ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հայտարարությունը
14 դեկտեմբերի, 2007
Անցած օրերին որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ, անակնկալի գալով ԳԱԼԱ ՀԸ
Պաշտպանության շտաբի ծավալած գործողություններից, այդ թվում ՀՀ Տնտեսական դատարանի
Գյումրու նստավայրի մոտ կազմակերպած պիկետից, աջաուձախ սկսել են լուրեր տարածել, թե
պիկետի եւ կայանալիք հանրահավաքի կազմակերպիչը` դատարանում «ՉԱՊ» ՍՊԸ
ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանն է:
Դա բացարձակ սուտ է, որը նպատակ ունի ստվերել Կարեն Թումանյանի փաստաբանական
արժանիքներն ու առաքելությունը: Բացի դատարանում «ՉԱՊ» ՍՊԸ շահերը ներկայացնելը,
Կ.Թումանյանը որեւէ այլ առաքելություն չունի ԳԱԼԱ ՀԸ եթերազրկելու դեմ մեր պայքարի
մեջ: Առայժմ չունի:
«Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ» եւ «Գյումրու հարկային տեսչությունն
ընդդեմ» քաղաքացիական գործերով «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանական պալատի
անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը իր գործի ամենաորակյալ մասնագետներից մեկն է, իր
պարտականությունները կատարում է ծայրահեղ համեստությամբ, պատվով եւ
պարտաճանաչությամբ ու չի ենթարկվելու որեւէ ճնշման, ինչպես եւ չի ենթարկվել մինչ
այժմ, որտեղից ուզում է լինեն այդ ճնշումները կամ «հորդորները»:
ՀՀ Տնտեսական դատարանի առաջ պիկետը կազմակերպել ենք մենք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ
ՀԸ պաշտպանության շտաբի ակտիվիստներս, 99 քաղաքացիների մասնակցությամբ, այնպես,
ինչպես մենք ենք կազմակերպել դեկտեմբերի 19-ին ժամը 16-ին Գյումրու թատերական
հրապարակում կայանալիք Հանրահավաքը` ի պաշտպանություն ԳԱԼԱ Հեռուստաընկերության:
Մենք հայտարարել ենք եւ հայտարարոււմ ենք, որ ԳԱԼԱ Հեռուստաընկերության եթերազրկման
դեմ պայքարողներս անելու ենք ամեն հնարավոր օրինական եւ բարոյական
գործողությունները ԳԱԼԱ ՀԸ եթերազրկումը 1 րոպե, 1 ժամ, 1 օր, 1 ամիս, 1 տարի
հետաձգելու համար:
Առանց Խոսքի ազատության մենք չկանք: Միացեք մեզ:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից`
Լեւոն Բարսեղյան եւ Վահան Թումասյան
Բոլոր հարցերով` + 374 91 821 363,
levon@asparez.am
Առավել տեղեկությունների համար` www.asparez.am
ՀԳ. դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի
ազատության սրահում կայանալու է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի
հերթական նիստը, քննարկվելու են կազմակերպչական հարցեր, մուտքն ազատ է:
