ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծաղկաձորում կկայանա լրատվամիջոցների երրորդ համահայկական համաժողովը
2006 թ. սեպտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստան-Սփյուռք լրատվամիջոցների երրորդ համաժողովը: Նախորդ նման համաժողովները տեղի են ունեցել Բրատիսլավայում եւ Ծաղկաձորում:
Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը (Մոսկվա), ինչպես նաեւ Եվրոպայի Հայկական կազմակերպությունների Ներկայացուցչությունը (Սլովակիա), Ազգային գիտակցության զարգացման կենտրոնը (Լոս Անջելես) եւ «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը (Երեւան): Համաժողովի գլխավոր հովանավորն է Համաշխարհային հայկական կոնգրեսը:
Ինչպես տեղեկացրեց կազմկոմիտերի նախագահ, «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանը, սպավում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 150 մարդ ավելի քան 20 երկրներից:
Երրորդ համաժողովի նպատակն է ամբողջականացնել համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները եւ հիմնել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն: Վերջինը կոչված է լինելու համակարգել եւ սերտացնել Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների համագործակցությունը, ստեղծել ընդհանուր տեղեկատվական դաշտ եւ նպաստել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծմանը:
