ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցությունն առայսօր հնարավորություն չունի օգտվելու փաստաթղթային ու տեղեկատվական զինանոցից
Բաց նամակ
«ժառանգության» գրասենյակի արգելափակման տարեդարձի առիթով
2005թ. աշնանից սկսած` «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական եւ քաղաքական
գործունեության աշխուժացումից հետո, գործող վարչակարգը բռնաճնշումների արշավներ է
սանձազերծել ընդհանրապես կուսակցության շարքային անդամների եւ մասնավորապես` նրա
հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:

2006թ. մարտի 4-ին իշխանությունների հրահանգով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնի տնօրենությունը ապօրինաբար կողպեց կուսակցության
կենտրոնական գրասենյակի մուտքի դուռը: Այդ պատճառով Հովհաննիսյանը ցայսօր օտարված է
իր սեփականությունը տնօրինելու իրավունքից, խաթարված է կուսակցության բնականոն
գործունեությունը, իսկ վարչության անդամներն ու գրասենյակի աշխատակիցները զրկված են
գրասենյակում գերեվարված փաստաթղթային պահոցից եւ հատկապես պաշտոնական գրանցումների
համար հրամայական` «Ժառանգության» կանոնադրության բնօրինակից օգտվելու
հնարավորությունից:
2006թ. հունիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր
Էդուարդ Ավետիսյանի կայացրած վճիռը հաստատեց գրասենյակի արգելափակման
հակաօրինականությունը: Սակայն այս բացառիկ որոշումը երբեք ի կատար չածվեց, եւ
օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որոնց դիմել է կուսակցությունը (ոստիկանություն,
դատախազություն, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ), որեւէ արդյունք չեն տվել. միշտ
անօրինական մերժումներ են ստացվել «ամենավերեւների» թելադրանքով գործող հայրենի «արդարադատության»
ատյաններից:
Մինչ օրս գրասենյակը կնքված է. այն իրականացրել է Երեւանի Կենտրոն բաժնի Դատական
ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը: Դռները վերաբացելու եւ գույքի
դուրսբերման համար ժամանակ ու պատեհություն ընձեռելու վերաբերյալ կուսակցության
կողմից ԴԱՀԿ ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին եւ
հանրապետության օմբուդսմենին ուղղված բոլոր դիմումները (վերջինն ուղարկվել է 2007թ.
փետրվարի 1-ին), հակառակ օրենքի պահանջին ու քաղաքավարության նորմերին, մնում են
անպատասխան:
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ժառանգություն» կուսակցությունն առայսօր
հնարավորություն չունի օգտվելու փակի տակ պահվող կենտրոնական գրասենյակի
փաստաթղթային ու տեղեկատվական զինանոցից, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` դեռեւս
շարունակվող քաղաքական հանցագործության պատանդը հանդիսացող իր անձնական
սեփականությանը տիրապետելու իրավունքից: Քանի որ սա ակնհայտորեն հակասում է
Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները երաշխավորող
դրույթներին, եւ կուսակցությունը չի կարող նախընտրական շրջան մուտք գործել առանց
համակարգիչների, տեղեկատվական բազայի ու գույքի, «Ժառանգությունը» ԴԱՀԿ
ծառայությանը եւս մեկ անգամ կոչ է անում` կատարել դատարանի վճիռը եւ վերականգնել
Հայաստանի քաղաքացու սեփականության տարրական իրավունքը:
Եթե մինչեւ այս ամսվա վերջը, այսինքն` գրասենյակի ապօրինի փակման մեկամյա
տարեդարձին եւ մոտալուտ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որեւէ գործնական
քայլ չարվի, «Ժառանգությունը» ստիպված կլինի իր սահմանադրական իրավունքներն իրացնել
արտակարգ իրավիճակում:
19 փետրվարի 2007
Երեւան
