Սպանությունը բացահայտում են սպանելո՞վ

Մայիսի 12-ին Ոստիկանության շենքում տեղի է ունեցել մի միջադեպ, որը ցնցեց Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներին: Ըստ 1976 թվականին ծնված Լեւոն Գուլյանի հարազատների, ոստիկանները խոշտանգել են մի սպանության բացահայտման համար ոստիկանություն հրավիրված Գուլյանին, որի հետեւանքով նա մահացել է: Համենայն դեպս այդպես են համոզված գործով անցնող վկայի` Լեւոն Գուլյանի հարազատները: Գուլյանը «Պանդոկ» ռեստորանի տնօրենն էր: Ռեստորանի դիմաց մայիսի 9-ին տեղի էր ունեցել սպանություն: Սպանվել էր Շենգավիթի քրեական հեղինակություններից մեկը` Ստեփան Վարդանյանը: Ոստիկանությունն այդ գործի առնչությամբ, «Պանդոկի» տնօրեն Լեւոն Գուլյանին մի քանի անգամ հրավիրել էր Շենգավիթի ոստիկանության բաժին: Մայիսի 12-ին, նրան հրավիրել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղ էլ նա մահացել է: Ոստիկանության տվյալներով, որը հրապարակվել է պաշտոնական հաղորդագրության տեսքով, Գուլյանը հարցաքննությունից առաջ ջուր է ուզել, եւ մինչ նրան կբերեին ջուրը, փորձել է երկրորդ հարկի պատուհանից փախուստի դիմել, ինչի պատճառով սայթաքել է, վայր ընկել ու մահացել:

Գուլյանի հարազատները պնդում են հակառակը: Նրանց խոսքով, Լեւոնին ծեծել են, իսկ հետո ցած նետել պատուհանից: Ընդ որում, հարազատները տալիս են նաեւ ծեծողի անուն` քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովիկ Թամամյան: Նա Կենտրոնի նախկին ոստիկանապետն էր, լայն հասարակությանը հայտնի է իր առանձնակի դաժանությամբ, ինչը հատկապես «փայլուն» դրսեւորել էր 2004 թվականի ապրիլյան օրերին, ընդդիմության գրասենյակների վրա ոստիկանության կազմակերպած «արշավանքի» ժամանակ: Լեւոն Գուլյանի հարազատները նշում են, որ ունեն վկաներ, որոնք կարող են ասել, որ Լեւոնին անձամբ Հովիկ Թամամյանն է իր մեքենայով տարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը, որը Գուլյանի կնոջ ներկայացուցիչն է, երեկ «Առավոտին» ասաց, որ չի ընդունում պաշտոնական տեղեկությունը: Նա ասաց, որ ոստիկանություն «չեն հրավիրում»:, այլ ծանուցագիր են ուղարկում, ինչը Գուլյանի դեպքում չի եղել: Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Գուլյանի նկատմամբ կիրառվել է ծեծ: Փաստաբանը մասնակցել է (նախաքննական մարմնի թույլտվությամբ) դիակի դատաբժշկական փորձաքննությանը: Ըստ նրա՝ «Հիմքեր ունեմ հայտարարելու, որ նա մահացել է խոշտանգումների արդյունքում»«, մայիսի 15-ի իր համարում գրում է «Առավոտ» օրաթերթը: Ծեծի վարկածն առավել հավանական է դարձնում նաեւ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացությունը, ըստ որի` «կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից է մահը վրա հասել, ուրեմն գլխի, կրծքավանդակի, որովայնի, ողնաշարի, ուրեմն, գանգի հիմքի թաղանթի, կողոսկրների, ուղերի կոտրվածքներով»:

Լեւոնի հայրը ծանոթանալով այն տեղանքին, որտեղից իբրեւ թե փորձել է փախչել Լեւոնը եւ վայր է ընկել պատուհանից, ասում է, թե չի հավատում, որ հնարավոր է միայն ընկնելու հետեւանքով ստանալ այն վնասվածքները, որ նկարագրված են դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության մեջ: Լեւոնի հայրը, մյուս հարազատները դեպքի վայրին ծանոթացել են մայիսի 15-ին: Ստեղծվել է ՀԿ-ներից կազմված նախաձեռնող խումբը, որը Լեւոնի հարազատների հետ միասին ձգտում է հասնել տեղի ունեցածի արդարացի բացահայտմանը, որպեսզի Լեւոնի սպանության մեղավորները հայտնաբերվեն եւ ենթարկվեն պատասխանատվության: Նրանք մայիսի 15-ին բողոքի ցույց էին նախաձեռնել Ոստիկանության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ: Հարազատներին ու մի քանի իրավապաշտպանի նույն օրը հջորդաբար ընդունել էին փոխոստիկանապետեր Մահտեսյանն ու Երիցյանը: Հայկ Հարությունյանը չէր ընդունել զբաղվածության պատճառաբանությամբ: Փոխոստիկանապետերը հարազատներին տեղեկացրել էին, որ Ոստիկանապետի հրամանով տարվում է ներքին ծառայողական քննություն, տեղի ունեցածը բացահայտելու համար: Սակայն նրանք կրկին ներկայացրել էին տեղի ունեցածի իրենց տարբերակը` մահ, փախուստի փորձի հետեւանքով, երբ Լեւոնն իբրեւ թե ջուր է խնդրել եւ մնալով մենակ փորձել է փախչել երկրորդ հարկի պատուհանից: Հովիկ Թամամյանի մասնակցության վերաբերյալ Ոստիկանությունը ընդունել է ժխտողական կեցվածք, ասելով, որ նրա մասնակցությունը բացառված է: Թեեւ հարց է առաջանում, թե ինչպես է ոստիկանությունը դա պնդում, եթե իրականացվում է ծառայական քննություն, որից հետո միայն կպարզվի ինչն-ինչոց է: «Իրենք ոչ մի ձեւով կապը չեն տեսնում Թամամյան Հովիկի հետ, իսկ մենք տեսնում ենք: Իրենք ասում են, որ Թամամյան Հովիկը չի բերել: Իսկ մենք ունենք վկաներ, որոնք տեսել են, ու կարող են ասել, որ Թամամյան Հովիկն է բերել», ասում է Լեւոնի քույրը: Թամամյանի հնարավոր մասնակցության մասին է վկայում նաեւ մայիսի 15-ին «Առավոտի» հրապարակման մի դրույթը, որ «Պանդոկ» ռեստորանի աշխատակից Հայկ Մելքումյանի խոսքն է: Նրան, եւ ռեստորանի մատուցողուհի Մարինե Գրիգորյանին մայիսի 9-ին ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանությունից հետո նույնպես կանչել են Շենգավիթի ոստիկանություն: «15-20 րոպե ծեծի ենթարկեցին ինձ: Երկու օր մնացել եմ այնտեղ: Ասում էին՝ պիտի հայտնեք, թե ով է սպանել Ստեփանին: Հաթաթա էին տալիս՝ նայի, տես, ով է գալիս. Թամամը (նկատի ունի Հովիկ Թամամյանին)»:

Լեւոնի Գուլյանի մահվան գործի առիթով հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է Երեւան քաղաքի գլխավոր դատախազությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Լեւոն Գուլյանի գործով նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը, ակնկալում ենք Ձեր անմիջական հսկողությունը գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կատարելու նկատմամբ»: Մայիսի 15-ին փոխոստիկանապետերի եւ Լեւոնի հարազատների հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հարազատները կարող են լիարժեք մասնակցություն ունենալ քննությանը, դրա օբյեկտիվությանը չկասկածելու համար, ինչպես նաեւ կարող են իրենց կողմից նախաձեռնել դատաբժշկական անկախ փորձագիտության իրականացում, անկախ փորձագետների միջոցով: Հարազատները, եւ նրանց աջակցող հասարակական կազմակերպություններն արդեն Հայաստան են հրավիրել եվրոպացի փորձագետների, որոնք սկսել են իրենց աշխատանքը: Մայիսի 19-ին այդ փորձագետները պետք է հրապարակեին իրենց նախնական եզրակացությունը: Դա պետք է տեղի ունենա մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակում: Սակայն փորձագետները վերջին պահին որոշել էին լռել: Այդ լռությունը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը բացատրեց այն հանգամանքով, որ փորձագետներն պարտավորություն են ստանձնել, որ այս պահին ձեռնպահ մնան եզրակացության հրապարակումից: Սակայն թե ում առաջ, եւ ինչ պարտավորության մասին է խոսքը, Արմեն Հարությունյանը չգիտեր, համենայն դեպս ասում էր, որ չգիտեր: Իսկ Լեւոնի հարազատներին աջակցող ՀԿ-ներից մեկի, «Հույս» կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանի խոսքով, փորձագետները եզրակացությունը չեն հրապարակել այն պատճառով, որ դեռեւս չունեն բոլոր լաբորատոր ուսումնասիրությունների տվյալները, եւ դրանք ունենալու համար կպահանջվի 3-5 օր, կամ առավելագույնը մեկ շաբաթ, որից հետո եզրակացությունը կհրապարակվի: Իսկ մինչ այդ արդեն լրացավ Լեւոն Գուլյանի սպանության մեկ շաբաթը: Այդ առիթով Լեւոնի հարազատները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիներն ու լրագրողները ի հիշատակ Լեւոնի սգո երթ էին կազմակերպել: Երթը լռությամբ, առանց կարգախոսների եւ պաստառների, մոմերով անցավ Հանրապետության հրապարակից մինչեւ Ոստիկանության շենք, ուր մահացել էր Լեւոնը: Մոմերը եւ ծաղիկները դրվեցին Ոստիկանության շենքի մայթեզրին:

www.hra.am

www.lragir.am