ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ ճարտարապետների նամակը ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին
Մեծարգո Պարոն Մարգարյան
Դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր միջամտությունը` մեր կողմից բարձրացված հարցերի
վերաբերյալ:
2004 դեկտեմբերի 14-ին No 2120-կառավար. և 2005թ. փետրվարի 15-ին No 178 Ձեզ դիմած
նամակներով մի խումբ գիտնական-ճարտարապետներ իրենց մտահոգությունն էին հայտնել
Երևանում պատմամշակութային հուշարձանների պահպանության խիստ անբավարար վիճակի
վերաբերյալ և ներկայացրել մի քանի կետից բաղկացած առաջարկություններ` հարցը
կարգավորելու նպատակով: Անցած երկու տարիների ընթացքում որոշ դրական
փոփոխություններ կարծես սկսեցին ի հայտ գալ հուշարձանների պահպանության ասպարեզում:
Չնայած դրանք դեռ նախագծային բնույթ են կրում, մենք մեր խորին շնորհակալությունն
ենք հայտնում, քանի որ համապատասխանում են մեր կողմից առաջարկված հարցադրումների
երեք կետերին, որոնք վերաբերում են Երևանի պահպանական գոտեվորման և Գլխավոր
պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված
տարածքի նախագծերին, հուշարձանների տեխնիկական վիճակների ուսումնասիրության
գործընթացին:
Սակայն ակնհայտ է, որ գործնականում պատմամշակութային ժառանգության պահպանության
խնդիրը մնում է խիստ անկայուն վիճակում և նոր ժամանակաշրջանի (19-20 դարի սկզբի)
հուշարձանները շարունակում են քանդել:
Ամենատագնապայինն այն է, որ քանդում են Երևան քաղաքի պատմության և մշակույթի
անշարժ հուշարձանների Պետական ցուցակում` (Ձեր կողմից 2004 թ. նոյեմբերի 26-ին հաստատված և
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2004 թ. դեկտեմբերի 2-ին վավերացված)
գրանցված հուշարձանները, որոնք պահպանվում են Պետության կողմից` համաձայն
Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և
օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (հոդված 13, ընդունված 1998 թ.
նոյեմբերի
11-ին):
Պետական ցուցակը հրատարակվելուց հետո, երկու տարվա ընթացքում Երևան քաղաքի
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների Պետական ցուցակում գրանցված Կենտրոն
թաղի 19-րդ դարի 102 կառույցներից քանդվել են 11-ը, այսինքն` 11%-ը (Հավելված
1): Դրանց թիվն ավելացնում են շենքերը, որոնք քանդվում են` հետագայում մի
պատը վերականգնելու նպատակով, ինչը տարակուսելի է որպես հուշարձան-շենքի պահպանման
ձև և անընդունելի` հատկապես պատմական շենքի դեպքում:
Հայաստանի Կառավարական պատմական շենքին (Սփյուռքահայության հետ մշակութային կապի
կոմիտե) այսօր սպառնում է նույն ճակատագիրը. Համաձայն վերջերս հաստատված նախագծի`
հուշարձանը զրկվելու է իր գերագույն պատմական արժեքից: 1905 թվականից` նահանգապետի
գրասենյակ, 1918-1920 թվականներին` Հայաստանի Հանրապետության մինիստրների խորհրդի,
1920-ական թվականներից՝ Հեղկոմ, Ժողկոմխորհ, Խորհրդային կառավարության առաջին շենք
այս հուշարձանը անմիջականորեն անձնավորում է Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր
Խատիսյանի, Արամ Մանուկյանի, Ալեքսանդր Մյասնիկյանը և հայ պետական այլ ականավոր
գործիչներին:
Ակնկալում ենք Ձեր անհետաձգելի միջամտությունը` կարևորագույն, պետական նշանակության
հուշարձանի ոչնչացումը կանխելու համար:
Մեր խորին համոզմամբ` հատկացված հողամասում նոր օբյեկտի կառուցումը կարող է տեղի
ունենալ միայն պատմա-ճարտարապետական հուշարձանի ծավալա-տարածական լուծումը
պահպանելով:
Կանխավ շնորհակալությամբ`
Խորին հարգանքով՝
Վ. Մ. Հարությունյան
ՀԱԱ ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Ա.Հ.Գրիգորյան
ՃՇԳՌԱ, ՄՃԱ մոսկ. բաժ., ՈՒՃԱ ակադեմիկոս,
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Ա. Խ. Թորամանյան
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Լ. Կ. Դոլուխանյան
ճարտարապետության դոկտոր
Դ. Գ. Քերթմենջյան
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Մ. Ա. Գասպարյան
ճարտարապետության դոկտոր
