ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ «Ստրատեգիական դատավարություն» ծրագրի շրջանակներում
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միությունը (ՀՀԻՄ) Բաց հասարակության
ինստիտուտի Օժանդակության հիմնադրամ - Հայաստանի գրասենյակի հետ համատեղ
իրականացվող «Ստրատեգիական դատավարություն» ծրագրի շրջանակներում՝ դատական
գործերի օժանդակության նպատակով, հայտարարում է մրցույթ բոլոր շահագրգիռ
իրավաբանների (փաստաբանների), իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների
համար։ «Ստրատեգիական դատավարություն» ծրագրի իրականացման նպատակն է օժանդակել
Հայաստանում անցկացվող իրավական բարեփոխումներին` օրենսդրական բազայի և իրավակիրառ
քաղաքականության փոփոխման միջոցով, որը խախտում է մարդու հիմնարար իրավունքների
պաշտպանության սահմանադրական և միջազգային իրավունքի երաշխիքները, խոչընդոտում է
ժողովրդավարական չափորոշիչների ամրապնդմանը Հայաստանում, օրենքի ճիշտ
մեկնաբանության և կիրառման ապահովմանը, ինչպես նաև գործող օրենքների բացերի և
թերությունների բացահայտմանը։
Ստրատեգիական դատավարության գործերի ընտրության հիմնական չափանիշներն են դրանց
հասարակական կարևորությունը, խնդրի արդիականությունը և ստրատեգիական դատավարության
միջոցով առկա խնդրի լուծման ենթադրյալ արդյունավետության աստիճանը։ «Ստրատեգիական
դատարավարություն» ծրագրի իրականացման հնարավոր ուղղություններից կարող են լինել
հետևյալ ոլորտները, որոնց ցանկը սպառիչ չէ։ Դրանք են, մասնավորապես.
- Արդարադատության մատչելիությունը և արդար դատաքննությունը,
- Խոսքի ազատությունը և տեղեկատվության ազատության մատչելիությունը,
- Շրջակա միջավայրի պահպանությունը,
- Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում,
- Փախստականների և սոցիալապես անապահով խավերի իրավունքների պաշտպանությունը,
- Վարչական դատավարությունը և այլն։
Ստրատեգիական դատավարության կոնկրետ գործերի ընտրության ժամանակ հաշվի կառնվեն
դրանց համապատասխանությունը «Ստրատեգիական դատավարություն» ծրագրի նպատակներին և
խնդիրներին, ինչպես նաև գործի կոնկրետ հանգամանքները և ստրատեգիական դատավարության
հեռանկարները։ Անհրաժեշտության դեպքում ստրատեգիական դատավարության
յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից ելնելով, ծրագրի Խորհուրդը որոշում է
ընդունում գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու վերաբերյալ։
Ծրագրի Խորհուրդը որոշում է ընդունում ստրատեգիական դատավարության գործերի
վերջնական ընտրության և դրանց ֆինանսավորման վերաբերյալ։
Ստրատեգիական դատավարության գործերի ներկայացման համար դիմողը պետք է ներկայացնի
դիմում ՀՀ իրավաբանների միություն, որում պետք է նշվեն դիմողի /դիմող
կազմակերպության/ տվյալները /անուն ազգանուն, հասցե, հեռախոս/, ներկայացվող
ստրատեգիական դատավարության կողմի տվյալները /անուն ազգանուն, հասցե, հեռախոս/,
գործի կարճ նկարագրությունը, իրավաբանական հիմնավորումը և ստրատեգիական
դատավարության անցկացման միջոցով ակնկալվող արդյունքները։ Դիմումին կից պետք է
ներկայացվեն տվյալ ստրատեգիական դատավարության գործի բոլոր փաստաթղթերի
պատճենները։
Դիմումները պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև 2005 թվականի
դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Հասցե` ք.Երևան, Ալեք Մանուկյան 1
Հեռախոս` (+374 10) 55-43-75
www.iravaban.am
