ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

1948թ. դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Պալե դե Շայոն պալատում
ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը: Այդ օրվանից ամբողջ աշխարհը դեկտեմբերի
10-ը ճանաչում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր:

2001թ. Հայաստանն անդամակցեց Եւվրախորհրդին եւ վավերացրեց «Մարդու իրավունքների եւ
հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եւվրոպական կոնվենցիան, ինչը մարդու
իրավունքների լիակատար պաշտպանությունն ապահովելու առաջին քայլերից է:




Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ինչպիսի՞ն էր 2003թ.-ը, ի՞նչ
ձեռքբերումներ եւ կորուստներ ունեցանք:

Ավետիք Իշխանյան (Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ)
- 2003թ.
առանձնահատուկ էր համապետական նշանակության երկու ընտրություններով` նախագահական եւ
խորհրդարանական: Իմ գնահատմամբ, 1995թ. սկսած Հայաստանում ընտրությունների միջոցով
իշխանություն չի փոխվել, իշխանությունը պահպանվել է հիմնականում կեղծիքների միջոցով:
Եւրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանի պարտավորությունների մեջ էր մտնում
արդար ընտրությունների անցկացումը:

Այդ առումով որոշակի հույսեր կային, որ ընտրությունները չեն կեղծվի: Սակայն 2003թ.
ընտրությունները (թե նախագահական, թե խորհրդարանական) կեղծիքների տեխնոլոգիաներով
գերազանցեցին նախորդ բոլոր ընտրությունները եւ հետընթաց արձանագրեցին: Այս
ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում անկախ դատական
իշխանություն գոյություն չունի: Այդ են վկայում հարյուրավոր վարչական պատիժները`
կալանքների եւ դրամական տույժերի միջոցով: Հայաստանում գոյություն չունի նաեւ
վարչական արդարադատություն, քանի որ առանց հիմնավորման, միայն ոստիկանական
արձանագրությունների հիման վրա, ոտնահարելով դատապաշտպան ունենալու իրավունքը,
վարչական տույժի են ենթարկում մարդկանց: Եւ այդքանից հետո ոչ մի կեղծարար չպատժվեց:

Օրենքի ոտնահարմամբ եթեր չտրամադրվեց «Ա1» եւ «Նոյյան տապան»
հեռուստաընկերություններին, ինչպես նաեւ խոսքի ազատության սահմանափակումներ
մտցվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Սպասվում է նաեւ
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունումը, որը լուրջ հարված կհասցնի
խոսքի ազատությանը Հայաստանում: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքն
ընդունվեց ձեւականորեն` չպահպանելով այդ ինստիտուտի ամենակարեւոր` անկախության
սկզբունքը: Մտահոգություն է առաջացնում «Այլընտրանքային զինծառայության մասին»
օրենքի նախագիծը, որը բացառում է քաղաքացիական ծառայությունը եւ կրում է պատժային բնույթ:


Ըստ էության, Հայաստանի` ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները կարելի է բաժանել
երեք խմբի` պարտավորություններ, որոնք իշխանությունները հեշտությամբ են
կատարում(օրինակ` ազատազրկման վայրերի փոխանցումը ՆՆ-ից Արդարադատության
նախարարության համակարգ, մահապատժի վերացումը), պարտավորություններ, որոնք
դեկլարատիվ բնույթ են կրում(«Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Այլընտրանքային
զինծառայության մասին», «Զանգվածային լրատվության մասին» օրենքները) եւ
պարտավորություններ, որոնք չեն կատարվի նույնիսկ ԵԽ-ից դուրս գալու պայմանով(անկախ
դատական իշխանության ստեղծումը, ազատ, արդար ընտրությունների անցկացումը եւ խոսքի
ազատության ապահովումը): Եթե ամփոփենք, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
նկատելի է հետընթացը:

Լարիսա Ալավերդյան («Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական
կազմակերպության նախագահ)
- Մարդու իրավունքների ոտնահարման երեւույթը
Հայաստանում գոյություն ունի եւ հաղթահարված չէ: Մարդու իրավունքները հնարավոր է
պաշտպանել դեպք առ դեպք: Հայաստանում ընդունված է, որ պետական ծառայողն իրեն
իրավունք է վերապահում` խախտելու մարդու իրավունքները` հասարակությանը թողնելով
դրանց պաշտպանությունը: Այնինչ պետական ծառայողը պետք է մարդու իրավունքները
պաշտպանի առաջին հերթին:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, կարծում եմ, որ 1995 թ.-ից սկսած մշակվել
են ընտրակեղծիքների այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կատարելագործվեցին եւ
հանգեցրին այսօրվա իրողությանը: Արդյունքում մնաց հասարակության խորացած
անվստահությունը ընտրությունների նկատմամբ: Այդ առումով նախ եւ առաջ պետք է
ձեւավորվեն ընտրական ավանդույթներ` թե օրենսդրական դաշտը կատարելագործելու, թե
կիրառման հստակ մեխանիզմներ սահմանելու տեսանկյունից: Շատ կարեւոր է հասարակության`
իր իրավունքների մասին տեղեկացվածության աստիճանը: Հատկապես հեռավոր բնակավայրերում
ժողովուրդը իրազեկ չէ իր իրավունքներին, այդ իսկ պատճառով էլ դրանք ոտնահարվում են:
Եթե մեր իշխանությունները ցանկանում են իսկապես ունենալ բարձր իրավագիտակցություն
ունեցող հասարակություն, ուրեմն ամեն ինչ պետք է անեն օրենքները ժողովրդին հասանելի
դարձնելու ուղղությամբ: Օրենսդրական դաշտը կատարելագործելու համար կատարվող
աշխատանքները դրական զարգացումներ են: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի
ընդունումը համարում եմ վաղաժամ`մինչեւ սահմանադրական բարեփոխումները: Բացի այդ,
պետք է լինի ոչ թե մեկ օմբուդսմենի գայթակղիչ պաշտոնը, այլ`ԱԺ-ում ներկայացված
կուսակցությունների կողմից նշանակվող օմբուդսմենի ինստիտուտը: Իսկ «Այլընտրանքային
զինծառայության մասին» օրենքը չպետք է դառնա պատժամիջոց:

Իմ կարծիքով, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եթե առաջընթաց չենք
ունեցել, ապա հետընթաց էլ չենք արձանագրել:

Տիգրան Տեր-Եսայան (Փաստաբանների միջազգային միության նախագահ) -

Մեր երկրում սովորաբար մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը պայմանավորում են
օրենքների անկատարությամբ, սակայն, կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչ գցել օրենքների
վրա: Խախտումները լինում են հենց օրենքների շրջանակներում: լոբալ առումով եթե
նպատակ է դրված մարդու իրավունքները խախտելով հասնել նպատակին, ապա չեն պահպանվում
օրենքի տառն ու ոգին: Օրինակ, դատարաններում միանգամայն իրատեսորեն արված
միջնորդությունները մերժվում են, դատարանը սուբյեկտիվ վերաբերմունք է վերապահում:
Չեն պաշտպանվում նաեւ փաստաբանների իրավունքները: Փաստաբանը հաճախ իր վստահորդի
իրավունքները թողած ստիպված է իր իրավունքները պաշտպանել: Ինչ վերաբերում է խոսքի
ազատությանը, ապա այդ ազատությունը միայն թույլատրելիի սահմաններում է, քանի որ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը վարչական գործառույթներ
իրականացնող մարմին է, մահակ` հեռուստաընկերությունների գլխին:
Հեռուստաընկերությունների իրավունքների գերակայություններն արտացոլված չեն այդ
օրենքում, այլ միայն պատժամիջոցներ են նախատեսված: Կարծում եմ, որ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն էլ
որեւէ դրական միտում չունեն եւ առաջընթաց չեն ուղենշում: Մարդու իրավունքների
պաշտպանությունից չէ բխում եւ, ըստ այդմ, արդիական չէ «Վարչական իրավախախտումների
վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը: Մասնավորապես նրա 180 պրիմ հոդվածում կանոնակարգված չէ
վարչական տույժերի կիրառումը: Կարծում եմ, մի շարք օրենքներ ( օրինակ` «Զանգվածային
լրատվության մասին», «Կոռուպցիայի մասին» ) պետք չեն, քանի որ այդ
իրավահարաբերությունները կանոնակարգող այլ օրենքներ կան: Միաժամանակ ունենք նաեւ
արդիական, եւվրոպական չափանիշներին համապատասխան օրենքներ: Դրանք են` «Քաղաքացիական
օրենսգիրք»-ը, «Քրեական օրենսգիրք»-ը, «Քրեական դատավարության օրենսգիրք»-ը,
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը եւ այլն:

Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը ժամանակավրեպ է այն առումով, որ պ
ետք է այն ընտրովի լինի, այլընտրանքային զինծառայությունը պետք է բոլորին վերաբերի,
ոչ թե միայն կրոնական կազմակերպություններին: Մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում, կարծում եմ, առաջընթաց կլինի, եթե մեզ մոտ էլ նախադեպի ինստիտուտը
ձեւավորվի: Զարգացած երկրներում, այդ թվում` Եւրադատարանում, նախադեպերը կիրառվում
են, էթիկայի տեսանկյունից նախադեպերի կիրառումը ընդունելի է համարվում: Օրենքների
կիրառման տեսանկյունից, կարծում եմ, միանշանակ հետընթաց ենք ապրել:

Վարդան Հարությունյան (իրավապաշտպան) - Մարդու իրավունքների
պաշտպանության տեսանկյունից Հայաստանը հետընթաց է արձանագրել այս տարի: Դրա վառ
օրինակն են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, պատվիրված
դատավարությունները, հաշվեհարդարները եւ քրեականացված մթնոլորտը: Դրական տեղաշարժի
միտում չեմ նկատում: Այս համատեքստում կարեւոր է Ա1-ի եթերազրկման խնդիրը, ինչն էլ
խոսքի ազատության սահմանափակմնան վառ օրինակ է:

Միքայել Դանիելյան (Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ) -

Եթե երկրի նախագահն ընտրվում է Սահմանադրությունը խախտելով եւ ոչ լեգիտիմ է, ինչպե՞ս
նա կարող է լինել Սահմանադրության երաշխավոր: Բացի այդ, ԱԺ ընտրություններն էլ
անցան խախտումներով, եւ ԱԺ-ն էլ է ոչ լեգիտիմ: Իսկ մարդու իրավունքների պաշտպանը`
օմբուդսմենը, եթե նույնիսկ նրան ժողովուրդը ընտրի, չի կարող աշխատել, որովհետեւ
ամբողջատիրական երկրներում չի աշխատում:



Պատրաստեց` Թագուհի Հակոբյանը