Անահիտ Բայանդուրը զրուցում է Նիկոլայ Զլոբինի հետ

Թարգմանություն ռուսերենից

Ռուսերեն տարբերակը՝  Интервью
с Николаем Злобиным

Անահիտ Բայանդուրը զրուցում է Նիկոլայ Զլոբինի հետ

Նիկոլայ Զլոբինը ճանաչված վերլուծաբան է, Միջազգային
անվտանգության ինստիտուտի /Վաշինգտոն/ -նախկին Պաշտպանության տեղեկատվության
կենտրոն- Եվրասիական ծրագրերի ղեկավար

ԱԲ Դուք պատմաբան եք, լայն ընդգրկման անվանի քաղաքական վերլուծաբաններից և գտնվում
եք մշտական շարժման մեջ։ Ասացեք, Ի՞նչն է Ձեզ համար այսօր գլխավորը քաղաքականության
մեջ։

ՆԶ Գիտեք, ես գտնում եմ, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որին մտավոր միջոցներով
ի վիճակի չէ լիարժեք ճանաչել։ Սառը պատերազմի ավարտից, ԽՍՀՄ քայքայումից,
սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում տեղի են ունենում գլոբալ, կարելի է ասել՝ տեկտոնիկ
փոփոխություններ, որոնք մենք ի վիճակի չենք իմաստավորել և համապատասխանաբար գործում
ենք ծայրահեղ անմտածված և ծայրահեղ ոչ ռացիոնալ։ Կարծում եմ, աշխարհն այնքան է
փոխվել, որ մեր մտածողության հին մեխանիզմը, հին, այսպես ասած, գործիքները այսօր
գործնականում պիտանի չեն ուսումնասիրություն կատարելու համար։ Նոր մեխանիզմներ մենք
չունենք և այդ պատճառով մենք ինչ-որ կերպ փորձում ենք օգտագործել հինը՝ սովորականը,
և արդյունքում ընկնում ենք սխալների մեջ, և մեզ միայն թվում է, թե մենք իբր
բացատրում ենք գործընթացները և տալիս հանձնարարականներ։ Իսկ գործնականում մենք
բոլորս այժմ ետ ենք մնում աշխարհում կատարվողից։ Այդ պատճառով հիմնական խնդիրը, որ
մենք դնում ենք մեր առաջ, դա փորձն է հեռանալ այն ամենից, ինչը 20-րդ դարի ամբողջ
երկրորդ կեսի ընթացքում ավանդաբար համարվում էր ճիշտ, խելամիտ և տրամաբանական։ Եվ
ընդհանուր առմամբ աշխատում էր։ Բայց այսօր մեզ անհրաժեշտ է գտնել ոչ տրիվիալ
պատասխաններ այն հարցերին, որոնք կանգնած են մեր առաջ։ Ես համոզված եմ, որ գրեթե
ոչինչ այն ամենից, ինչ մենք մինչ այժմ օգտագործել ենք միջազգային
հարաբերությունների ուսումնասիրության ժամանակ երկրորդ համաշխարհային պատերազմից
հետո, այսօր գործնականում արդյունավետ չի գործում։ Դա վերաբերում է ոչ միայն
Ամերիկայի և Ռուսաստանի քաղաքականությանը։ Մենք ամենուրեք զգում ենք մեզ քաղաքական
սնանկներ։ Մեր խնդիրն այն է, որ հաղթահարենք այդ սնանկությունը, այլապես մենք միայն
կվատացնենք իրավիճակը։ Որովհետև եթե մենք ճիշտ պատասխաններ չենք տալիս
քաղաքագետներին, եթե մենք ճիշտ չենք վերլուծում իրադրությունը, ապա մենք
ապակողմնորոշում ենք այդ քաղաքագետներին, իսկ չէ՞ որ նրանք, ի տարբերություն մեզ,
ամեն օր պետք է որոշումներ ընդունեն, գործեն, ղեկավարեն։ Այսօր նրանք որոշումներ են
ընդունում հիմնվելով ոչ խորը վերլուծությունների վրա միջազգային հարաբերությունների,
համաշխարհային անվտանգության խնդիրների, աշխարհի քաղաքական զարգացման և այլ
ոլորտներում։ Ինչի համար և մենք այսօր ձգտում ենք գտնել նոր, ոչ տրիվիալ
մոտեցումներ այդ երևույթների գնահատման մեջ։ Պետք է փորձել գտնել մի այնպիսի բան,
առաջին հայացքից հնարավոր է նույնիսկ մասամբ խելահեղ թվացող, բայց բոլոր դեպքերում
դա կլինի փորձ՝ պատասխանելու այն խնդիրներին, որոնք մեր առջև կանգնել են գլոբալ
մակարդակով։ Այ դա էլ այն է, ինչով մենք, և անձամբ ես, զբաղվում ենք մեր Կենտրոնում։

ԱԲ Անձամբ Դուք դա կատարում եք բացարձակ փայլուն կերպով։ Հենց դուք էլ առաջարկում
եք, ամեն անգամ առաջարկում եք տեսանկյան անսպասելի նոր ռակուրս, նոր և ավելի քան ոչ
տրիվիալ որոշումներ։

ՆԶ Ես գտնում եմ, որ այսօր գոյություն ունեցող միջազգային հարաբերությունները
գործնականում չեն կատարում այն գործառույթները, որոնք նրանք կոչված են կատարելու,
որովհետև նրանք ստեղծվել են սառը պատերազմի շրջանակներում և հենց դրա համար է այն
ժամանակ ստեղծված եղել նրանց, այսպես ասած, դիզայնը։ Սկսած ՄԱԿ-ից և վերջացրած
իրավապաշտպան կազմակերպություններով, լինեն դրանք միջուկային զենքի հսկողության կամ
ցանկացած այլ կազմակերպություններ, այդ բոլորը ստեղծված է եղել քաղաքական
փոխհամաձայնությունների հավասարակշռության և մնացած այն ամենի պայմաններում, ինչ
ստացվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այսօր այդ պայմաններն այլևս չկան,
այսօր բոլորովին այլ դասավորություններ են, իսկ միջազգային հարաբերությունների
համակարգը մնում է նախկինը։ Կամ վերցրեք միջազգային իրավունքը, որը ձևավորվել է
դարձյալ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Այսօր միջազգային օրենքը չի
գործում, որովհետև չի կարելի բացատրել այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում,
ելնելով երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներից։ Որքա՞ն կարելի է, 60 տարի
է անցել։ Աշխարհը սրընթաց փոխվում է։ Իսկ միջազգային կազմակերպությունների
գնահատման մեր գործիքները փոխվում են շատ ավելի դանդաղ։ Եվ միջազգային

հարաբերությունների տեսություններն էլ են աններելի դանդաղ փոփոխվում։ Սա դժվար է
հասկանալ, որոհվտև ի տարբերություն երկրորդ համաշխարհային պատերազմի, սառը
պատերազմն ավարտվեց առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Այսինքն չեն նստել,
ստորագրել, թե ով ինչ է անում և այդ ինչ պայմաններով ենք մենք ապրում։ Այնպես,
ինչպես դա եղավ Պոտսդամում, կամ՝ Յալթայում, երբ քաղաքական գործիչները նստում,
ստորագրում էին այն պայմանները, թե այսուհետև ով ինչպես է պիտի գործի։

Խորհրդային Միությունը փլուզվեց առանց օրենքների և պայմանների, հենց այնպես։

Վարշավյան համաձայնագիրը փլուզվեց։ Եվ այնուհետև բոլոր պատերազմները այդպես էլ
սկսվում էին՝ առանց կանոնների, վայրենաբար։ Մենք ապրում ենք մի ինչ-որ քաոսում։
Անհասկանալի է՝ ով ինչի համար է պատասխանատու։ Եվ այդուհանդերձ մենք փորձում ենք
օգտագործել միջազգային կազմակերպությունների համակարգն ու միջազգային օրենքները,
որոնք կազմավորվել են այլ պատմական պայմաններում։ Դա նույնն է, թե դու մեծանաս,
բայց փորձես քեզ վրա քաշել մանկական հագուստդ։ Նա քո հարազատն է, այնպես ես սովորել
նրան, բայց այն չես կարողանա հագնել՝ որքան էլ ջանաս։ Իսկ եթե հագնես էլ, այն կսկսի
պատռվել, և բոլոր դեպքերում դու խնդիրներ կունենաս։ Ահա թե ինչի հետ ենք մենք այսօր
իրականում բախվում։ Դա Ռուսաստանի խնդիրը չէ, և ոչ էլ Ամերիկայի, դա ընդհանուր
խնդիր է, բայց Ամերիկայում այն ավելի նկատելի է։ Որովհետև Ամերիկան նման է
ապակեղենի կրպակում հայտնված փղի՝ եթե նա շրջվում է, դա նկատելի է բոլորի համար, և
դրան գումարած, այսօր ամերիկացիները անհրաժեշտություն են զգում բոլորից ավելի արագ
և վճռական գործելու։ Դրա համար էլ նրանց սխալները շատ ավելի նկատելի են։ Իսկ
սխալները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ, իմ կարծիքով, Բուշը այնքան էլ
միամիտ մարդ չէ կամ նրա վարչակազմը այնքան հիմար է (ի դեպ, նրա վարչակազմը բավական
արհեստավարժ է), այլ այն պատճառով, որ մենք դեռևս չենք ունեցել լուրջ քաղաքական
վերլուծություն և քննարկումներ, թե ինչպես է զարգանում աշխարհը - այնուամենայնիվ
ժամանակը չի բավականացրել։ Եվ ահա, ժամանակի և տարածության մեջ այս խիստ
սահմանափակված պայմաններում մեզ պետք է ինչ-որ կերպ պատասխանել այդ հարցերին։

ԱԲ - Այսինքն, դուք դիտարկում եք երևույթները առավել գլոբալ տեսանկյունից։ Դուք
գտնում եք, որ մոտեցումների արդիականացում է պետք։

ՆԶ - Ընդհանրապես չէր խանգարի պարզել, ինչ ենք հասկանում այդ արդիականացման տակ։
Պարզվում է, հարցը այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում էր բոլորովին վերջերս։ Բանն այն
է, որ, իմ կարծիքով, կարևոր է հասկանալ, որ աշխարհագրությունը դադարել է այն դերը
խաղալ, ինչ նա ուներ վերջին դարերի ընթացքում։ Այսօր ես շատ ավելի զգույշ կվարվեի
տարածաշրջաններ հասկացության հետ։ Որովհետև ժամանակակից տեխնոլոգիական զարգացման
օրոք այն աշխարհաքաղաքական գործընթացներում, որ մենք դիտարկում ենք,
հաղորդակցությունների, մարդկային փոխանակությունների և այլնի զարգացման այս
մակարդակի դեպքում տարածշարջանը՝ որպես այդպիսին, կորցնում է իր աշխարհագրական
նշանակությունը։ Օրինակ այն, ինչ այժմ կատարում է Ռուսաստանը, ձգտելով իր շուրջը
հարևան պետությունների միավորում ստեղծել, որոնք իբր կմեծացնեն իր աշխարհաքաղաքական
հնարավորությունները, մասամբ ճիշտ է, բայց միևնույն ժամանակ խիստ անհեռատես է։

ԱԲ - Դուք նկատի ունեք նախկին խորհրդային հանրապետություննե՞րը։

ՆԶ - Հենց նախկին խորհրդայինները։ Գլխավոր սկզբունքն այն է, որ նրանք քո կողքին
լինեն, այնպես չէ՞։ Բայց չէ՞ որ դա 19-րդ դար է, երբ միավորումները ստեղծվում էին
ըստ աշխարհագրական սկզբունքների։ Իրար մոտ տեղաբաշխված երկրները այն ժամանակ
ստեղծում էին մի տարածք՝ տնտեսական թե ռազմական, պաշտպանում էին իրենք իրենց՝
հասկանալի է։ Բայց 21-րդ դարում ամեն ինչ այլ կերպ է։ Տեսեք, ամերիկացիները
Հարավսլավիան ռմբակոծելու համար թռչում էին Միսսուրի նահանգից և առանց
լիցքավորվելու ու կանգառների վերադառնում էին նույն տեղը՝ Միսսուրիի ռազմակայանը։
Եվ Հարավսլավիան գտնվում է հարևանների հետ ռազմական միության մեջ թե ոչ՝ դա ոչ մի
նշանակություն չուներ, քանի որ դա միևնույն է՝ չէր օգնի։ Իմ կարծիքով, խնդիրն այն
է, որ գլոբալիզացիայի միտումները ամբողջովին փոխում են մեր պատկերացումները
աշխարհագրական տարածությունների վերաբերյալ։ Պատկերացումներն այն մասին, թե որտեղից
կարող է գալ օգնությունը կամ սատարումը և որտեղից՝ վտանգը կամ հարվածը։ Դրա համար
էլ 19-րդ դարի կամ ավելի վաղուցվա այդ գաղափարը՝ թե պետք է միություններ ստեղծել
հարևան երկրների հետ, աստիճանաբար սկսում է մահանալ։ Նույն ամերիկացիները, տեսե՛ք,
բավական հաջողակ համագործակցում են Պակիստանի հետ, որի հետ ընդհանուր սահմաններ
չունեն, և մեծ հաշվով՝ նույն ժամանակ ամենևին ուշադրություն չեն դարձնում իրենց
անմիջական հարևանների վրա։ Տարածաշրջանային գաղափարը, իհարկե, գոյություն ունի,
բայց ես կարծում եմ, որ տարածաշրջանայնությունը այսօր շատ ավելի փոքր դեր է խաղում,
քան 200 տարի առաջ։

ԱԲ - Ոչ գերիշխո՞ղ։

ՆԶ - Այո, չգերիշխող։ Այդ նույնը կարելի է վերագրել ցանկացած պետության։ Վերցրեք
ինքնիշխան պետությունը որպես տարածաշրջան, և կտեսնեք, որ ինքնիշխան պետության դերը
նկատելիորեն պակասել է այն պատճառով, որ պետությունը իր տարածքում գնալով ավելի ու
ավելի պակաս է վերահսկվում։ Ապրելով ԱՄերիկայում, ես կարող եմ համակարգչի մի
սեղմումով վերցնել ու փոխադրել բոլոր փողերս ճապոնական բանկեր, և ոչ ոք դա չի կարող
կանգնեցնել։ Պետությունը դադարել է վերահսկել ֆինանսները, նա արդեն չի վերահսկում
իր սեփական ֆինանսների շարժը։

ԱԲ - Դե, նայած դա ինչպիսի պետություն է։

ՆԶ - Նորմալ պետություն։ Դա հենց արդիականացման հարցին է վերաբերում։ Արդիականացված
պետությունը այսօր չի վերահսկում սեփական ֆինանսական համակարգը, ի՞նչ գնահատական
կտաք դրան։

ԱԲ - Հակասական իրավիճակ է։

ՆԶ - Կամ վերցնենք տեղեկատվությունը։ Ինչպե՞ս կարող է պետությունը վերահսկել
տեղեկատվությունը ինտերնետի, հեռուստատեսության, ռադիոյի պայմաններում և այլն։ Այս
միտումը անպայման աճելու է՝ տեղեկատվության այլընտրական աղբյուրների ի հայտ գալը։

ԱԲ - Դրա համար երկրները պետք է շարժվեն՝ արդիականացման ուղղությամբ։

ՆԶ - Դա միայն ժամանակի հարց է։ Դա նման է ժանգին։ Բավական էր հայտվեր առաջին
ինտերնետը, և այն անմիջապես իր ճանապարհը հարթեց... Ես կարծում եմ, որ պետությունը
ժամանակի հետ կորցնելու է իր քաղաքացիների մեջ քարոզչությամբ զբաղվելու
հնարավորությունը՝ ինչով նա զբաղվում էր երկար ժամանակ։ Համապատասխանաբար,
պետությունների լոյալության հարցը նույնպես փոխվելու է։ Քարոզչություն,
տեղեկատվություն, լոյալություն՝ այս ամենը այսօր նոր լույսի տակ է հանդես գալիս։

ԱԲ - Դա տարածվու՞մ է և Ռուսաստանի վրա, որտեղ այսօր մարդկանց 76%-ը իր ձայնը տալիս

է գրաքննության վերականգնման օգտին։

ՆԶ - Ռուսաստանի վրա նույնպես, անպատճառ... Գրաքննությունը հատուկ հարց է։ Թե ինչ
են հասկանում Ռուսաստանում մամուլի ազատության տակ՝ դա կարելի է քննարկել առանձին։
Բայց ես կարծում եմ, որ դրսից տեղեկատվություն ստանալու հնարավորությունն ինքը, որ
մարդկության պատմության մեջ հայտնվել է բոլորովին վերջերս, ականահարում է հենց՝
պետական վերահսկողության գաղափարը, այսինքն՝ պետությունն այլևս չի վերահսկում
տեղեկատվությունը։ Նա փորձում է վերահսկել, բայց հայտնվում են, այսպես ասած,
այլընտրական աղբյուրներ։ Ես կարծում եմ, որ ուղղակի հաշվով սա կհանգեցնի
քարոզչության պետական համակարգի մահվան։ Վաղ թե ուշ հարց կծագի՝ ինչպե՞ս ապահովել
բանակի չեզոքությունը, ինչպե՞ս ապահովել սեփական քաղաքացիների չեզոքությունը,
ինչպե՞ս ապահովել դպրոցականների ճիշտ ուղենիշները և այլն։ Այս բոլոր հարցերը
ընթացքու՛մ կծագեն։ Բայց ինձ համար ասօր ամենգլխավորն է՝ արձանագրել հենց ինքը՝
միտումը։ Կամ վերցրեք մի ուրիշ հարց. պե՞տք է արդյոք պաշտպանել պետական սահմանները,
թե՝ ոչ։ Որովհետև այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գնալով ավելի քիչ
հնարավորւթյուններ են մնում, որ քեզ վրա այլ պետության բանակը հարձակվի սահմանի
վրայով, որ այնտեղ Կուրսկի ճակատամարտ կլինի. մի բանակ, մեկ ուրիշը, բախվում են
հազարավոր հրասայլեր։ Ինչպես երևում է, նման բաներ այլևս չեն լինի։
Համապատասխանաբար, ինչպե՞ս պաշտպանել, ինչպե՞ս ապահովել սեփական ազգային
անվտանգությունը։ Այդ դեպքում ի՞նչ է ներկայացնում ազգային սահմանը։ Այս
կապակցությամբ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնք մեզ մոտ պատասխան չունեն։ Երբ մենք
ասում ենք՝ թող ՄԱԿ-ը ընդլայնվի, մենք չենք մտածում, որ ՄԱԿ-ը ստեղծվել է 1945
թվականին որպես մի կառույց, որը միավորում է ինքնիշխան պետությունները, որոնք
հենվում են այլ պետությունների ինքնիշխանության, սահմանների՝ որպես գլխավոր
բաժանարար գծի, նախագահի՝ որպես օրենքը ներկայացնող մարդու ճանաչման վրա...

ԱԲ - Տխրահռչակ երաշխավորի։

ՆԶ - Այո, երաշխավորի։ Եվ հանկարծ մենք պարզում ենք, որ ՄԱԿ-ը ի վիճակի չէ գործել,
երբ խոսքը, օրինակ, Ալ-Քաիդայի մասին է։ Որովհետև Ալ-Քաիդան ոչ տարածք, ոչ
սահմաններ, ոչ էլ նախագահ չունի։ Չի կարելի, օրինակ, ՈՒսամա Բեն-Լադենին կամ
դրանցից մեկ ուրիշին կանչել Անվտանգության Խորհուրդ և վերջնագիր ներկայացնել։ Նրանք
չունեն տնտեսություն, որոհետև չունեն տարածություն, այդ պատճառով նրանց դեմ
պատժամիջոցներ չի կարելի հայտարարել, նրանք չունեն բանակ, այդ պատճառով հայտնի չէ,
թե Ալ-Քաիդայի գերված անդամներին կարելի՞ է ռազմագերիներ համարել, թե՞ ոչ, և այսպես
շարունակ։ Այսինքն, ՄԱԿ-ի ողջ ավանդական համակարգը, որին մենք սովորել և որի հետ
մեծացել ենք՝ դա չի աշխատում։ Ողջ միջազգային իրավունքը հանկարծ չի աշխատում։
Այսինքն ծագում են ահա այդ իրավիճակները, երբ մեր նախկին մանկական հագուստը, ինչպես
ասացի, հակասության մեջ է այն ամենի հետ, ինչ ունենք այսօր։ Քաղաքական գործիչները
պաշտպանվում են և փորձում են ինչ-որ բան անել, և բոլորը մեղադրում են նրանց, բայց
մյուս կողմից ոչ ոք կարգին չգիտի՝ ինչ է պետք անել։ Արդյունքում այսօր մենք տեսնում
ենք ահա այսպիսի գաղափարական, քաղաքական, ինտելեկտուալ կոլաժ։ Տեռորիզմի դեմ
պատերազմը դա հատկանշական օրինակ է, և երբ դուք խոսում եք տարածաշրջանների
խնդիրների մասին, ապա, իմ կարծիքով, խոսել դրանց մասին կարելի է այն պայմաններում,
երբ տարածաշրջան հասկացության տակ մենք հասկանում ենք բոլորովին այլ բան, քան մինչ
այդ ավանդաբար հասկանում էինք և ինչի վրա այսօր կարելի է շատ ավելի ազդեցություն
գործել, քան ավանդաբար ցուցաբերում էին տարածաշրջանից բացարձակապես հեռու իրերը։
Թվում էր՝ տարածաշրջանի հետ կապ չունեցող։ Ահա ես բերում եմ մի օրինակ և դրանով
կավարտեմ այդ թեման։

ԱԲ - Շատ հետաքրքիր է։

ՆԶ - Ես շատ քննադաբար եմ վերաբերվում Բուշի վարչակարգի, Նախագահի նկատմամբ։ Բայց
ցանկացած դեպքում նա դա անցյալ տարի կատարեց։ Անցյալ տարի Նաախագահ Բուշը այցելեց
Աֆրիկա և տարավ այնտեղ, ինչպես գիտենք, 6 միլիարդ դոլար՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար։
Թվում էր՝ ահաբեկչության դեմ պայքարի սրացում, Իրաք, Աֆղանստան, Ալ-Քաիդա, և
հանկարծ նա գնում է այնտեղ, այդ քանդված, մեռնող պետությունները, և եթե մտածեք՝
ինչու, իրականում պատասխանը բավական պարզ է։ Որովհետև ՁԻԱՀ-ը Աֆրիկայում առաջին
հերթին ոչնչացնում է հենց այն սոցիալական շերտը, որը կարող է ապահովել բանակի,
ոստիկանության նորմալ գործունեությունը։ Եթե դրանք չկան՝ պետությունը փլուզվում է։
Այ, չկան երիտասարդներ, որոնք կարող են ծառայել բանակում, նրանք բոլորը մեռնում են,
հիվանդ են, թքած ունեն ամեն ինչի վրա, կյանքը նրանց չի հետաքրքրում, նրանք ապագա
չունեն, հետևաբար, եթե փրկենք այդ խավը, պետությունը կսկսի կենդանանալ, կստեղծվեն
բանակ, ոստիկանություն, և նշանակում է՝ իրադրությունը Աֆրիկայում ավելի վերահսկելի
կլինի։ Համապատասխանաբար այն տարբերակը, որի մասին բոլորը համառորեն խոսում են, թե
համաշխարհային ահաբեկչության կենտրոնը կսկսի տեղափոխվել Աֆրիկա, կարող է այնքան էլ
հեշտ չլինի, որովհետև Աֆրիկան կվերահսկվի իրենց՝ աֆրիկացիների կողմից։ Եվ որքան
ավելի շուտ դա կատարվի՝ այնքան ավելի լավ։ Որովհետև եթե Ալ-Քարիդան հայտնվի այնտեղ,
այնտեղ այնպիսի ազատություն է, որ ոչ մի Աֆղանստան կամ Իրաք նրանց այլևս պետք չի գա։
Այդ պատճառով, որքան էլ հակասական է, դրանից է կախված ԱՄՆ-ի անվտանգությունը։ Ահա,
թվում էր՝ ի՞նչ կապ կա Աֆրիկայի, այնտեղ ներդրված 6 միլիարդի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և
ԱՄՆ-ի ազգային անվտանգության միջև։ Պարզվում է՝ կա ամենաուղղակի կապ։ Ընդ որում՝
թող թեկուզ այդ բանակը, որը կստեղծվի Չադում կամ Նամիբիայում, բացառիկ
հակաամերիկյան լինի, ի սեր Աստծո։ Կամ՝ հակառուսական, կամ հակաարևմտյան։

ԱԲ - Հակագլոբալիստական։

ՆԶ - Այո։ Որովհետև նա չի պատերազմելու Ամեիկայի դեմ, բայց անվտանգությունը և իր
սեփական տարածքում ահաբեկիչների բացակայությունը նա կապահովի։ Եվ այդ պատճառով
Ամերիկան դատում էր միանգամայն տրամաբանական՝ եկեք այնտեղ ներդնենք 6 միլիարդ դոլար
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար, քանի դեռ ուշ չէ, թեպետև գուցե արդեն ուշ է։ Մի խոսքով,
ռազմավարական արդյունքը ուղղված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության բարելավմանը,
որովհետև ահաբեկիչների տեղափոխումը Աֆրիկա բոլորին է անհանգստացնում, չէ՞ որ այնտեղ
շատ ավելի դժվար կլինի նրանց հաշիվները մաքրել, որովհետև համակարգեր,
կոմունիկացիաներ, իսկ գլխավորը՝ Աֆրիկայում աշխատանքի բավարար փորձ եվրոպական
երկրներն ու Ամերիկան չունեն։ Թվում էր՝ որոշվում է ԱՄՆ ազգային անվտանգության
խնդիրը, և դրա համար, պարզվում է, պետք է գնալ Աֆրիկա և ներդնել հսկայական փողեր
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում։

ԱԲ - Դա իրոք հետաքրքիր է, իսկ ահա մեր տարածաշրջանի առումով ինձ անհանգստացնում է,
որ մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը, դեռևս
նայում են Ռուսաստանի կողմը։ Որովհետև մեզ մոտ Ռուսաստանի զգացմունքային ընկալում
կա և դա տեղափոխվում է քաղաքականության ոլորտ՝ երբ բոլորովին բացակայում է
վերլուծականը։ Իսկ ինքը՝ Ռուսաստանը հանրապետություններին անփույթ է վերաբերվում,
համենայն դեպս պահելով նրանց իր կողքին։ Ռուսական քաղաքական գործիչների ձգտումը՝
քանդակելու Միության ինչ-որ նմանակը, պատրանքային է և իրական քայլերով չի
ամրապնդվում, սակայն պալատական քաղաքագետ Սերգեյ Մարկովը, գլխավորելով Կրեմլին կից
ստեղծված նոր համակարգը՝ «Միջազգային հարցերի քաղաքացիական խորհուրդը», արդեն լայն
հայտարարություններ է անւմ իր նախկին վասալների նկատմամբ Կրեմլի տրամադրությունների
և ծանուցումների վերաբերյալ, կանխատեսելով միաժամանակ բարդացում Ռուս-ամերիկյան
հարաբերություններում։։

ՆԶ - Կարծում եմ, որ Ռուսաստանը վերապրում է իր արտաքին քաղաքականության
ռազմավարական դոկտրինի խիստ ձգձգված փուլ։ Այնպես որ մենք արտաքին քաղաքականության
մեջ այսօր մեծ մասամբ տեսնում ենք համատարած իմպրովիզացիա, մի ծայրահեղությունից
մեկ այլ ծայրահեղության անցնելու փորձեր, և ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ դա
ոչ այնքան Ռուսաստանի մեղքն է, որքան նրա դժբախտությունը ։ Այսօր Ռուսաստանում
վիճակը ավելի լուրջ է, որովհետև երկիրը թուլանում է, ծագում են նոր խնդիրներ։ Այս
բանավեճի մեջ ինտելեկտուալ ներգրավված մասնակիցների թիվը պակասում է, ընկնում է
պոտենցիալը։ Բազմաթիվ պատճառներով Ռուսաստանում մինչև օրս չի ձևավորվել
համաշխարհային նոր կարգի վերաբերյալ վերջին տասը տարվա ընթացքում կազմավորվող իր
դիրքորոշումը։ Եվ մենք տեսնում ենք...

ԱԲ - Ինչ-որ էկլեկտիկա…

ՆԶ - Նույնիսկ ոչ այնքան էկլեկտիկա, որքան փորձեր։ Հիշեք, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը,
բոլորը այսպիսի միտք ունեին, որ Ռուսաստանը Ամերիկայի հետ կդառնան աշխարհի երկու
ժողովրդավարական բևեռները։ Հետո, եթե դուք հիշում եք, կար ռուսական այսպիսի արտաքին
քաղաքական մտայնություն, որ Ռուսաստանը մի ամբողջ շարք այլ երկրների հետ կսկսի
ձևավորել մի ինչ-որ նոր այլընտրական ուժի կենտրոն՝ Չինաստանի, Հնդկաստանի և իհարկե՝
Հարավսլավիայի հետ։ Բայց Հարավսլավիայում կոնֆլիկտ ծագեց, և այդ մտահղացումը
չանցավ։ Դա Ռուսաստանի փորձն էր ապահովել իր դիրքորոշումը, գտնել իր տեղը, և այն
ժամանակ ես ելույթ ունեցա, առաջարկելով այսպես կոչված տարածաշրջանային
հավասարակշռության ըմբռնումը։ Ես առաջարկեցի ընդունել, որ Ռուսաստանը և Ամերիկան
միմյանց նկատմամբ համաշխարհային գործընկերներ այլևս չեն կարող դառնալ, որովհետև
Ռուսաստանը տեսանելի պատմական ապագայում չի կարողանա համաշխարհային մակարդակով
ապահովել Ամերիկայի հետ պարիտետը, բայց տարածաշրջանային մակարդակով Ռուսաստանը շատ
բան կարող է անել, ինչը ամերիկացիները չեն կարող՝ դրանց բարդության կամ թանկության
պատճառով։ Այսինքն, ես առաջարկեցի Ռուսաստանին դառնալ Ամերիկայի յուրատեսակ կրտսեր
եղբայրը տարածաշրջաններում։ Եվ ինձ, իհարկե, այն ժամանակ դարձյալ պիտակներ կպցրեցին
։ Բայց իմ միտքն այն էր, որ համաշխարհային հավասարակռշության բացակայության
պայմաններում այդ տարածաշրջանային հավասարակշռությունը կարող է Ամերիկային
հնարավորություն տալ ամրապնդելու իր շահերը այն տարածաշրջաններում, որտեղ
Ռուսասատանը արևմտյան երկրների համեմատ մեծ ազդեցություն ունի։ Դրա փոխարեն

Ռուսաստանը կարող է արևմտյան դաշնակիցներից պահանջել ռուսաստանյան աշխարհաքաղաքական
շահերը ներկայացնել այնտեղ, որտեղ դրանք ինքը չի կարող պաշտպանել։ Օրինակ,
Լատինական Ամերիկայում կամ Մերձավոր Արևելքում, Հարավ-Արևելյան Ասիայում - այստեղ,
կարծում եմ, ամերիկացիների հետ միանգամայն կարելի է նստել և պայմանավորվել այն
մասին, թե ով, որտեղ, ում շահերն է պաշտպանում։ Այս մտքից ևս հրաժարվեցին։ Իսկ այժմ
Ռուսաստանում հայտվեցին նոր քամիներ և համապատասխանաբար՝ նոր մտահղացում, թե
ռուսական արտաքին քաղաքականությունը պետք է հրաժարվի գլոբալ մոտեցումից և հաստատի
իր կենսական շահագրգռությունը նախկին ԽՍՀՄ տարածքում։ Կարծում եմ, դա իր դաշտը
ձևավորելու Ռուսաստանի հերթական փորձն է։ Այո, արանքում նաև եվրասիական գաղափարն է
եղել, բայց Ռուսաստանն այնքան ինքնատիպ է, որ նրա համար ոչ մի օրինակ չկա, ամեն
անգամ ինչ-որ կոնցեպցիաների վերադասավորում է կատարվում, դարձյալ, իմ կարծիքով,
առանց խոր վերլուծության և դարձյալ շատ հասկանալի չէ այդ մարմնաշարժումների հեռահար
ռազմավարական նպատակը։ Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ, դա նախկին խորհրդային
հանրապետությունների վրա հաշվարկելն է։ Ընդ որում նախկին ԽՍՀՄ ոչ բոլոր երկրների,
այլ շատ ընտրված մասի, որտեղ Ռուսաստանը իր համար ամրապնդվելու հնարավորություն է
տեսնում։ Կարծում եմ, որ սա ևս այնպիսի միտումներից մեկն է, որը հայտնվեց, որովհետև
հարկավոր էր գոնե ինչ-որ մի արտաքին քաղաքականության համակարգ մշակել։ Մտածում էին,
որ այնտեղ էական աշխարհաքաղաքական բովանդակություն կա։ Բայց ես վստահ եմ, որ
հասարակության մեջ այս առնչությամբ լուրջ բանավեճեր չեն եղել։ Ոչ մի փորձ չի եղել
հաշվելու՝ ինչպես դա կանդրադառնա աշխարհի իրադրության վրա։ Եվ արդեն բացարձակորեն
ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ բավական ցուցադրաբար անտեսվել է այդ ոլորտի բոլոր
փորձագետների կարծիքը։ Ոչ, Ռուսաստանն ունի լուրջ ազգային շահագրգռություններ
նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ, այստեղ հարցեր չկան։ Այս նախկին խորհրդային
երկրներն իրենց հերթին շահեր ունեն՝ կապված Ռուսաստանի հետ։ Իմ տեսանկյունից,
հիմնական խնդիրն այն է, որ Խորհրդային երկներում հաճախ բացակայում է այն բանի
գիտակցությունը, որ դա իրենց իրավունքն է՝ ինքնուրույն որոշել, թե ինչպես են
ապրելու։ Հնարավոր է, դա ծագում է նրանից, որ արդ երկրների ընտրախավերը սերտ կապեր
ունեն կոռուպցիայի, ռուսաստանյան ընտրախավի հետ, կամ սովորույթի ուժով և
ծուլությունից, նրանք դեռևս շարունակում են կողմնորոշվել Ռուսասատանով, իսկ կարող է
դա նրանից է, որ դեռևս գործում է հին սովետականը, իբր՝ մեզնից ոչինչ կախված չէ,
տվեք տեսնեմ՝ ինչ են այնտեղ՝ Վաշինգտոնում կամ Մոսկվայում ասում։ Այսպես թե այնպես,
փաստն այն է, որ այդ երկրների քաղաքական իմպոտենտությունը հաճախ պատճառ է
հանդիսանում, որ նույնիսկ հենց այդ ամերիկացիները Ռուսաստանի դեպքում, երկար
չմտածելով, ասում են, թե դա նրանց ազգային շահերի տարածքն է։ Իսկ որտե՞ղ է
Հայաստանի ազգային շահերի տարածքը։ ՈՒկրաինայի ազգային շահերի տարածքը։ Այսօր դա
այնքան էլ հասկանալի չէ, բայց հետսովետական ընտրախավին դա քիչ է հետաքրքրում։ Մի
անգամ ես մասնակցում էի Վրաստանում ռուսական ռազմակայանների խնդրի շուրջ բանավեճի,
և այնտեղ կար վրացական կառավարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ, Ամերիկա յի
ներկայացուցիչը նույնպես այնտեղ էր, և ես – մենք քննարկում էինք այդ խնդիրները
ուղիղ եթերում։ Եվ ահա քննարկման ընթացքում ես ասացի, որ սկզբունքով դա Վրաստանի
իրավունքն է որոշել՝ կլինեն ռուսական ռազմակայաններ Վրաստանում, թե՞ ոչ։ Եվ որոշ
դադարից հետո վրացական կառավարության այդ շատ բարձր ներկայացուցիչը ասաց.
«Այո՛,
սատանան տանի, ինչ որ այստեղ քնանարկում ենք՝ դա մեր որոշելու իրավունքն է՝ կլինե՞ն
մեզ մոտ ռուսական ռազմակայաններ, թե՞ ոչ, որովհետև մենք ինքնիշխան պետություն ենք»։ Ահա միտքն այն է, որ դուք՝ ինքնիշխան պետություններդ դեռ չեք արմատակալել բոլոր
իմաստներով՝ ինքնիշխան քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, մշակութային,
զգացմունքային, որը կուզեք։ Ես կարծում եմ, որ մեծ տերությունները դրանից միշտ
օգտվել են, և Ռուսաստանն էլ այժմ օգտվում է դրանից։ Չէ՞ որ Ռուսաստանի համար էլ
ավելի սովորական ու հարմարավետ է աշխատել այնտեղ, որտեղ եղանակը բարենպա ստ է,
այնտեղ, որտեղ կարելի է գնել ընտրախավին, կարելի է ամեն ինչ խոստանալ, կարելի է
շահագրգռել այնպիսի լուրջ բաներով, ինչպես պաշտպանությունը, զենքի, նավթի
մատակարարումը, էներգետիկան են։ Տեսեք, օրինակ, ինչ է կատարվում Թուրքմենստանում,
առավել ևս, որ այնտեղ կա հինգերորդ շարասյուն, որին ցանկության դեպքում կարելի է
օգտագործել, այսինքն, ես կարծում եմ, որ այդ իրավիճակը մեծ մասամբ կապված է սեփական
գրպանները լցնելու հետ, դա, կարելի է ասել, գերակա դեր է խաղում և պարզեցնում է
Ռուսաստանի խնդիրը՝ այդ երկրները դարձնել իր ազգային շահերի կենտրոններ։ Չնայած
իսկապես, այնտեղ առկա են Ռուսաստանի ազգային շահերը, անվիճելի է, բայց փաստն այն է,
որ Ռուսաստանը կարող է հաստատել իր ազգային շահերը Հայաստանում, Վրաստանում,
Ադրբեջանում, ՈՒկրաինայում այն դեպքում միա յն, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը,
ՈՒկրաինան համաձա յն լինեն և համակարգեն այդ պայմանները Ռուսաստանի հետ։ Բայց,
կարող է, նրանք ուզում են դա անել Վաշինգտոնի կամ Պեկինի հետ։ Դա իրենց գործն է,
իրենց սուվերեն գործն է, այդ նորաստեղծ երկրներում դեռևս չեն ընկալում։ Այստեղ շատ
ուժեր կան, որոնք խանգարում են դա հասկանալուն, այդ թվում և՝ Մոսկվայում։ Կարող են
ասել, որ դա լավ է։ Իսկ ես ասում եմ, որ դա վատ է, որովհետև դա պետք է կատարվի
գիտակցված կամավորության հիմքի վրա, և ոչ թե ստիպմամբ։ Ես կարծում եմ, որ Արևմուտքի
հետ լուրջ բանավեճեր այս ուղղությամբ չեն լինի։ Կլինեն, իհարկե, որոշ դիվանագիտական
մարմնաշարժումներ ՈՒկրաինայում ընտրությունների կապակցությամբ, չեն բացառվում
Կոնֆլիկտները Վրաստանում, բայց, կարծում եմ, որ ռուս-արևմտյան հարաբերություները,
Ռուսաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այսօր հիմնարար կտրվածքում
ունեն շատ ավելի լուրջ խնդիրներ, քան բանավեճերը թբիլիսյան իրադարձությունների
շուրջ։ Այսինքն, ես կարծում եմ, կոնֆլիկտներ հնարավոր են, անհարթություններ
հնարավոր են, ոմանք կփորձեն այդ կոնֆլիկտները առավելագույնս ուռճացնել, հատկապես՝
նախկին ԽՍՀՄ երկրներում, որպեսզի այդտեղ որքան հնարավոր է քաղաքական դիվիդենդներ
աշխատեն։ Ետսովետական պետություններում քաղաքական բարենորոգման անհրաժեշտության
հարցը ներառնելու է նաև քաղաքական արժեքների աուտենտիկ համակարգի ստեղծումը, այդ
թվում և արտաքին քաղաքականության ոլորտում։ Բայց այստեղ մենք բախվում ենք այն բանի
հետ, որ այդ երկների քաղաքական վերնախավերը հաճախ այդ գործընթացը վիժեցնում կամ
նենգադուլի են ենթարկում։

ԱԲ - Ահա այստեղ ես կուզեի հարցնել, ի՞նչ եք դուք մտածում ռուսաստանյան
դեմոկրատների մասին, արդյո՞ք նրանք ամեն ինչ են արել՝ ժողովրդավարության ծիլերը
պահպանելու համար։

ՆԶ - Ես կարծում եմ, դա մի հարց է, որը պահանջում է լուրջ քննարկում, որովհետև
գտնում եմ, որ Ռուսաստանը ժողովրդավարության հարցում տապալվել է, դա պետք է
ընդունել, միևնույն ժամանակ դժվար թե այսօր որևէ մեկը պատրաստ է պատասխան տալու՝
ինչու այդպես եղավ, ընդ որում, ինչ-որ տարրերի հարցում պատասխաններ կարելի է
շոշափել, և դրանցից մեկը, իմ կարծիքով, այն է, որ շատերը ժողովրդավարության
հատկանիշները ընդունել են իր՝ ժողովրդավարության տեղ՝ ռուսական դիվանագետների
անփորձության, ծուլության, անգիտության, ավելորդ էնտուզիազմի ուժով, որոնք
հիշեցնում էին սովորական դեռահասների։ Օրինակ, իմ դուստրը 16 տարեկանում ամեն ինչ
գիտե բոլորից լավ և նրա համար ոչ մի հեղինակություն գոյություն չունի։ Այսպես
ուրեմն, այս ավելորդ էնտուզիազմը, որը սովորաբար երեխաների ու դեռահասների մոտ է
լինում, և ժամանակի հետ անցնում է, դա առկա է նախկին Խորհրդային Միության շատ

դեմոկրատների մոտ, որովհետև նրանք գտնում են, որ եթե իրենք ծանոթ են անգլիական,
շվեդական, ամերիկյան ժողովրդավարությանը, ապա գիտեն ամեն ինչ, և ուսուցիչներ իրենց
պետք չեն։ Այսինքն, մի կողմից ինքնախաբեություն, հաջողություններից գլխապտույտ,
հիշեք Իոսիֆ Վիսարիոնովիչին։ Մինչդեռ իրականում հսկայական հաջողություններ իսկապես
եղել են, դե, թեկուզև՝ տապալեցին կոմունիզմը, մեզ համար այժմ ծովը ծնկներից է։ Իսկ
երկրորդ՝ այն, ինչ արդեն ասացի՝ արտաքին ժողովրդավարական ձևերի ընդունումը բուն
ժողովրդավարության փոխարեն. մեզ մոտ կան, անց են կացվում ընտրություններ, նշանակում
է՝ ժողովրդավարական երկիր էնք, ես կարող եմ հայհոյել նախագահին մամուլում,
նշանակում է՝ ժողովրդավարական երկիր է։ Այո, Ռուսաստանում կան ժողովրդավարության
բոլոր հատկանիշները, բայց չկա ժողովրդավարություն։ Այսպիսի բան լինում է պատմության
մեջ, բայց քանի որ ժողովրդավարները վստահեցնում էին, որ ժողովրդավարության
հատկանիշները հենց դեմոկրատիան են, իսկ իրենց այլևս ոչ ոք չէր հավատում, ապա
համոզվելով սեփական քաղաքական կոլապսում, նրանք նշանակալի չափով ստիպված եղան
հեռանալ քաղաքական ասպարեզից։ Կա ևս մի տարր, որը չի կարելի հաշվից դուրս թողնել։
Դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանում ժողովրդավարությունը մտավ որպես
արևմտյան գաղափար, արևմտյան քղաքակրթության գաղափար։ Լինելով պատմաբան, ես գիտեմ,
որ ռուսաստանյան հասարակության մեջ գոյություն ունի և միշտ եղել է անվստահություն և
կասկածամտություն այն խնդրի շուրջ, որ Ռուսաստանում ամեն ինչ, սկսած Նապոլեոնից և
Հիտլերից և վերջացրած վերակառուցումով, ծագում էր արևմուտքից, և ճանաչելով
ռուսաստանցու կասկածամիտ ոգին, որը գտնում է, որ արևմուտքից ոչ մի լավ բան երբեք չի
գա, իսկ արտաքուստ լավի տակ ծածկվում է թալանելու և դեն նետելու գաղափարը, ապա ես
հասկանում եմ, որ ռուսաստանցիներին պետք է, որ իրենց մոտ լինի տիպիկ ռուսաստանյան
ժողովրդավարություն։ Ես կարծում եմ, սա իր դերն է խաղացել այն բանում, որ
Ռուսաստանում շատ շատերը չէին ընկալում ժողովրդավարությունը որպես իսկապես պետքական
բան։ Գաղափարը, թե առանց ժողովրդավարության ավելի վատ է, քան ժողովրդավարության
դեպքում, կարող է միայն ներքին գաղափար լինել։ Այդ գաղափարը պարտադրել ատոմային
գերտերության ժողովրդին չի կարելի, անհնար է։ Վերջին 15 տարում աջերը փորձում էին
բացատրել բնակչությանը, որ առանց ժողովրդավարության ավելի վատ է, քան
ժողովրդավարության պայմաններում։ Ժողովուրդը այդ գաղափարը ընկալում էր շատ
կասկածամտորեն, արդյունքում դրսից ժողովրդավարություն պատվաստելու փորձը ֆիասկո
ունեցավ, օրգանիզմը այն վանեց։ Գումարած դրան՝ կար խաբեություն – մարդկանց ասում
էին, որ այժմ նրանցն է իշխանությունը, և այլևս ինքը կլուծի ամեն ինչ, իրականում այն
ոչինչ չէր լուծում և իշխանություն նրանց մոտ ինչպես առաջ, այնպես էլ այժմ՝
գոյություն չուներ։ Նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում դա է՛լ ավելի տեսանելի էր, քան
Ռուսաստանում։ Ես կարծում եմ, որ երրորդ տարրը կապված է հսկայածավալ տնտեսական
կոլապսի հետ, որին հանգեցրին Ռուսաստանում ազատականացման փորձերը։ Այս տարրը ամենից
հեշտը կլինի հաղթահարել, քանի որ մենք գիտենք, որ ժողովրդավարության օրոք, որպես
կանոն, ժողովուրդը ապրում է ավելի հարուստ և հաջողակ է տնտեսական առումով, քան
ոչ-դեմոկրատիայի դեպքում։ Այս տարրը վերապրելի է, սակայն հաղթահարել աառաջին երկու
տարրերը ռուսական ազատականների ներկա սերնդին մեծ հաշվով չհաջողվեց։ Դա չի հաջողվել
ռուս ազատականների ոչ մի սերնդի՝ Ռուսական ողջ պատմության ընթացքում։ Այդ ամենն էլ
հաճախ է պատահել Ռուսաստանի պատմության մեջ, ռուսական ազատականության պարտությունը
ժողովրդի կողմից չնկատված մնաց։ Հիշու՞մ եք, «Բորիս Գոդունովի» վերջում ժողովուրդը
լռում է։ Ինչ-որ նենգափոխում կատարվեց, երբ ժողովրդին առաջարկեցին ազատության կամ
սեփականության ընտրություն։ Ժողովուրդը գերադասեց սեփականությունը, և ոչ թե
ազատությունը։ Այսպիսով նա կորցրեց ոչ միայն ազատությունը, այլև հենց
սեփականությունը։ Որոշ առավել զգայուն շերտեր ռուսական հասարակության մեջ նոր-նոր
սկսում են մոտենալ այդ հասկանալուն, սակայն նման ընկա լւմ զանգվածաբար առայժմ չկա։
Դե, իհարկե, այն, ինչի մասին դուք խոսում էիք՝ որ ռուսաստանյան լիբերալները իրենց
ճիշտ չեն պահել, դա իսկապես այդպես է, նրանք բիզնեսով, կարիերայով էին զբաղվում և
այլն։ Եվ ընդհանրապես ներկայացնենք պատկերը. ռուսական ազգաբնակչության 90 տոկոսը
կարիքի մեջ է, և նստած է այդ Նեմցովը մասնավոր հրատարակչությունում՝ լապթոփի
առջև...

ԱԲ - Գեղեցիկ դիրք ընդունած... Այդպիսի սխալներ չափազանց շատ են եղել։

ՆԶ - Բայց դա չարամտությունից չէր արվում, այլ այն պատճռով, որ ազատականների այդ
նույն շերտը խորապես զբաղված էր հաջողությունով – մենք ինքներս գիտենք՝ ինչպես
լուծել խնդիրները, ինչպես կառուցել ժողովրդավարությունը։ Բանն այն է, որ
Ռուսաստանում ժողովրդավարությունը բոլորին ծայրահեղորեն պետք է մի պարզ պատճառով.
դուր է գալիս մեզ թե ոչ, բայց ժողովրդավարությունը ամենականխատեսելի քաղաքական
վարչակարգն է։ Իսկ Ռուսաստանը, ինչպես մենք գիտենք, ճանաչված է իր
անկանխատեսելիությամբ։ Այդ պատճառով, կարծում եմ, քանի որ ոչ ոք չգիտի՝ ինչ կարող է
պատահել հին Կրեմլի պատերից այն կողմ, միակ միջոցը՝ հաղթահարելու ռուսական
անկանխատեսելիությունը, դա փորձելն է Ռուսաստանը դնել ժողովրդավարական զարգացման
ուղու վրա։ Ստացվում է այնպիսի իրավիճակ, որ մի կողմից ազատականության կործանումը
դա ռուսաստանցիների ներքին գործն է, իսկ մյուս կողմից մենք այստեղ պետք է նստենք ու
ծոծրակներս քորենք, որովհետև հայտնի չէ՝ էլ ով այնտեղ իշխանության կգա 2008
թվականին։ Քանի դեռ Պուտինը Կրեմլում է, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը
Արևմուտքի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշում չի ընդունի։ Ինչպես գիտենք, ռուսական
քաղաքականությունը և ռուսական պատմությունը միշտ աչքի են ընկել մի շատ համառ
հանգամանքով. յուրաքանչյուր նոր Կրեմլ մտնող ջարդում էր այն ամենը, ինչ եղել է մինչ
իրեն։ Այդ պատճառով հավանականության մեծ տոկոսով կարելի է ենթադրել, որ ոչ
ժողովրդավար իշխանության պայմաններում, իշխանության գալու ոչ ժողովրդավարական
ընթացակարգի պայմաններում Պուտինի տեղը եկած մարդը կսկսի ջարդել այն, ինչ
մտահաղցված էր Պուտինի կողմից, հեռացնել նրա մարդկանց, ցրել նրա կազմավորումները,
այլապես ինքը չի կարողանա պահել իշխանությունը, ստիպված կլինի պայքարել նրա համար։
Եվ ինչ որ արեց Պուտինը Ընտանիքի հետ, ինքը լինելով այդ Ընտանիքի դրածոն, այն էլ
կանի իր հաջորդը։ Այստեղից էլ անկանխատեսելիությունը, իսկ եթե անկանխատեսելիություն
է, ապա պետք է շարունակել միջուկային վարժանքները արևմուտքում։ Իսկ եթե Ռուսաստանը
դառնա բաց, նորմալ ժողովրդավարական երկիր, հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես է
ընթանում քաղաքական բանավեճը երկրում։ Կանխատեսելիության տարրերի բազմազանություն
կհայտնվի, չէ՞ որ ազատականացումը գործնականում ըստ էության բացության հոմանիշն է։
Բայց Ռուսաստանում դա ամենևին բաց համակարգ չէ, Կրեմլը դարձել է պարզապես
բրեժնևյան, այդ պատճառով, մի կողմից դա Ռուսաստանի ներքին գործն է՝ որոշել, պե՞տք է
իրեն ժողովրդավարություն, թե ոչ, բայց այդուհանդերձ դա նաև մեր անմիջական ազգային
շահն է, բոլոր մեր՝ Ռուսաստանիզ դուրս ապրողներիս։

Վաշինգտոն 2004