 2010թ. դեկտեմբերին՝ Նարեկացի արվեստի կենտրոնում, շատ լավ արձագանք եղավ, դահլիճը լիքն էր, երաժիշտները մեր կազմակերպության անդամներն էին: Համերգը բազմաժանր էր. եղան և՛ դասական, և՛ ժողովրդական, և՛ էստրադային կատարումներ: Մյուս համերգը 2011թ. մայիսին էր, Ավանի մշակույթի տանը, գրեթե նույն ծրագրով համերգ էր, բայց ավելի մեծ դահլիճում: Կարծում եմ՝ մյուս համերգը պետք է էլ ավելի մեծ դահլիճում անենք:

Դուք կենտրոնացել եք հաշմանդամների՝ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի վրա: Էլ ի՞նչ խնդիրների հետ են բախվում հաշմանդամները:  

Առաջինն աշխատանքի խնդիրն է, որովհետև մարդ առաջինը պիտի գոյատևի, որ հետո մտածի իր երկրի համար ինչ-որ բան անելու մասին: Մեր երկրում այնքան ցածր են նպաստները, որ հաշմանդամ մարդը չի կարող դրանով գոյատևել, եթե չաշխատի կամ իրեն պահող չունենա: Հացի խնդիրն է առաջնայինը, և հաշմանդամների մոտ 80 տոկոսն այդ խնդիրն ունի:

Բայց մի բան կա,պետք է նախ հասկանալ այդ մարդը հենց ինքն ուզո՞ւմ է աշխատել, թե՞ հարմարվել է, որ չպիտի աշխատի, որովհետև չի կարող աշխատել ու չի էլ ուզում աշխատել. այդպիսի դեպքեր էլ են լինում: Պետք է այդպիսի մարդկանց ոգևորել, օրինակներ ցույց տալ: Հիմա ավելի քիչ են, բայց դեռ կան մարդիկ, ովքեր խուսափում են տնից դուրս գալ՝ ամաչում են կամ կաշկանդվում են: Վերջին մի քանի տարիների ընթացքում բավական փոփոխություններ կան: Մեր կազմակերպություն հաճախողների 30-40 տոկոսը նույնպես առաջ տնից դուրս չէր գալիս: Մենք լուծել ենք տրանսպորտային խնդիրը, և շաբաթը երկու անգամ մեր անդամները գալիս են մեզ մոտ: Դա և՛ շփում է միմյանց հետ, և՛ շրջապատի հետ: Նրանց կյանքում ամեն ինչ փոխվում է:

Այսինքն՝ նաև ինտեգրման խնդիր եք լուծում:

Դե ինքնըստինքյան այդպես է ստացվում: Նրանց տեսնում են հասարակության մեջ: Որոշ մարդկանց համար զարմանալի է, որ ինչ-որ հաշմանդամություն ունեցող մարդ են տեսնում: Շատ մարդիկ կան, որ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է շփվել նրանց հետ, ինչպես օգնել և այլն: Այդպիսի հարցերը ժամանակի խնդիր են, հիմա կամաց-կամաց ամեն ինչ փոխվում է:

Առհասարակ, ինձ թվում է՝ հաշմանդամներն իրենց իրավունքները չգիտեն կամ շատ քիչ գիտեն: Առողջապահական ոլորտում, կրթական ոլորտում տարբեր արտոնություններ կան նրանց համար, բայց իրենք չգիտեն, որ կարողանան պաշտպանել: Եթե իմանան ու չպաշտպանեն, դա այլ հարց է, դա իրենց պատճառով կլինի: Բայց դեռ կան մարդիկ, որ չեն մտածում, որ դա կարող է իրենց համար կարևոր լինել ու իրենք չեն գնում դրա հետևից: Այսինքն՝ իրավագիտակցությունը պետք է բարձրացնել:

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, որքանո՞վ է ապահովված հաշմանդամ մարդկանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը:

Իրականում խնդիրներ չպետք է լինեն, կարծես թե օրենքով ապահովված է այդ իրավունքը: Բայց իրականում հենց ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները տեղյակ չեն օրենքից: Իմ ծանոթներից մեկի հետ այդպիսի դեպք է եղել, նրան ասել են՝ «դու չես տեսնում, ինչպե՞ս պիտի ընտրես, թող ես քո փոխարեն կընտրեմ»: Բայց իրենք իրավունք չունեն նման բան ասելու: Հաշմանդամներն էլ պիտի իմանան իրենց իրավունքները և իրենց համար մատչելի տարբերակներ փնտրեն՝ քարոզարշավին հետևելու, թեկնածուների ծրագրերին ծանոթանալու համար: Եթե հետաքրքրված լինեն, ձևեր կգտնեն:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am