Նկատառումներ ԵԽԽՎ զեկույցի վերբերյալ

Նկատառումներ
Հայաստանի ստանձնած
պարտավորությունների եւ պարտականությունների թիվ 1361 (2004) եւ թիվ 1374 (2004)
բանաձեւերի կատարման ԶԵԿՈՒՅՑԻ
(փաստաթուղթ թիվ 10286, 20 սեպտեմբերի 2004թ)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ




Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների եւ
պարտականությունների կատարման հարցերով հանձնաժողով

(Մոնիտորինգի հանձնաժողով)

Համազեկուցողներ՝ պրն. Յերժի Յասկերնիա, Լեհաստան, Սոցիալիստական խումբ եւ պրն. Ռենե
Անդրե, Ֆրանսիա, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խումբ



Ցանկալի է, որ համահեղինակները առավել մանրամասն քննության ենթարկեին իրավիճակը
Հայաստանում եւ միայն պետության ներկայացուցիչների կողմից արված կարծիքների վրա
հիմնվելու փոխարեն՝ հաշվի առնեին նաեւ ոչ-կառավարական կազմակերպությունների եւ
հանրության ներկայացուցիչների տեսակետները: Մենք համատեղ աշխատում ենք պետական եւ
միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության հետ՝ Հայաստանում
ժողովրդավարական բարեփոխումների հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ: Սա
հնարավոր կլինի միայն ճշգրիտ տեղեկատվության եւ վերլուծության տրամադրման դեպքում:
Ցավոք, իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության եւ մանրազնին վերլուծության
պակասը իրեն զգացնել է տալիս երկու դեպքում էլ՝ երբ զեկուցողները ընդգծում էին եւ
դրականը եւ նաեւ այն, ինչը նրանք ներկայացնում էին որպես բացասական:

Ստորեւ, մենք ցանկանում ենք ներկայացնել Ձեզ հետեւյալ մանրամասն նկարագրությունը.



1. Բանաձեւի նախագծի 3.I ա կետում ասվում է

/ ա. խաղաղ ցույցերը թույլատրվում են, իշխանությունները ձեռնպահ են մնացել որեւէ
գործողությունից, որն օրինական ձեւով կամ գործնականում անարդարացիորեն կսահմանափակի
ժողովների ազատությունը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայով:/


- 2004 թ. ապրիլ-հունիս ամիսներին ընդդիմության կողմից հանրահավաքներ եւ երթեր
անցկացնելու դիմումները բազմիցս մերժվել են քաղաքային իշխանությունների կողմից`
տարբեր պատճառաբանություններով: Ընդդիմության կողմից նախաձեռնած 6 հանրահավաքից 5-ի
դիմումները մերժվել են: Մերժման հիմնավորումներում, մասնավորապես, Երեւանի
քաղաքապետի 01/03-3331հ գրությամբ ձեւակերպված է.

«... հաշվի առնելով Երեւան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 01.04.04
հրավիրված արտահերթ նիստում Երեւանի քաղաքապետին ուղղված ուղերձը Կենտրոն համայնքի
տարածքում հանրահավաքների, երթերի եւ ցույցերի արտոնման հարցում հնարավորինս
ձեռնպահ մնալու մասին ս/թ մայիսի 21-ին ժամը 19.00-ին Մատենադարանի տարածքում
հանրահավաքի անցկացումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Կամ.

«01.06.2004-ի քաղաքապետարանի 05/1 «Զանգվածային հրապարակային միջոցառման
անցկացումն արգելելու մասին» որոշմամբ` «Քննարկելով քաղաքացիներ Կորյուն
Առաքելյանի, Ալբերտ Բազեյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ այլոց 31.05.2004թ. իրազեկումը
եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Դատախազական մարմիններում հարուցված են
քրեական գործեր, կապված նախկինում անցկացված հանրահավաքների հետ, ինչպես նաեւ
ղեկավարվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ
օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով եւ Երեւանի քաղաքապետի 17.05.2004թ
հ.856-Ա որոշմամբ. Արգելել քաղաքացիներ Կորյուն Առաքելյանին, Ալբերտ Բազեյանին,
Վիկտոր Դալլաքյանին եւ այլոց ս/թ հունիսի 4-ին ժամը 18.00-ից մինչեւ 21.00-ն
Մատենադարանին հարակից տարածքում անցկացնել հանրահավաք:»

Արտոնվել է միայն 2004 թ. հունիսի 16-ի հանրահավաքը /հունիսի 11-15-ը Երեւանում էր
գտնվում ԵԺի Յասկերնիան/:



Իրավիճակը չի բարելավվել նաեւ օրենսդրության բնագավառում:

ՀՀ ԱԺ կողմից ապրիլի 28-ին ընդունված եւ մայիսի 22-ին ուժի մեջ մտած «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացվելու մասին» օրենքի նախագիծի վերաբերյալ ԵԽԽՎ
1374 բանաձեւը տվել էր խիստ սահմանափակող բնորոշում:

Ըստ էության 3.1 կետի ձեւակերպումը կրկնում է ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավարի 16
հունիսի, 2004 թվականի ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակին կից զեկույցի համապատասխան
հատվածը:



2. Բանաձեւի նախագծի 3.I բ կետում ասվում է



/բ. Սահմանադրությունը երաշխավորում է տեղաշարժվելու ազատությունը, օրենքներով
նախատեսված է հասարակական կարգի պահպանումը: /



- Զեկույցում փոխանակ անդրադառնալու փաստացի ազատ տեղաշարժի իրավունքի ապահովմանը,
ընդամենը հղում է արվում ՀՀ Սահմանադրությանը, մինչդեռ Երեւանում հանրահավաքների
օրերին ճանապարհներին ոստիկանները կանգնեցնում ու ետ էին ուղարկում բոլոր այն
ավտոբուսները եւ միկրոավտոբուսները, որոնք նույնիսկ փոքր-ինչ կասկած էին
առաջացնում, թե` ժողովուրդ են տեղափոխում երեւանյան հանրահավաքին; Իսկ մի շարք
մարզերից դեպի Երեւան կանոնավոր ուղերթներ իրականացնող ավտոբուսների վարորդներին
ուղղակի արգելել են դուրս գալ երթուղի: Երեւան բերող մայրուղիները սովորաբար
փակվում էին հանրահավաքների օրերին, որպեսզի մարզերի բնակիչները դրանց մասնակցելու
հնարավորություն չունենան: Մարդկանց իջեցնում էին ավտոբուսներից ու հետ դարձնում,
շատերին բերման էին ենթարկում ոստիկանություն; Այդ օրերին այն աշխատողները եւ
ուսանողները, որոնք ապրում էին Երեւանին հարող շրջաններում եւ Երեւանում գիշերելու
տեղ չունեին, հայտնվել էին դժվար կացության մեջ:

Այս ամենի մասին բազմաթիվ փաստեր կան ինչպես հայաստանյան մամուլում, այնպես էլ
Հայաստանի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում ու
հայտարարություններում:



3. Բանաձեւի նախագծի 3.I գ կետում ասվում է



/գ. վերջին իրադարձությունների ժամանակ միջադեպերի եւ մարդու իրավունքների
չարաշահումների, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների վրա կատարված
հարձակումների վերաբերյալ կատարվել է քննություն, Վեհաժողովին տեղեկատվություն է
ներկայացվել դրանց արդյունքների եւ պատասխանատու անձանց նկատմամբ ձեռնարկված
իրավական գործողությունների վերաբերյալ:/



- Ստացվում է, միայն հետաքննություն անցկացնելը զեկուցողների համար բավարար է՝
արձանագրելու, թե պարտավորություները կատարվել են: Իսկ հետեւանքնե՞րը: Այդ
հետաքննություններից հետո շատ գործեր կարճվել են, իսկ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը
ոստիկանների կողմից լրագրողներին ծեծի ենթարկելու փաստով ընդհանրապես
հետաքննություն չի իրականացվել: Սրանք փաստեր են, որ կասկածի տակ են դնում
զեկուցողների անաչառությունը:



Զեկույցում տեղ է գտել միայն 2004թ ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների
նկատմամբ բռնարարքներ գործադրողներից երկուսի նկատմամբ կիրառված պատժի մասին նշումը
/որը անբավարարվածության զգացում առաջացրեց լրագրողների եւ հասարակության
շրջանում/: Զեկույցում տեղ չեն գտել ապրիլի 12-13-ի իրադարձությունների ժամանակ
լրագրողների նկատմամբ կիրառված բռնարարքները: Մասնավորապես դաժան ծեծի ենթարկվեցին
«Հայկական Ժամանակի» թղթակիցներ Հայկ Գեւորգյանը եւ Ավետիս Բաբաջանյանը, ՕՌՏ
հեռուստաընկերության օպերատոր Լեւոն Գրիգորյանը եւ «Չորրորդ Իշխանություն» թերթի
թղթակից Մհեր Ղալեչյանը:

Զեկույցում չի հիշատակվում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եւ քաղաքական գործիչ
Աշոտ Մանուչարյանի նկատմամբ կիրառված բռնարարքները:



4. Բանաձեւի նախագծի 3.I դ կետում ասվում է

/դ. ցույցերին մասնակցելու համար կալանված անձինք ազատ են արձակվել, ակնկալվում է
վարչական կալանքի պրակտիկային վերջ տալը, քանի որ ընթացքի մեջ են Վարչական
օրենսգրքի փոփոխությունները:/



- Մեկ անգամ չէ, որ Հայաստանում վարչական արդարադատությունը կիրառվել է
ընդդիմությանը ճնշելու նպատակով, եւ թերեւս այդ է պատճառը, որ ԵԽ 2002թ. խեպտեմբերի
26-ին հանդես է եկել քաղաքական նպատակներով վարչական պատասխանատվության կիրառումը
քննադատող հայտարարությամբ` Խորհրդարանական Վեհաժողովի 31-րդ նստաշրջանում
ընդունելով 1304 /2002/1 PACE որոշումը, որում մասնավորապես հանձնարարել է
Հայաստանի իշխանություններին հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին եւ
առանց հետաձգելու վերանայել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը`
վերացնելով վարչական կալանքի այդպիսի կիրառումն ապահովող նորմերը: Նաեւ
նախազգուշացվում էր մինչ այդ չչարաշահել այդ դրույթները, չկիրառել վարչական
պատասխանատվություն երթերի, ցույցերի կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ:


Ձերբակալումները անհարիր են նաեւ ԵԱՀԿ-ի արջեւ Հայաստանի ստանձնած
պարտավորություններին: Համաձայն Կոպենհագենի փաստաթղթի 7.7 պարբերության, թե
վարչական քայլերը եւ թե սպառնալիքները չպետք է խոչընդոտեն թեկնածուների տեսակետների
ազատ ներկայացմանը:

Սակայն վարչական կալանքները կիրառվեցին ինչպես 2003թ նախագահական ընտրությունների,
այնպես էլ 2004թ ապրիլ-հունիս հանրահավաքների ժամանակ:

Այսպիսով, վարչական կալանքի կիրառումից հրաժարվելը ՀՀ իշխանությունների կողմից
միայն խոստումներ են:



5. Բանաձեւի նախագծի 3 կետում անդրադարձ չկա լրատվամիջոցների բնականոն
գործունեության համար արդար պայմաններ ստեղծելու համար

/ հատկապես հեռուստաընկերությունների հեռարձակման արտոնագիր եւ մասնավորապես «Ա1+ »
–ին հեռուստաալիք տրամադրելու առնչությանբ/:



Այդ հարցին բանաձեւի նախագիծը անդրադառնում է 9 եւ 11 կետերում:



«9. Վեհաժողովը նշում է, որ Ռադիոյի եւ հեռուստատեսության օրենքի վերջին փոփոխությունները
պահանջում են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է
լրացուցիչ փաստարկներ ներկայացնի հեռարձակման արտոնագիր շնորհելիս՝ այդպիսով
կանխելով կամայական որոշումների ընդունումը»։



11-րդ կետի գ ենթակետում՝



«գ. Հայաստանի լրատվական սեկտորում զարգացումները. այն ակնկալում է, որ Ռադիոյի
եւ հեռուստատեսության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների հիման վրա
հնարավորինս շուտ կփոխվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը,
եւ արդարացի պայմաններ կստեղծվեն հեռուստաընկերություններին, մասնավորապես Ա1+
հեռուստակայանին, հեռարձակման արտոնագրեր շնորհելիս»:



Նախ, արտոնագիր շնորհելիս միայն լրացուցուցիչ փաստարկները դեւռեւս կամայական
որոշումների ընդունման բացառում չեն: Այստեղ անհրաժեշտ են բաց ու հրապարակային
քննարկման այլ եղանակներ եւս: Մասնավորապես, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների եւ փորձագետների ներգրավումը, ինչը թույլ է տալիս է
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքի 26-րդ
հոդվածը: 2004 թվականի հունվարին մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին
Ազգային հանձնաժողովի նախագահին, խնդրելով լիցենզավորման վերջին մրցույթի
անցկացմանն իբրեւ փորձագետներ ներգրավել կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Առաջարկը մերժվեց:

Այնուհետեւ, զեկույցը պատրաստողների անտեղյակության մասին է խոսում 11-րդ կետի վերը
բերված գ ենթակետի շարադրանքը: Իրականում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»
օրենքի փոփոխությունները բնավ չեն ենթադրում Ազգային հանձնաժողովի կազմի փոփոխություն,
դրանք ընդամենը վերաբերում են հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալիս այդ տեղերը
մրցութային կարգով համալրելուն («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 45
հոդվածի փոփոխություն, ընդունված 29.12.03, ուժի մեջ է 21.01.04):

Վերջապես, «կփոխվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը, եւ
արդարացի պայմաններ կստեղծվեն հեռուստաընկերություններին, մասնավորապես Ա1+
հեռուստակայանին, հեռարձակման արտոնագրեր շնորհելիս»
, այսինքն ըստ զեկուցողների
մինչեւ հիմա մրցույթային պայմաններն անարդարացի՞ են եղել, այդ դեպքում ինչո՞ւ հենց
այդպես էլ չարձանագրել: Շեշտն այստեղ պետք է դրվեր ոչ թե Հանձնաժողովի անդամների փոփոխությունների
վրա, այլ հանձնաժողովի ձեւավորման կարգի, որը չի երաշխավորում այդ մարմնի
անկախությունը եւ նրան դարձնում է գործադիր իշխանության կամակատարը:



Նույնիսկ այն դեպքերում, երբ համազեկուցողները փորձում են բացասականը արձանագրել,
բացահայտում են իրենց անիրազեկությունը: Ահավասիկ՝ «Արտահայտման եւ լրատվական
միջոցների ազատություն» բաժնի 30-րդ կետում նշվում է.



«30. Լրատվական միջոցների վիճակը դեռեւս անհանգստության պատճառ է հանդիսանում։
Թերթերը պարբերաբար դատապարտվում են, եւ նրանց պարտադրվում է բարձր տուգանքներ
վճարել կառավարության կամ իշխանական միջավայրին մոտ կանգնած նշանավոր գործիչների
մասին զրպարտող նյութեր հրապարակելու համար»։



Երեւանի մամուլի ակումբը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պարբերաբար
արձանագրում են ընդդեմ լրատվամիջոցների ցանկացած միջադեպ, այդ թվում եւ
դատավարությունները, եւ վերջին տարում, բարեբախտաբար, նման բան չեն արձանագրել:



31 կետում նշված է.



«Կենտրոն հեռուստաընկերությունը, որ երկու տարի առաջ ստացել էր Ա1+
հեռուստաընկերության արտոնագիրը, դադարեցրել է հեռարձակումը 2004թ. մայիսից եւ
փոխարինվել Առավոտ հեռուստաալիքով»:



Սա անտեղյակություն է բառի բուն իմաստով: Կենտրոն հեռուստաընկերությունը չի
դադարեցրել իր գործունեությունը, պարզապես փոխվել էր ալիքի եթերային անվանումը:

Նույն կետում զեկույցը պատրաստողները գրում են.



«2004թ. հունվարին Հանձնաժողովն արտոնագիր շնորհեց հայկական սփյուռքի կողմից
ղեկավարվող «Երկիր» հեռուստաընկերությանը»:


Իսկ սա, մեր գնահատմամբ, անպատասխանատու հայտարարություն է: Ի դեպ՝ Հայաստանում չկա
«Երկիր» հեռուստաընկերություն, կա՝ «Երկիր մեդիա»:

Վերջապես, նույն կետում կարդում ենք.



«Ավելին, համազեկուցողը համամիտ է Հանձնաժողովի նախագահի հետ, որ ազգային
փոքրամասնությունների լեզուներով հեռուստաալիքները նույնպես պետք է հնարավորություն
ունենան մասնակցելու արտոնագրերի տրամադրման մրցույթներին»։



Նախ Հայաստանում չկան ազգային փոքրամասնությունների լեզուներով
հեռուստաընկերություններ, եւ երկրորդ՝ ինչպե՞ս կարող են մի հաճախականության
մրցույթին մասնակցել եւ հայերեն, եւ ասենք, քրդերեն (եթե անգամ լինեն) հաղորդումներ
պատրաստվող հեռուստաընկերությունները:





6. Բազմաթիվ անճշտություններ են պարունակվում բանաձեւի նախագծի այլ կետերում,
ինչպես նաեւ «Համազեկուցողների բացատրական հուշագրում»



ա/ «7. Այն նշում է, որ որոշ պարտավորությունների լիարժեք կատարումը
երաշխավորելու համար անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումների բնագավառում լուրջ
առաջընթաց է արձանագրվել։ Այն պահանջում է, որ իշխանություններն արագ պատրաստեն
Սահմանադրական բարեփոխումների նախագիծ, 2004թ. այն ներկայացնեն Եվրոպայի խորհրդին՝
փորձագիտական գնահատման նպատակով, եւ կազմակերպեն հանրաքվե հնարավորինս շուտ եւ
ամեն դեպքում ոչ ուշ, քան 2005թ. հունիսը։ Սա հնարավոր կդարձնի Հայաստանի Ազգային
ժողովի կողմից մարդու իրավունքների օմբուդսմենի նշանակման հաստատումը։»


«8. Վեհաժողովը հաշվի է առնում դատական համակարգի եւ դատական անկախությանը
վերաբերող հիմնական բարեփոխումների արդյունավետ իրականացման ժամանակացույցը, ինչպես
նաեւ մինչեւ 2004թ. վերջը Դատավորների կարգավիճակի մասին օրենքի, Արդարադատության
խորհրդի մասին օրենքի եւ Դատական համակարգի մասին օրենքի ընդունման մտադրությունը։»



Մյուս պահանջների առնչությամբ, Վեհաժողովը նկատի է առնում այն քայլերը, որոնք
ձեռնարկվել են`

Երեւան քաղաքի կարգավիճակի, տարածքային ինքնավարության, տեղական կառավարման
մարմինների աշխատակազմի եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքներ ընդունելու
ուղղությամբ,

«17. Ըստ իշխանությունների, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը
ընթացքի մեջ է։ Առաջարկված փոփոխությունները հրապարակվել են 2004թ. օգոստոսին։ Այս
զեկույցը գրելու պահին Վենետիկի հանձնաժողովը սպասում է, որ թարգմանությունից
անմիջապես հետո դրանք իրեն կտրամադրվեն։ Սահմանադրության վերանայումը պետք է
ավարտվի 2004թ. վերջին՝ նախատեսելով 2005թ. հանրաքվեի անցկացումը։ Սա էական
նշանակություն ունի մյուս օրենքների համար, որոնք ընդունվել են, սակայն որոնց
կատարումը կախված է սահմանադրական փոփոխություններից։ Սա, օրինակ, վերաբերում է
Օմբուդսմենի մասին օրենքին. Հանրապետության Նախագահի կողմից նշանակված օմբուդսմենի՝
տկն. Լարիսա Ալավերդյանի նշանակումը պետք է հաստատվի Խորհրդարանի անդամների երեք-հինգերորդով,
ինչը սակայն անհնար է մինչեւ Սահմանադրության վերանայումը։ Մյուս երեք օրենքները
վերաբերում են լրատվությանը, դատավորների անկախությանը եւ Երեւան քաղաքի կարգավիճակ
ին։»



Չնայած համազեկուցողներն ծանոթ չէին Սահմանադրության նախագծին, սակայն
Սահմանադրական բարեփոխումների մասին արձանագրում են լուրջ առաջընթաց:

Ներկայացված Սահմանադրության փոփոխությունների փաթեթը չի լուծում իշխանությունների
տարանջատման խնդիրը, մասնավորապես անկախ դատական իշխանության հարցը; Նախատեսվող փոփոխությունների
մեջ Արդարադատության Խորհուրդը գլխավորում է Հանրապետության նախագահը: Բացի դրանից,
չի փոխվում Երեւանի կարգավիճակը. քաղաքապետին նշանակում է Հանրապետության Նախագահը:

Իրականում նոր Սահմանադրության ընդունումից հետո ոչ թե օմբուդսմենի նշանակումը պիտի
հաստատվի, այլ նոր կարգով նշանակվի Մարդու իրավունքների նոր պաշտպան: Սա վկայում է,
որ զեկուցողները կամ ծանոթ չեն օրենքին, կամ նրանց համար դա սխալ է թարգմանվել:



բ/ /26. Համազեկուցողը ցանկանում է մատնանշել, որ Հայաստանը պարտավոր է իր
տարածքում վերջ դնել խոշտանգումներին՝ համաձայն 1949թ. Ժնեւի կոնվենցիաների,
Խոշտանգումների դեմ կոնվենցիայի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի,
Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի եւ տարածաշրջանային
այն փաստաթղթերի, որոնց անդամն է, մասնավորապես ՄԻԵԿ-ը եւ ԽԿՀ-ն:


27. 2004թ. հուլիսի 28-ին ԽԿՀ-ն հրապարակել է Հայաստանի մասին իր առաջին
զեկույցը՝ 2002թ. հոկտեմբերին Հայաստան այցելությունից հետո։ ԽԿՀ-ն հայտնաբերել է,
որ Հայաստանում ոստիկանության կողմից կալանված անձինք մեծապես ենթակա են
անմարդկային վերաբերմունքի ռիսկի եւ կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել հատկապես
Նուբարաշենի բանտում ցմահ բանտարկության դատապարտվածների կալանքի պայմանների
բարելավման ուղղությամբ։ Ի պատասխան այս զեկույցի՝ իշխանությունները հայտարարել են,
որ ջանքեր են գործադրում ոստիկանների ուսուցման մակարդակը եւ Նուբարաշենի բանտի
պայմանները բարելավելու ուղղությամբ։ Համազեկուցողը հույս է հայտնում, որ այս
միջոցառումներն արագ կիրականացվեն։

28. Համազեկուցողն այցելել է Վանաձորի կալանավայրը եւ մեկուսարանը, որտեղ
ազատազրկված են եւ՛ նախնական կալանքի մեջ գտնվող, եւ՛ դատապարտված մարդիկ։ Վանաձորի
կալանավայրը գտնվում է աղետալի վատ վիճակում։ Կալանավայրի պայմանները սարսափելի են,
քանի որ շինությունը շատ հին է եւ վերանորոգված չէ։ Բանտի ղեկավարությունը
կալանավայրի եւ մեկուսարանի համար նոր տարածք է գտել նույն քաղաքում, բայց
շինարարությունը չի կարող սկսվել մինչեւ ֆինանսական միջոցների ձեռքբերումը։
Բարեբախտաբար, Վանաձորը գերբնակեցված չէ։ Ազատազրկվածների մի մասը բանակի
դասալիքներ են։ Կալանավայրի ղեկավարությունը մերժել է համազեկուցողի ուշադրությանը
ներկայացված այն ենթադրվող տվյալները, որ կալանավորները հացադուլի էին դիմել։
Վանաձորի ազատազրկման վայրում գտնվող անձինք ենթարկվում էին խոշտանգումների ու
անմարդկային վերաբերմունքի, որը հանգեցրել էր փոխգնդապետ Արտյուշա Ղազարյանի
մահվանը, դրա արդյունքում մի շարք սպաների հանդեպ մեղադրանքների առաջադրմանը, եւ
վերջիններիս՝ մեկից տասը տարի ազատազրկման դատապարտմանը։ Համազեկուցողը
գոհունակությամբ նշում է, որ Նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի
նախաձեռնությամբ է սկսվել այս գործընթացը: Բանտի երկու բժիշկներն էլ, ովքեր մերժել
էին խոշտանգումների ենթարկման փաստը, նույնպես դատապարտվել են։/



Համազեկուցողներն անդրադառձել են շուրջ 4 տարի առաջ Արտյուշա Ղազարյանի գործին ,
սակայն որեւէ կերպ չեն անդրադարձել խոշտանգումների այլ դեպքերին:

Զեկույցի այս բաժնում տեղ չի գտել 2004թ ապրիլի 23-ին Արտաշատի ոստիկանությունում
Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կատարված խոշտանգումները, որոնց առդյունքում նա դարձել է
հաշմանդամ, ինչպես նաեւ` ապրիլի 13 եւ 14-ին Էրեբունու, Արաբկիրի եւ Կենտրոնի
ոստիկանության բաժանմունքներում կանանց նկատմամբ /Անի Խաչատրյան, Մարինե Հակոբյան,
Անի Կիրակոսյան, Վարդուհի Շահբազյան, Գայանե Աշուղյան, Նաիրա Աղաբաբյան, Գոհար
Կուռազյան/ կատարված բռնությունները: Ի դեպ, վերջիններիս հետ հանդիպել են ԵԽ ԽԿՀ
անդամները:



գ/ /«34. Թվում է, թե ոստիկանությունը չափազանց ուժ չի կիրառել։ Ցուցարարները
ստացել են համապատասխան զգուշացումներ, եւ ներկա ոստիկանական ուժերը գործել են
օրենքի շրջանակներում՝ օգտագործելով հավաքը ցրելու օրինական միջոցներ (այսինքն՝
ջրցան սարքեր, արցունքաբեր գազ եւ ոստիկանական մահակներ)։ Ցույցերից հետո
ձերբակալվել են որոշ թվով անձինք (115 մարդ ըստ իշխանությունների, ավելի՝ ըստ
ընդդիմության անդամների, ՀԿ-ների եւ նույնիսկ ԵԱՀԿ-ի), բայց նրանց մեծ մասն ազատ է
արձակվել անմիջապես [17] կամ տուգանք վճարելու հրահանգ ստանալուց հետո [18]։
Զեկուցողի այցի ժամանակ 12 անձինք դեռեւս կալանված էին, եւ նրանցից երկուսի դեմ
քրեական գործ էր հարուցվել։

36. Ընդդիմությունը պնդում է, որ ազատազրկվածները քաղաքական բանտարկյալներ են, իսկ
Կառավարությունը պնդում է հակառակը։ Ինքը՝ զեկուցողը, որը հանդիպել է երկու
կողմերին էլ, հավատացած է, որ խնդրո առարկա անձինք ձերբակալվել են ոչ միայն ցույցի
մասնակցության, այլ հավաստի տվյալներով, ըստ գործող օրենսդրության` հասարակական
կարգը խախտելու հիմքով։ Պետք է նշել, որ քրեական մեղադրանքները նրանցից երկուսի
նկատմամբ կարճվել են 2004թ. մայիսին, եւ նրանք ազատ են արձակվել։ Ի լրումն, պարոն
Սուրեն Սուրենյանցը (Հանրապետություն կուսակցության քաղաքական քարտուղարը) եւ պարոն
Վաղարշակ Հարությունյանը (այս կուսակցության ղեկավարներից մեկը) ազատ են արձակվել
2004թ. հունիսին։ Պարոն Աշոտ Զաքարյանը եւ պարոն Արտակ Գաբրիելյանը մեկ տարի
ժամկետով պայմանական ազատ են արձակվել։

37. Իրավապահ մարմիններն ընդունում են, որ ոստիկանությունը վատ է վարվել այն
ցուցարարի հանդեպ, որը դատարկ պլաստիկե շիշ է նետել նրանցից մեկի վրա [20]։
Բացառությամբ այս դեպքի՝ ոստիկանությունը, ըստ ստացված տվյալների, ցուցաբերել է
զսպվածություն, չնայած այն փաստին, որ նրանցից 27-ը վնասվածքներ են ստացել, որոնցից
հինգը հիվանդանոց են տարվել։ Պաշտոնապես նաեւ ընդունվել է, որ պատգամավոր Արտաշես
Գեղամյանի բնակարանի խուզարկումը անհրաժեշտ չի եղել։ Այն կատարվել է, որովհետեւ
ոստիկանությունը զենք գտնելու կասկած է ունեցել, քանի որ պարոն Գեղամյանը նման
տպավորություն ստեղծող ակնարկներ էր արել։ Պարոն Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովի
միակ անդամն է, որ կալանավորվել էր, բայց մի քանի ժամ հետո ազատ էր արձակվել։»

«Ծանոթագրություն[19] Քանի որ Երեւանի գլխավոր փողոցը խցանվել էր հանրահավաքի
մասնակիցների կողմից, ուստի ոստիկանական ուժերը ստիպված էին ցրել հանրահավաքը փողոցն
ազատելու մի քանի հրաման արձակելուց հետո։»/



2004 ապրիլի 12-13-ի գիշերը, անջատելով փողոցային լուսավորությունը,
ոստիկանությունը շուրջկալի մեջ է առել խաղաղ ցուցարարներին եւ ջրցան մեքենաների,
մահակների, էլեկտրաշոկի, պայթուցիկ սարքերի կիրառմամբ բռնություն գործադրել նրանց
նկատմամբ, որի արդյունքնում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի
մարմնական վնասվածքներ: Սրան հաջորդել է ընդդիմադիր կուսակցությունների
գրասենյակներ /Հարապետություն, ՀԺԿ, ԱՄ/ ոստիկանության ներխուժումը եւ աշխատողների,
այդ թվում` կանանց ձերբակալությունները: Իսկ տուժած ոստիկանների մասին առաջին անգամ
ենք տեղեկացվում սույն զեկույցից:

Ինչ վերաբերվում է զեկույցում տեղ գտած քաղբանտարկյալների հետ կապված հարցին, ապա,
նախ, զեկույցում չի հիշատակվում «Արդարություն» դաշինքի նկատմամբ հարուցված քրեական
գործը, որի քաղաքական բնույթը ապացուցում է հենց այն հանգամանքը, որ մոտ մեկ ամիս
առաջ այն կարճվել է իրադրության փոփոխության հիմքերով: Այս համատեքստում է
դիտարկվում քաղաքական գործիչների ձերբակալությունները;

Զեկույցում չեն հիշատակվում Ս.Դեմիրճյանի եւ Վ.Մանուկյանի բնակարանների
խուզարկության փորձերը: