ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրությունը թերահավատ է իրավապահ համակարգի հանդեպ
2007 թվականի ապրիլի 2-ին, ժամը 22:20-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի մայրուղու
Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են
արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական ավտոմեքենայի «Մերսեդես»
մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10
պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ: Կրակահերթի հետեւանքով ստացած
հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի
հինգ ուղեւորներից երեքը` Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված 1985թ.), Սիսակ Արամի
Վարդանյանը (ծնված 1981թ.) եւ Հովհաննես Լեւոնի Միրզախանյանը (ծնված 1970թ.) տեղում
մահացել են: «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը
ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական
կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել
վիրահատության:
Դա վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած հերթական աղմկոտ միջադեպի մասին
Գլխավոր դատախազության հաղորդագրությունն է: Մինչ այդ, անցած մի քանի ամիսների
ընթացքում Հայաստանում մահափորձի զոհ էին դարձել Հարկային Պետական ծառայության
օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը, Նալբանդյան գյուղի
գյուղապետը, քրեական հեղինակություն Ալեքսանդր Գիվոեւը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի
նախկին ղեկավար Ստեփան Զատիկյանի որդին: Տեղի են ունեցել նաեւ ավելի փոքր «տրամաչափի»
սպանություններ: Դրանց բոլորին կարելի է միավորել միեւնույն շղթայի մեջ`
անպատժելիներ: Այդ սպանություններից որեւէ մեկը դեռ բացահայտված չէ, ինչը
հանրության զգալի հատվածին հիմք է տալիս կարծելու, որ սպանությունները կազմում են
ներքաղաքական զարգացումների ամբողջական շղթա եւ ունեն հզոր կազմակերպիչներ եւ
պատվիրատուներ: Հանրության մեծամասնությունը նաեւ կարծում է, որ այդ
սպանությունների անպատժելիությունը դրանց շարունակականության պատճառն է:
Քաղաքական ենթատեքստ փնտրելու հիմք էր հանդիսացել նաեւ այն, որ մահափորձը տեղի էր
ունեցել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահից մի շաբաթ անց, եւ այն օրը,
երբ ՀՀԿ խորհուրդը հավաքվել էր ու վարչապետի նոր թեկնածու առաջադրել Սերժ
Սարգսյանին: Վարդան Ղուկասյանի վրա կրակել էին հենց այդ նիստից հետո տուն
վերադառնալիս:
Առաջիններից մեկը, որ դեռեւս հիվանդանոցում էր տեսակետ հայտնել իր կուսակցի դեմ
կատարվածի մասին, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանն էր, որը կարծիք էր հայտնել, թե
մահափորձն ուղղված էր Հանրապետական կուսակցության դեմ: Սակայն «տաք հետքով» տված
գնահատականից հետո կուսակցությունը հանդես եկավ կրքերը որոշակիորեն սառեցնող
հայտարարությամբ: «Ապրիլի 2-ին ՀՀԿ խորհրդի նիստից Գյումրի վերադարձի ճանապարհին
մահափորձ է կատարվել Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի
նկատմամբ, որի արդյունքում մահացել են նրա ուղեկիցներից երեքը, իսկ երկուսը եւ
Վարդան Ղուկասյանը ծանր վիրավորվել են: ՀՀԿ խորհուրդը ցավակցում է ավազակային
հարձակման զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին, դատապարտում է կատարված
ոճրագործությունը եւ իրավապահ մարմիններից վճռականորեն պահանջում է արագորեն
բացահայտել հանցագործներին եւ խստագույնս պատժել: Մենք համոզված ենք, որ
հասարակական կյանքի կայունության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն անհաջողության
է դատապարտված»:
Հանրապետականն իր կուսակցության մամուլի քարտուղարի շուրթերով հայտարարեց, որ
մահափորձի գնահատականը կտա քննության ավարտից հետո: Այդպիսի դիրքորոշում որդեգրեցին
նաեւ շատ այլ կուսակցություններ, այդ թվում նաեւ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՄԱԿ-ը, եւ
մասամբ նաեւ Դաշնակցությունը: ՀՅԴ գործիչները պարզապես չբացառեցին, որ մահափորձը
կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ: Բայց եղան նաեւ քաղաքական դեմքեր, որոնք
գրեթե միարժեք հայտարարեցին, որ տեղի ունեցածը քաղաքական սպանության փորձ էր:
«Դա քաղաքական հաշվեհարդարի շարք է: Մեր երկիրը կորցնում է իր իմունիտետը եւ չի
կարողանում այլեւս դիմագրավել ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Դա կարող է
կատարված լինել Ղուկասյանի` որպես քաղաքապետ գործունեության պատճառով կամ ՀՀԿ-ական
լինելու պատճառով: Չեմ բացառում, որ կարող էր լինել ֆինանսական, անձնական
հաշվեհարդար: Բայց քանի որ նրա հետ էլ ինը հոգու են կրակել, այն էլ` ՀՀԿ-ի նիստից
հետո, պատճառը քաղաքական էր»:
Դա ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանի
գնահատականն էր, որ նա տվել էր «Հայկական Ժամանակ» օրաթերթում: Միավորված
Կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը սպանությանը տվել էր գրեթե
աշխարհաքաղաքական երանգ, Փաստարկ ակումբում հայտարարելով, թե դա դրսից կազմակերպված
քայլ էր, որի նպատակը Հայաստանն ապակայունացնելն է: Առավել կոնկրետ էր արտահայտվել
Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, ներկայում Դաշինք կուսակցության նախընտրական
համամասնական ցուցակի 4-րդ համար Հմայակ Հովհաննիսյանը: Հմայակ Հովհաննիսյանը
հայտարարել էր, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ հարցեր լուծող եւ որոշիչ դերակատարություն
ունեցող առաջատար հնգյակի մեջ էր, եւ անկասկած է, որ սպանությունն ուներ
քաղաքական-նախընտրական բնույթ:
Իսկ ահա խորհրդարանի մեկ այլ անկախ պատգամավոր, թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական
ընտրակարգով կրկին պատգամավորի թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանը հրապարակեց
տրամագծորեն հակառակ տեսակետ: Ըստ նրա, Գյումրիի քաղաքապետը քաղաքական նվազ
ազդեցության տեր մարդ էր, եւ նրա դեմ մահափորձը քաղաքականացնելու համար անհրաժեշտ է
ունենալ քաղաքական հումորի մեծ զգացում: Դալլաքյանը նաեւ հիշեցրել է, որ Վարդան
Ղուկասյանն ու նրա հարազատները բազմիցս առնչվել են ինչ-ինչ «ռազբորկաների»: «Ռազբորկաների»
վարկածն ավելի վաղ առաջ էր քաշել «168 ժամ» թերթը, որ մահափորձից հետո դա
ներկայացրել էր որպես կատարվածի դրդապատճառի հիմնական վարկած. «Գյումրիի
քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի պատճառների վերաբերյալ
հիմնական վարկածը ոչ քաղաքական է: Այս օրերին բոլորը խոսում են, որ Վ. Ղուկասյանը,
չնայած իր «աստվածավախությանը» (ինչպես հայտնի է` նա սովորաբար եկեղեցի է մտնում
ծնկաչոք եւ բոլոր առիթներով խոսում է իր` հավատացյալ լինելու մասին), աչքի է ընկել
իր արկածախնդիր պատմություններով: Հատկապես Գյումրեցիներին հայտնի է եւ մամուլում
բազմիցս է գրվել նրա եւ նրա որդու մասնակցությամբ տարբեր «ռազբորկաների» մասին: Ընդ
որում, այդ արկածախնդրությունները հիմնականում ավարտվել են զինված բախումներով:
Վերջին տարիներին Գյումրիում հաճախակիացել են օրը ցերեկով զինված «ռազբորկաները»:
Ըստ տարածված վարկածների` այս մահափորձը կարող է լինել այդ դեպքերից մեկի
շարունակությունը»:
Առայժմ շատ աղքատ է գործի քննության մասին տեղեկությունը, որը սահմանափակվում է
միայն դեպքի վայրի զննությունից հետո հայտնաբերված պարկուճների քանակով ու դեպքի
նկարագրության մի քանի մանրամասներով, որոնք էական ոչինչ չեն ավելացնում դեպքի
մասին պաշտոնական առաջին հաղորդագրությանը: Համենայն դեպս քննության առաջին շաբաթը
հանրությանը համար շոշափելի բացահայտումներ չի արել: Թերեւս քիչ են նաեւ այդպիսի
բացահայտումներ սպասողները, որոնք հիմնականում նշում են ավելի վաղ կատարված եւ
դեռեւս չբացահայտված սպանությունների օրինակները, չնայած անգամ հանգամանքին, որ
Հայաստանի նախագահն էր սպանությունից հետո հրավիրել արտակարգ խորհրդակցություն եւ
իրավապահներին հանձնարարել էր արագ բացահայտել գործը: Ռոբերտ Քոչարյանն այդպիսի
հանձնարարություն էր տվել նաեւ 2006 թվականի սեպտեմբերին, երբ սնավցե հարկային
ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը: Բայց
նախագահի այդ հանձնարարությունը դեռ կատարված չէ: Քաղաքացիների զգալի մասը չի
հավատում նաեւ, որ կկատարվի նոր հանձնարարությունը: Թերեւս դրա համար էլ հերթական
աղմկոտ սպանությանը հանրային արձագանքը գրեթե զրո էր: Փոխարենը հանրությունը երեւի
թե ավելի շատ հավատում է այն կանխատեսումներին, որ նախընտրական ժամանակահատվածում
այդօրինակ միջադեպերը կարող են հաճախակիանալ: Համենայն դեպս Վիկտոր Դալլաքյանի այդ
կանխատեսումը որեւէ խուճապ կամ մտահոգություն հասարակական շրջանակներում չի
առաջացրել: Թերեւս բոլորի համար դա սպասելի էր առանց Դալլաքյանի ասելու էլ: Գուցե
սպասելի էր նաեւ իրավապահների համար: Այդ կառույցներից որեւէ մեկը պատգամավորի
հայտարարությունից հետո հանրությանը հակառակում համոզելու փորձ դեռեւս չի արել:
Չնայած հայտնի չէ, թե ինչքան համոզիչ կլինի իրավապահ եւ իրավապահպան որեւէ կառույցի
խոսքը հասարակության համար, եթե հաշվի առնենք այն ցուցանիշները, որ ամիսներ առաջ
հրապարակել էր Տրանսպարանսի Ինտերնեշնլի հայաստանյան կառույցը: Այդ կառույցի
հարցման տվյալով, քաղաքացիների մեծամասնությունը իրավապահ համակարգը համարում է շատ
կոռումպացված: Ոստիկանությանը շատ կոռումպացված է համարում քաղաքացիների 63,3
տոկոսը, իսկ 21,6 տոկոսը համարում է պարզապես կոռումպացված: Դատախազությանը շատ
կոռումպացված է համարում բնակչության 52,4 տոկոսը, իսկ 21,8 տոկոսը համարում է
պարզապես կոռումպացված:
