ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պահանջում են արդար քննություն
Այլ նյութեր այս թեմայով՝
www.levon-gulyan.info
Голос Армении
А1+
Armenialiberty.org
Regnum
Arminfo
Hra.am
Մայիսի 13-ին Հայաստանի ոստիկանությունը հրապարակել էր պաշտոնական մի
հաղորդագրություն, որում ասված էր. «Մայիսի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 17
հասցեում գտնվող Պանդոկ ռեստորանի մոտ Ս. Վարդանյանի սպանության բացահայտման
ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 12-ին ժամը 14.30-ի
սահմաններում քրեական հետախուզության գլխավոր վարչությունէ հրավիրվել Պանդոկ
ռեստորանի տնօրեն, 1976 թվականի ծնված Լեւոն Գուլյանը: Աշխատասենյակներից մեկում
հարցազրույցի ընթացքում Լեւոն Գուլյանը վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ
օգտվելով վերջինիս բացակայությունից փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն
սայթաքելով վայր է ընկել երկրորդ հարկից եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել»:
Լեւոն Գուլյանի հարազատները համաձայն չեն ոստիկանության ներկայացրած վարկածի հետ,
նրանք չեն հավատում ոստիկաններին: Մայիսի 15-ին մի խումբ հասարակական
կազմակերպություններ բողոքի ցույց էին կազմակերպել Ոստիկանության շենքի դիմաց:
Լեւոն Գուլյանի հարազատները պնդում են, որ Գուլյանը ոչ թե մահացել է փախուստի
ժամանակ վայր ընկնելու, այլ ոստիկանությունում ծեծի ենթարկվելու եւ պատուհանից ցած
գցվելու: Հարազատներն ունեն դատաբժշկական նախնական եզրակացությունը, որն տվել է
բժիշկ Ա. Դարբինյանը: «Ուրեմն նախնական տվյալներով, կյանքի հետ անհամատաղելի
մարմնական վնասվածքներից է մահը վրա հասել, ուրեմն գլխի, կրծքավանդակի, որովայնի,
ողնաշարի, ուրեմն, գանգի հիմքի թաղանթի, կողոսկրների, ողերի կոտրվածքներով», ասում
է մայիսի 15-ի բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկը` իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:
Նա եւ Լեւոն Գուլյանի հարազատները հանդիպեցին ոստիկանության պետի տեղակալներ Արարատ
Մահտեսյանի եւ Արմեն Երիցյանի հետ: Հարազատներին ցույց են տվել այն վայրը, այն
սենյակը եւ պատուհանը, որտեղից իբրեւ թե փորձել է փախչել Լեւոնը եւ վայր է ընկել ու
մահացել է: Լեւոնի հայրն ասում է, որ իր տպավորությամբ, այն վնասվածքները, որ
նկարագրված են նախնական եզրակացության մեջ, հնարավոր չէր ստանալ միայն պատուհանից
վայր ընկնելիս:
Լեւոն Գուլյանի հարազատներին ոստիկանությունը կրկին ներկայացրել է այն իրավիճակը,
որը որ նկարագրված էր ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ:Մինչդեռ Լեւոնի
քույրն ասում է, որ իրենք ունեն վկաներ, որոնք տեսել են, որ Լեւոնին ոստիկանություն
է բերել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը:
Թամամյանը հայտնի է որպես Կենտրոնի նախկին ոստիկանապետ, որ աչքի է ընկել 2004
թվականի ապրիլին ընդդիմության համախոհների, այդ թվում եւ երիտասարդ աղջիկների
հանդեպ կիրառված բռնությունները եւ ծեծը ղեկավարելով:
Ոստիկանությունը նշում է, թե Հովիկ Թամամյանը որեւէ առնչություն չունի Լեւոն
Գուլյանին հրավիրելու եւ հարցաքննելու հետ: Նույնը հարազատներին ասել են նաեւ
ոստիկանապետի երկու տեղակալները, սակայն Լեւոնի քույրը համոզված է, որ ամեն ինչ
հակառակն է: «Իրենք ոչ մի ձեւով կապը չեն տեսնում Թամամյան Հովիկի հետ, իսկ մենք
տեսնում ենք: Իրենք ասում են, որ Թամամյան Հովիկը չի բերել: Իկս մենք ունենք վկաներ,
որոնք տեսել են, ու կարող են ասել, որ Թամամյան Հովիկն է բերել: Մենք համոզված ենք,
որ Թամամյան Հովիկն է ծեծել, կամ չգիտեմ, սպանել», ասում է Լեւոնի քույրը:
Ոստիկանությունն այդ ամենին ունի միայն մեկ պատասխան` ամեն ինչի պատասխանը կտա
քննությունը: Հարազատները եւ ոստիկանապետի տեղակալների հետ նրանց հանդիպմանը
մասնակից իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը ակնկալում են, որ քննությունը կլինի
միանգամայն արդարացի եւ մեղավորները, ովքեր էլ որ նրանք լինեն, կենթարկվեն
պատասխանատվության: Սամվել Մկրտչյանն ասում է, որ ոստիկանապետի գեներալ տեղակալները
իրենց նման խոսք են տվել, եւ «իրենք ապավինում են սպայի խոսքին»: Հանդիպման
ընթացքում ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն, որ քննությանը լիարժեք
մասնակցելու են նաեւ Լեւոն Գուլյանի հարազատները: Նրանց նաեւ հնարավորություն է
տրվելու իրականացնել սեփական փորձաքննություն, անկախծ փորձագետի միջոցով, եթե նրանց
չբավարարի ոստիկանության իրականացրած փորձաքննությունը, որի պատասխանը հայտնի կլինի
15-20 օրից: Հավանաբար հարազատները կօգտվեն արտասահմանցի որեւէ փորձագետի
հնարավորությունից, քանի որ Հայաստանում, ինչպես իրավապաշտպան Մկրտչյանն է ասում,
փորձագետները ֆորմալ առումով անկախ են, բայց փաստացի անկախ փորձագետ չկա:

