ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ընտրությունները լինելու են այնպիսին, ինչպիսին եղել են». Ս.Օհանյան

Հարցազրույց հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանությամբ
զբաղվող «Փարոս» հասարակական կազմակերպություն նախագահ Սուրեն Օհանյանի հետ:
Նախագահական ընտրություններն ավարտվեցին: Տվյալներ ունե՞ք, թե տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ
որքանո՞վ կարողացան իրացնել ընտրելու իրենց իրավունքը:
Դա շատ ցավալի և հին խնդիր է, որն անկախության տարիներից այս կողմ դեռ մնում է չլուծված: Այսինքն՝ մենք ունենք ընտրատեղամասերի
ընդամենը մոտ 20 տոկոսի մատչելիություն և
մնացած 80 տոկոսը դեռ մնում են անմատչելի: Որոշակի աշխատանքներ տարվել են վերջին մի
քանի տարվա ընթացքում։ Դրանք եղել են հասարակական կազմակերպությունների կողմից։
Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, համագործակցելով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որոշակի հաջողություններ կարողացանք ունենալ`
5 տոկոսի բարելավում: Բայց մատչելիությունը շարունակում է մնալ որպես գերխնդիր հաշմանդամ
մարդկանց ընտրական իրավունքը իրականացնելու համար:
Որոշակի փոփոխություններ կան տեսողության խնդիրներ ունեցող
մարդկանց համար: Դրանք արդեն մոտ 5 տարի գործում են, բայց դերևս բարելավվելու կարիք
ունեն:
Դեռևս լուծված չէ լսելու խնդիր ունեցողների խնդիրները:
Քարոզարշավի ժամանակ սուրդոթարգմանություններ չեն լինում: Նրանք, ովքեր սուրդոթարգմանության
կարիք ունեն, չեն հասկանում, թե իրենց ինչ են առաջարկում թեկնածուները:
Ի՞նչ կոնկրետ
խնդիրների են հանդիպում հենաշարժողական խնդիրներ ունեցող ընտրողները քվեարկությանը
գնալիս:
Նախ՝ ինչպես հասնել
տեղամաս։ Եթե չկա թեքահարթակ, բնականաբար, խնդիրներ են առաջանում ընտրատեղամաս մտնելիս:
Հանձնաժողովի անդամները միշտ չէ, որ հակված են քվեատուփը դուրս բերել, որպեսզի ընտրություն
կատարվի: Այդպիսի փորձ մենք ունենք, և դա իրենից ենթադրում է քաշքշուկներ` մեկը համաձայն
է, մեկը համաձայն չէ: Ընտրատեղամասերում նեղ դռների առկայությունը նույնպես խնդիրներ
է ստեղծում, որ սայլակը չի կարողանում մտնել: Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել
մինչև ընտրությունները կազմակերպելը: Ընտրատեղամասերը հարմարեցված չեն սայլակով ընտրողների
համար։ Ես էլ եմ հանդիպում նման խնդիրների, երբ քվեախցիկը պատից համապատասխան հեռավորության
վրա չի գտնվում և դա խնդիրներ է ստեղծում սայլակով քվեախցիկին մոտենալիս:
Ի՞նչ լուծումներ
եք տեսնում այդ խնդիրների համար:
Խնդիրների լուծումները
շատ պարզ են և հասարակ: Պարզապես մինչև ընտրությունները, երբ պետբյուջեից գումար է
հատկացվում ընտրությունները կազմակերպելու համար, իրենք այդ գումարից որոշակի տոկոս պետք է հատկացնեն մատչելիության ապահովմանը:
Մատչելիություն ասելով՝ ես ի նկատի չունեմ միայն թեքահարթակ: Պետք է լինի սուրդոթարգմանություն
և դա պետք է լինի պետական պահանջ: Թեկնածուն կամ քաղաքական ուժը հնարավոր է ինչ–ինչ
պատճառներով չցանկանա սուրդոթարգմանություն ապահովել, բայց եթե դա լինի պետության պահանջը,
չի կարող անտեսել: Եվ քանի ու մեր Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը հստակ ասում
են, որ ընտրությունները հավասար են բոլորի համար, ուրեմն պետությունը դա պարտավոր է
անել: Մարմինը, որին մենք կարող ենք դիմել
և պահանջել, դա պետական ապարատն է և նրանք ովքեր կազմակերպում են ընտրությունները:
Եթե համեմատեք
անցած տարիների փորձը և վերջին երկու համապետական ընտրությունները, էական փոփոխություն,
առաջընթաց կա՞ր ընտրատեղամասերի մատչելիության տեսանկյունից:
Ես կդժվարանամ
պատասխանել։ Ազգային ժողովի ընտրություններին մոտ 100 տեղամաս տեղական ինքնակառավարման
մարմինների միջոցով մատչելի դարձան, դրանք, սակայն, հանրապետության չորս մարզերում
են եղել: Մնացած մարզերը, կարծես, այդքան էլ ակտիվ չէին։ Նախագահական ընտրությունների
վերաբերյալ մեզ մարզպետարանները տվյալներ չտվեցին (ես ասում եմ այն տվյալները, որ մեզ
տվել ենմարզպետարանները): Բայց եթե փորձեմ զուգահեռներ անցկացնել տաս տարի առաջ ընտրությունների
հետ, ապա որոշակի տեղաշարժ կա: Ուղղակի մենք իրավունք չունենք այդքան դանդաղ աշխատելու,
քանի որ խոսքը մարդու հիմնարար իրավունքն ապահովելու մասին է:
Տեղաշարժման դժվարություններ
ունեցող քանի՞ ընտրող կա Հայաստանում:
Միայն Երևանում նրանց
թիվը հասնում է մոտ 3000-ի: Օրինակ՝ Գյումրիում կա 95 սայլակով ընտրող: Բավականին շատ
են։
Կարծրատիպ կա, որ հատուկ
կարիքներ ունեցող մարդիկ այդքան էլ ակտիվ չեն մասնակցում ընտրություններին: Ձեր գնահատմամբ՝
դա այդպե՞ս է:
Նման
կարծիք կա, բայց դա այդպես չէ։ Երբ չկան համապատասխան պայմաններ, նրանք փակվում են
տանը, և մեզ թվում է, թե կա՛մ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կամ ընդհանրապես չկան
մեր երկրում, կա՛մ էլ պարզապես շատ պասիվ են և փակվում են տանը: Իսկ եթե համապատասխան
մատչելիությունը ապահովվի, նրանք, բնականաբար, կմասնակցեն ընտրություններին և ակնհայտ
կդառնա, որ նրանք շատ ակտիվ քաղաքացիներ են:
Հինգ տարի առաջ
մենք միջոցներ էինք գտել ընտրատեղամասերը մատչելի դարձնելու համար և Գյումրիի ընտրատեղամասերից
մեկում, որտեղ ընտրողների թիվը բավական շատ էր, 35 սայլակով ընտրող է մասնակցել քվեարկությանը:
Սա վկայում է այն մասին, որ նրանք պասիվ չեն, պատրաստ են գնալ ընտրությունների: Մենք
դեռ 2003 թվականից ունեցել ենք նաև հաշմանդամ դիտորդներ, ինչը նորություն էր: Դա արվում
էր տեղամասի մատչելիությունը արձանագրելու համար, նաև նրա համար, որ մարդկանց աչքը
տեսնի, սովորի:
Ինչպե՞ս եք գնահատում
Հայաստանի ընտրական օրենսդրությունը: Եվ որքանո՞վ է օրենքը կիրառվում իրական կյանքում:
Գիտեք, ինձ համար դժվար է գնահատել, ես իրավաբան չեմ:
Բայց կարող եմ մի բան արձանագրել: Մի թերություն կա, որը գալիս է հենց Ընտրական օրենսգրքից:
Ընտրական օրենսգրքի բացը միայնակ հաշմանդամների, և ոչ միայն հաշմանդամների, այլև նրանց
համար, ովքեր միայնակ տանն են, և չեն կարողանում գնալ ընտրությունների, այս բոլոր մարդկանց
համար շրջիկ քվեատուփեր չի նախատեսում: Շարժական քվեատուփերը նախատեսված են միայն հիվանդանոցներում
ստացիոնար բուժում ստացողների համար, իսկ նրանք, ովքեր տանն են տարիներով պառկած և
չեն կարողանում դուրս գալ, օրենքը ոչինչ չի նախատեսում: Դա ընտրական օրենսգրքի բացն
է։ Մենք բազմիցս դրա մասին ասել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և
կուսակցություններին մեր հանդիպումների ժամանակ: Նրանք ընդունում են, որ բացը կա, սակայն
մինչ օրս այն օրենսդրական կարգավորում չի ստացել:
Առջևում Երևանի
ավագանու ընտրություններն են: Ի՞նչ պետք է անեն իշխանությունները այս երկու ամիսների
ընթացքում, որպեսզի հնարավորինս մատչելի դարձնեն ընտրատեղամասերը բոլոր ընտրողների
համար և հնարավո՞ր կլինի ինչ-որ բան անել:
Կարծում եմ՝ ոչ։ Այդ փոփոխությունները այդքան արագ չեն
կատարվում։ Եթե փոփոխություններ լինեին, դրանք պետք է արվեին նախագահական ընտրությունների
ժամանակ: Երևան քաղաքում կա մոտ 450 ընտրատեղամաս, որոնց մոտ 10 տոկոսը մատչելի չէ:
Մենք արդեն գիտենք, թե ինչ ընտրություններ են լինելու: Այսինքն՝ ընտրությունները լինելու
են այնպես, ինչպես եղել են: Թեքահարթակի կառուցումը բավական երկար ժամանակ է պահանջում:
Չեմ կարծում, որ մինչև ընտրությունները որևէ փոփոխություններ լինեն: Դա մեկ օրվա աշխատանք
չէ, իսկ ես մինչև հիմա չեմ ստացել ինֆորմացիա այն մասին, որ ինչ որ բարեփոխումներ են
նախատեսվում: Մենք այսօրվանից պետք է պատրաստվենք հաջորդ նախագահական ընտրություններին,
որպեսզի կարողանանք մատչելիությունը գոնե քսան տոկոսով բարելավվել հինգ տարի հետո:
Մի բան կարող եմ ավելացնել, եթե ուզում ենք համարվել քաղաքակիրթ երկիր, պետք է հարմարավետ
պայմաններ ստեղծենք բոլոր քաղաքացիների համար:
Հարցազրույցը՝ Շողինե Սողոմոնյանի
