ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ակցիա ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի գործի արդար քննության համար
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան սույն թվականի հունվարի 31-ին, ժամը 17:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկազմակերպի ակցիա ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով:
Այս ակցիան կազմակերպվում է Լոս Անջելեսում իրականացվող երթին զուգահեռ, որը կազմակերպել է Human Rights Council-ի նախաձեռնությամբ և ուղղված է դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո 8 հասարակական կազմակերպություններից ստեղծվեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը, խթանում է գործի թափանցիկության ապահովումը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:
Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային և ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով և ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա