ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ցերեկային բեսպրեդելը շարունակվում է
Ինչպես խորհրդարանի մայիսի 12-ի ընտրությունից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի քաղաքներում շարունակվում է իշխանության եկած կրիմինալի խրախճանքը, որ տեղի է ունենում օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ, կրակոցների ու ռազբորկաների տեսքով: Եվ ինչպես ամեն անգամ, հերթական միջադեպին էլ զոհ են գնացել անմեղ քաղաքացիներ: Իսկ հերթականը մայիսի 20-ին էր, կիրակի օրը, Գյումրիում: Երեկոյան, քաղաքի բանուկ մասերից մեկում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել է Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի որդին: «Կիրակի օրը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի տղաները քաղաքի կենտրոնում, բոլորի աչքի առջեւ իրար վրա կրակել են: Փոխհրաձգության արդյունքում մարմնական վնասվածք է ստացել գյումրեցի 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը», գրում է Առավոտը:
«Գյումրիի մեր աղբյուրները, մեզ տեղեկացնում են, որ հերթական կրակոցներից ոչ շատ անց Գյումրիում են հայտնվել ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները եւ անձամբ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանը: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոստիկանությունը մտել է կիրակնօրյա փոխհրաձգությանը մասնակից խմբավորումների անդամների տները եւ փորձել գտնել հանցագործներին: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երկու օր առաջ այս գործով Գյումրի է այցելել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը», գրում է Հայկական Ժամանակը: Առավոտը դեպի հետ կապված գրում է, որ Գյումրիում տեղի ունեցածի կապակցությամբ բնակչության շրջանում շրջանառվում են մի քանի վարկածներ: «Դրանցից մեկը, ըստ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ այն է, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, մի քանի օր առաջ պատահաբար տեսնելով Արտաշես Սարգսյանի որդուն՝ Ռուստամին, մտաբերել է, որ Սարգսյանները ԱԺ ընտրությունների ժամանակ ոչ թե իր հոր՝ հանրապետական Վարդան Ղուկասյանին, այլ ԲՀԿ-ին են սատարել: Երկու օր անց էլ վերջիններս հաշիվները պարզելու համար հանդիպում են ունեցել «Ռավեննա» սրճարանում, որտեղ ընդհարում է տեղի ունեցել: Ականատեսների խոսքերով, Սպարտակն ու Ռուստամը միմյանց վրա հյութ ու օղի են լցրել: Այնուհետեւ, ըստ տարածված խոսակցությունների, քաղաքապետի որդին որոշել է Սարգսյաններին պատկանող «Գարթ» ռեստորան գնալ ու սեփական օբյեկտում նրա որդու «պորտը տեղը դնել»: Տեսնելով քաղաքապետի որդուն՝ դուռը չեն բացել, ինչից էլ վերջինս անչափ զայրացել է՝ հայտարարելով, որ այս քաղաքում իր առջեւ փակ դռներ չկան: Այստեղից էլ սկսվել է փոխհրաձգությունը, որը սաստկացել է Տերյան–Ղուկասյան փողոցը հատող խաչմերուկում՝ մարզպետարանի նախկին պաշտոնյայի տան մոտերքում: Ըստ տեղեկությունների, քաղաքապետի որդին կրակ է բացել նրանց տան վրա, որին ի պատասխան՝ փոխհրաձգությամբ հանդես է եկել անձամբ մարզպետարանի նախկին պաշտոնյան՝ Արտաշես Սարգսյանը», գրում է Առավոտը:
Տեղի ունեցածի առիթով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 34, 104 հոդվածի 6-րդ կետով եւ 235 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այսինքն՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք կրելու համար: Դեպքի վայրում զննության ժամանակ դատախազությունը հայտնաբերել է 26 ինքնաձիգի, երկու ատրճանակի պարկուճներ, երկու գնդակ, պողպատե միջուկներ: Մայիսի 22-ին դատախազությունը տարածեց հայտարարություն, ըստ որի հայտնաբերվել է ԲՀԿ անդամ Արտաշես Սարգսյանի որդուն` Ռուստամ Սարգսյանին պատկանող սեւ գույնի «Տոյոտա-Լենդ-Քրաուզերե» մակնիշի մեքենան, որը, ըստ նախաքննության մարմնի ունեցած տվյալների, օգտագործվել է փոխհրաձգության ժամանակ: Մեքենայի թափքին եւ պատուհանների ապակիներին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ: Փոխհրաձգությանը մասնակից մյուս թեւից բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանի հորեղբոր թոռը` ՀՀԿ համամասնական ցուցակի 57-րդ տեղը զբաղեցնող Արտյոմ Ղուկասյանը, ում պատկանում է այն Համմերը, որի ղեկին փոխհրաձգության ժամանակ եղել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին:
Նկատելի էր, որ փորձ արվեց տեղի ունեցածին տալ պարզապես տղայական խուլիգանության ենթատեքստ: Համենայն դեպս, դեպքից մի քանի օր անց հեռուստատեսային հարցազրույց տվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ասելով, որ իր որդին անկարգ չէ: Սակայն քաղաքապետը արեց մի բավականին հետաքրքիր ակնարկ, ասելով, թե որդին ընկերասեր է եւ ընկերոջ թասիբ պահող: Այդ ակնարկի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել մայիսի 25-ին Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, որը նկարագրում է Գյումրիում տեղի ունեցածը: «Դատախազության տվյալներով, պարզվել է, որ որ 2007 թվականի մայիսի 20-ին, ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում Ռուստամ Արտաշեսի Սարգսյանը, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում գտնվող իրեն պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ վիճաբանության մեջ է մտել Նորայր Գագիկի Սոլոյանի հետ: Վերջիններս շուրջ 10 րոպե վիճաբանել են, իրար քաշքշել, ապա դուրս եկել բակ, որտեղ Ռ.Սարգսյանն իր մոտ պահվող ապօրինի ձեռք բերած «Մակարով» տեսակի ատրճանակից երկու անգամ կրակել է Նորայր Սոլոյանի ոտքերի ուղղությամբ: Աջ ազդրի շրջանում ստանալով հրազենային վնասվածք Ն.Սոլոյանը դեպքի վայրից հեռացել է:
Ավելի ուշ, նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում՝ մարդաշատ վայրում, փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռ.Սարգսյանի` իր «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77 ՍԼ 222 պետհամարանիշի ավտոմեքենայով, ուղեւոր Տելման Հայկազի Կարապետյանի եւ «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Սպարտակ Վարդանի Ղուկասյանի եւ ավտոմեքենայում գտնվող դեռեւս ինքնությունները չբացահայտված անձանց միջեւ, սակայն միմյանց սպանելու դիտավորությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել՝ դեպքի վայրից դիմելով փախուստի», ասված է հաղորդագրության մեջ: Այսինքն, Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ դրվագին, ըստ դատախազության, փաստորեն նախորդել է նրա ընկերոջ մասնակցությամբ մի դրվագ, որի ընթացքում քաղաքապետի որդու ընկերը վիրավորվել է, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ քաղաքապետի որդին, ինչպես իր հայրն է ասում, պահել է ընկերոջ թասիբը:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը որոշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, ինչպես նաեւ Ռուստամ Սարգսյանին, Տելման Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրել եւ որպես մեղադրյալ ներգրավել: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում:
Չնայած իր վեհանձնությանը, ընկերասիրությանը եւ նվիրվածությանը, այդուամենայնիվ պետք է գտնել քաղաքապետի որդուն, քանի որ Աստված գիտե, թե նա քանի ընկեր ունի, որոնց թասիբը կարող է պահել մոտ ապագայում: Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանի որդու այդ վեհանձնությունը շատ թանկ է նստում շարքային քաղաքացիների վրա: Նրանցից մի քանիսը Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ստացել են տարբեր կարգի մարմնական վնասվածքներ: «Երկկողմանի փոխհրաձգության հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել Համասփյուռ Աբգարի Մնացականյանը` աջ ձեռքի բազկի շրջանում, վնասվել են շրջակայքում գտնվող բնակելի շենքերի պատերը, պատուհանների ապակիները», տեղեկացնում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունը: Սակայն Գյումրիի բնակիչները նշում են, որ իրականում հրաձգությունից տուժել են շատ թվով անմեղ քաղաքացիներ: Կասկած կա, որ նույնիսկ եղել է մեկ անմեղ զոհ: Համենայն դեպս, փոխհրաձգության օրը Գյումրիից անհայտ կորել է Գյումրիի Անի թաղամասի 10-12 ամյա բնակիչ Ռոբերտ Նորայրի Սիմոնյանը: Ենթադրություններ կան, որ այս երեխան միջադեպի հերթական զոհերից է: Ըստ տեղեկությունների, մի վարորդ ականատես է եղել, թե ինչպես փոխհրաձգության ժամանակ կռվին երեխա է խառնվել: Վարկածներ կան, որ երեխան կամ ծանր վիրավոր է, կամ մահացել է եւ նրան թաքցրել են:
