ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությանը մեղքը ճանաչված է
Լեւոն Գուլյանը «Պանդոկ» ռեստորանի տնօրենն էր: Ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության գործով մայիսի 12-ին նա հրավիրվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տարվել ոստիկանության քաղաքային վարչություն, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է: Հարազատները պնդում են, որ նրան ծեծելով սպանել են եւ այդ հարցում առանձնապես աչքի է ընկել ոստիկանության բարձրատիճան պաշտոնյա գնդապետ Հովիկ Թամամյանը: Ոստիկանությունը պնդում է, որ Լեւոնը փորձել է փախնել եւ ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Հունիսի 8-ին «Լեւոն Գուլյան. մի մարդու կյանք` ամբողջ հասարակության մարտահրավեր» թեմայով եւ քաղաքական եւ հասարակական գործչների, Լեւոն Գուլյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետությունը անվտանգ է, եթե իր սեփական երկրում յուրաքանչյուր քաղաքացի անվտանգ է «օրենքի ողջ ուժով եւ քաղաքացիական իրավունքների ամբողջական իրացմամբ»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Գուլյանի մահը հարված է ոչ միայն նրա ընտանիքին եւ հարազատներին, այլ ողջ Հայաստանին: Կարեւոր է, որ մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն եւ որ այլեւս որեւէ այլ քաղաքացի չհանդիպի «հակահայ, հակահայաստանյան վարքի»:
Լեւոն Գուլյանի մահվան առթիվ «ինքնասպանության հասցնել» հոդվածով դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ Լեւոնի հարազատների, ոստիկանությունը աշխատում է թաքցնել մեղավորին, մեջտեղից հանել Հովիկ Թամամյանին եւ Լեւոնին դարձնել ռեստորանի մոտ կատարված սպանության մասնակից: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, մարդը մահացել է պետական կառույցում, գործ է հարուցվել ինքնասպանության հասնցնելու համար, հետեւաբար, «ոստիկանության մեղքը արդեն ճանաչված է»: Ու կարեւոր է ոչ թե հարցը, թե Հովիկ Թամամյանը մեղավոր չէ, այլ թե «ով է մեղավոր»: Բայց հույսը դրսի վրա է: «Հույս» ՀԿ նախագահ Կարեն Հակոբյանը կարծում է, որ միջազգային կառույցների ճնշումը միակ զենքն է արդարության հասնելու հարցում:
Հենց արդարության հասնելու համար ԵԱԿՀ երեւանյան գրասենյակը դրսից (Գերմանիա, Դանիա) փորձագետներ հրավիրեց, ովքեր զննել են Լեւոն Գուլյանի դին: Սակայն նրանց եզրակացությունը դեռ տեղ չի հասել թեեւ ասում են, որ ուղարկել են արագ փոստով:
Լեւոն Գուլյանի գործում հարազատներին թափանցիկություն է խոստացել ՀՀ գլխավոր դատախազը: Հարազատները ասացին, թե թափանցիկություն դեռ չեն տեսել: Ավելին, Լեւոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Արամ Կարախանյանը եւ Հրայր Ղուկասյանը հայտարարեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԶԼՄ-ների միջոցով տարածել է տեղեկատվությունը Լեւոն Գուլյանի դիակի փորձաքննության արդյունքների մասին, որ «տեղ են գտել անճշտություններ, մասնավորապես հրապարակված եզրակացությունը ներկայացվել է որպես միջազգային անկախ փորձագետների մասնակցությամբ կատարված հանձնաժողովային փորձաքննության արդյունք, ինչը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միջազգային անկախ փորձագետների եզրակացությունը դեռ չի ստացվել եւ սպասվում է օրերս: Տեղեկատվությունը գնահատում ենք ոչ ամբողջական, այն պարունակում է եզրակացության ընդհանուր համատեքստից ընտրանքային սկզբունքով վերցված քաղվածքներ, առանձին արտահայտություններ, կամ հետեւություններ, ինչը թույլ չի տալիս լիարժեք պատկերացում կազմել դրա էության եւ բովանդակության վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Ալավերդյանը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել սույն գործը:
