ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մի խնդիրը հայաստանի համար դառնում է ճոխություն
Անցնող շաբաթ Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում միանգամից մի քանի կարեւոր խնդիր էր, որոնցից ամեն մեկն առանձին առանձին ոլորտների ու երեւույթների, բայց ընդհանուր առմամբ առնչվում է ընդհանուր հասարակարգին եւ երկրի կառավարման առկա մոտեցումներին: Նախ Գլխավոր դատախազությունը հրապարակեց մայիսի 12-ին Ոստիկանությունում մահացած Լեւոն Գուլյանի մարմնի դատաբժշկական եզրակացության արդյունքը: Լեւոն Գուլյանի մահվան առեղծվածային խնդիրն արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանրային ուշադրության կենտրոնում է եւ Գուլյանի հարազատներն ու հասարակական մի շարք կազմակերպություններ պահանջում են արդար հետաքննություն, պարզելու համար, թե ինչի հետեւանքով է ոստիկանության շենքում մահացել Գուլյանը, որ այնտեղ էր տարվել որպես վկա հարցաքննվելու համար: Պաշտոնական տվյալով, որ տարածել էր ոստիկանությունը, Գուլյանը մահացել էր պատուհանից փախչելու փորձ կատարելիս, երբ սայթաքել ու վայր էր ընկել երկրորդ հարկից: Հարազատները համոզված են, որ նրան պարզապես ծեծել են ու սպանել: Հետաքննությունը վարում է Երեւանի դատախազությունը, եւ ահա մայիսի 31-ին դատախազությունը տարածել է Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` «Լեւոն Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` վերջինիս մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով, որոնք հետեւանք են համակցված` գանգուղեղային բաց, կրծքավանդակի եւ ողնաշարի փակ բութ վնասվածքներով: Լեւոն Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով եւ տեղակայմամբ բնորոշ են բարձրությունից (շուրջ 7 մետր) վայր ընկնելուն, անկման ընթացքում այլ արգելքներին, իսկ հետագայում նաեւ բութ, կարծր մակերես ունեցող ծածկույթին, այդ թվում ասֆալտապատ գրունտին համահարվածվելուն: Լեւոն Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նախաքննությունը շարունակվում է, մյուս փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել»:
Դատախազության եզրակացությունն ակնհայտ է դարձնում, որ քննությունը թերեւս չի հաստատելու սպանության վարկածը եւ ընդամենը իրավական ուժ է տալու ոստիկանության հայտարարած պաշտոնական վարկածին: Դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանի հանրապետությունում շատ են եղել դեպքեր, երբ իրավապահ համակարգը խոշտանգել ու ծեծել է վկային, մեղադրյալին, կասկածյալին, սակայն չի եղել նախադեպ, երբ որեւէ մեկը պատժվել է դրա համար հրապարակայնորեն: Թվում էր, թե Գուլյանի պարագան լինելու է հենց այդ նախադեպը, հատկապես, որ դեպքը ստացավ հասարակական լայն հնչեղություն: Սակայն դատախազությունը թերեւս գերադասում է գնալ մունդիրի «պատիվը» պահելու ճանապարհով: Թե ինչ ճանապարհով կգնան եվրոպացի փորձագետները, որոնց հրավիրել են Գուլյանի մահվան քննության արդարացիությունը պահանջող կազմակերպությունները, ցույց կտա ժամանակը: Սակայն այդ առումով խոստումնալից քիչ բան կա առայժմ: Եվրոպացի փորձագետները խոստացել էին նախորդ շաբաթ հրապարակել իրենց եզրակացությունը, բայց շաբաթն անցավ, անցավ նաեւ երկրորդ շաբաթը, մինչդեռ եվրոպացիները դեռ լռում են:
Իսկ որքան շարունակվում է այդ լռությունը, եվ որքան շատ խոսում են իրավապահ պաշտոնական աղբյուրները, այդքան ավելի են շատանում հարցերը, որոնք առաջցրել է Լեւոն Գուլյանի սպանության հանգամանքը: Ինչու է Լեւոնը փորձել փախչել, լավ իմանալով, որ պատուհանը նայում է ընդամենը ոստիկանության բակ, որտեղից դուրս փախչելը գործնականում անհնարին է: Ինչու է նա փախչում, երբ մինչ այդ երկու անգամ կամավոր է ներկայացել ոստիկանություն: Կան նաեւ շատ այլ հարցեր, կապված այն տեղեկությունների հետ, որ ունեն Գուլյանի հարազատները, եւ որոնք դեռեւս մնում են անպատասխան: Հետեւաբար մնում է նաեւ խնդիրը, որը վերաբերում է ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգին: Արդյոք այն մնալու է անպատժելիության կախարդական շրջանում, անպատժելիության եւ անմատչելիության, թե ի վերջո հասարակական ջանքը կարող է ճեղքել այդ շղթան, որպեսզի այն չնմանվի բերմուդյան այն եռանկյունուն, ուր հայտնվողը այլեւս կորում է անհետ, կամ հայտնաբերվում է միայն անկենդան վիճակում: Հասարակությունը դեռեւս սպասում է այդ հարցի պատասխանին:
Դրան զուգահեռ, հասարակությունը իրավապահներից սպասում է նաեւ մեկ այլ պատասխան: Այս անգամ պաշտոնական զարմի անպատժելիության եւ օրենքի առումով հասանելիության վերաբերյալ: Անցնող շաբաթը գրեթե ոչինչ չավելացրեց Գյումրիի քաղաքապետի որդու եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի որդու միջեւ ավտոմատային ռազբորկան բացահայտելու եւ մեղավորներին պատժելու առումով: Նախկին ու ներկա պաշտոնյաների որդիները դեռ հետախուզվում են, այսինքն ինչ որ տեղ խուսափում են պատժից: Դեռեւս չի գտնվել նաեւ այն 12-ամյա երեխան, ով կորել է կրակոցներից ժամանակ, եւ որը, ենթադրվում է, որ մահացել է այդ կրակոցներից, ինչի համար էլ մեղավոր կողմերը նրան ուղղակի թաքցրել են: Որդիների փոխարեն խոսում են հայրերը, որոնք ամեն կերպ ջանում են մեղմել սեփական սերնդի հանցանքը, իհարկե դրա համար չկրելով ոչ իրավական, եւ ոչ էլ նույնիսկ բարոյական պատասխանատվություն, որովհետեւ այդ դեպքում նրանք ուղղակի պետք է ամաչեին հայտնվել հեռուստաէկրանին, ինչը սակայն անցնող շաբաթ արեցին մեծ սիրով:
Սիրով, թե պարտավորվածությամբ, անցնող շաբաթվա վերջում Սահմանադրական դատարանը ձեռնմուխ եղավ խորհրդարանի ընտրության հետ կապված դիմում բողոքների քննությանը, որ ՍԴ- են ներկայացրել ընդդիմության մի քանի կուսակցություն` ՆԺԿ, ՕԵԿ, ՀԺԿ, Իմպիչմենտ դաշինք, Հանրապետություն կուսակցություն: Սահմանադրական դատարանը առայժմ դեռ շարունակում է լսել կողմերին, որոնք դեռեւս ներկայացնում են իրենց փաստարկները: Լումների առաջին երկու օրը ենթադրության եւ վերլուծության քիչ նյութ է տալիս: Հետեւաբար ենթադրելու կամ վերլուծելու համար հիմքն առայժմ նախորդ տարիների փորձն է, որը լավատեսության քիչ հիմք է տալի: Եթե նախորդ տարիներին չէին պատժվում ակնհայտ բռնության տեղի ունեցած ընտրությունների մեղավորները, եթե չէին վերանայվում այդ ընտրությունները, ապա ինչ կարելի է ակնկալել «լավագույն» ընտրության պարագայում: Առայժմ ոչինչ: Հասարակությունը սպասում է, թե ինչ կփոխի ընթացիկ շաբաթը, որի ընթցաքում ՍԴ-ն կշարունակի քննությունը: Սահմանադրական դատարանը պարտավոր է բողոքների քննությունն ավարտել եւ որոշում կայացնել 15-օրյա ժամկետում:
Նախորդ տարիների փորձը հասարակության ստիպում է թերահավատորեն նայել մեկ այլ կարեւոր միջոցառման, որը մեկնարկեց նույնպես անցնող շաբաթվա վերջում: դա դպրոցական ավարտական միասնական քննություններն են, որոնք նաեւ բուհական ընդունելության քննություն են միաժամանակ: Չնայած նախորդ տարիների նման իշխանության տարբեր պաշտոնյաներ տարբեր կարգի պատասխանատու հայտարարություններ արեցին, թե քննությունը արդար է լինելու եւ օբյեկտիվ: Չնայած վարչապետը խորհրդակցություն հրավիրեց իր մոտ, չնայած հանձնարարականներ տվեց, այդուամենայնիվ արդեն իսկ քննության նախօրեին, մայիսի 31-ին Գյումրիից ահազանգ ստացվեց, որ որոշ մարդիկ ծնողներին դիմում են օգնության պատրաստակամությամբ, դրա դիաց պահանջելով 5 հազար դրամ: Անմիջապես արձագանքեց ԿԳՆ-ն, ծնողներին կոչ անելով, չենթարկվել այդ մարդկանց խաբեությանն ու սադրանքին: Փաստորեն փաստը առկա է, պարզապես ծնողներին խորհուրդ են տալիս չենթարկվել:
