Սոցիալական հարցի քաղաքականացվելու հետեւանքները

Հայաստանի պատմության 2000-2007 թվականների հատվածի ամենաաղմկահարույց ծրագիրը, հաստատ Հյուսիսային պողոտա նախագիծն է լինելու: Սա Հայաստանում առաջին ծրագիրն էր, երբ մարդու սեփականությունը օտարվում էր: Ծրագիր մեկնարկին Հայաստանում դեռ չկար «Հասարակության եւ պետության կարիքների համար
սեփականության օտարման մասին» օրենքը: Օրենքը ընդունվեց Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների կառուցման համար տարածք բացելուց հետո: Դատելով իրերի ներկա դրությունից, օրենքը կաշխատի: Համենայն դեպս, Երեւանի քաղաքապետարանը մտադիր է գալիք տարիներին իրացնել Կոզեռն, Կոնդ, 33-րդ թաղամասերը եւ արդեն այսօր լուծվում են այդ տարածքների բնակիչների սեփականության եւ սեփականության իրավունքի հետ կապված բոլոր հարցերը: Սա սակայն չի նշանակում, թե առաջին ծրագրի սխալները ներվել կամ մոռացվել են: Ի դեպ, հենց այդ սխալների արդյունքում են ծնվել «Պետական կարիքների զոհեր» (նախագահ` Սեդրակ Բաղդասարյան) եւ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» (նախագահ` Վաչագահ Հակոբյան) հասարակական կազմակերպությունները:

Այս ընթացքում սեփականությունից զրկված քաղաքացիները եւ Երեւանի քաղաքապետարանը բազմաթիվ, նաեւ հեռակա փոխադարձ քննադատություն են ներկայացրել իրարու: Քաղաքացիները պնդում են, թե իրենց թալանել են, քաղաքապետարանը հայտարարում է, թե իրացման գոտիների բնակիչները իրականում բողոքում են հավելյալ գումարներ ստանալու համար: Ի դեպ, հավելյալ գումարներ տրվել են: Հիմա քաղաքապետարանը հայտարարում է, որ այս ընթացքում կնքվել է սեփականության օտարման մոտ 3000 ընտանիք, բողոքավոր է միայն 20-25 ընտանիք` մեկ տոկոսից էլ պակասը, ինչը միանգամայն նորմալ է: Այս 20-25 ընտանիքներն էլ հայտարարում են, որ միեւնույն է իրենց օտարված սեփականության դիմաց տրված փոխհատուցումը, որ համաձայն ՀՀ սահմանադրության պետք է լիներ նախնական եւ համարժեք, ոչ նախնական է եղել, ոչ էլ` համարժեք: Այս բողոքավոր քաղաքացիներից մեկը` Գեւորգ Ճղրլյանը, ում գույքի դիմաց տրվել էր 47 000 ԱՄՆ դոլար փոխհատուցում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Հայաստանի հանրապետությունից ստացել է եւս 150 000 դոլար: Այս պահի դրությամբ Եվրադատարանում կոմունիկացիայի է վերցված 12 քաղաքացու դիմում:

Սոցիալական այս հարցը վաղուց դուրս է եկել սոցիալական հարթությունից եւ նաեւ քաղաքական երանգներ ստացել: Սկզբնական շրջանում այս հարցով զբաղվում էին ընդդիմադիր առանձին գործիչներ: Սեփականության օտարման որոշումները կայացրել է ՀՀ կառավարությունը: Այս որոշումներից դժգոհները հիմնականում կառավարության շենքի առջեւ էին բողոքի ցույցեր կազմակերպում: Սակայն, ՀՀ կառավարությունը գործին խառնվեց միայն 2007 թվականի ապրիլին. երբ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրություններից մեկ ամիս առաջ ընդունեց պետական կարիքների զոհերին: Սա առաջին դեպքն էր, երբ բարձրաստիճան պաշտոնյան ականջալուր եղավ այս մարդկանց ցավուդարդին: Սերժ Սարգսյանը խոստացավ հարցը լուծել 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններից հետո, որ շահարկումներ չլինեն: Սակայն այս հանդիպումը զարգացում չունեցավ: Վեց ամիս սպասելուց հետո, բողոքավորների նույն խումբը բողոքի ելավ արդեն «Պարոն Սարգսյան, դուք մեզ խաբեցիք» կարգախոսով:

Հյուսիսային պողոտա նախագծում առավել հաճախ տրվում էր ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հենց Ռոբերտ Քոչարյանն էլ պողոտայի բացման ժամանակ ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր համարժեք փոխհատուցում չեն ստացել եւ հայտարարց, թե Հայաստանը կընդունի Եվրադատարանի ցանկացած որոշում: Իսկ արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կան քաղաքացիները իրենց սեփականությունից զրկվել են դատարանի որոշումներով եւ վարչապետը անզոր է միջամտել: «Եթե անզոր էիր, հարգելի վարչապետ, չխոստանայիր», հակադարձում է Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, Եվրադատարանի որոշմամբ այս կամ այն քաղաքացուն լրացուիչ գումարներ տրվում են պետական բյուջեից. «Ստացվում է իրենք սխալվեն, մեզ համարժեք փոխհատուցում չտան, հետո էլ` Եվրադատարանի որոշմանը ենթարկվելով մեզ վճարեն մեր իսկ միջոցների՞ց», նկատում է Սեդրակ Բաղդասարյանը:

Հայաստանի նախագահի եւ վարչապետի միջեւ «մոլորված» պետական կարիքների զոհերը այլ տպավորություն են ստանում: Նրանք չեն բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես չի թողնում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներ նախագծերի իրականացման ժամանակ արձանագրված սխալները ուղղվեն, որովհետեւ դրանք արվել են հենց իր ղեկավարության օրոք: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին է համարում ՀՀ նախագահի ամենաարժանի թեկնածուն: Պետական կարիքների զոհերը ի լուր բոլորի, այդ թվում եւ` Ռոբերտ Քոչարյանի հայտարարում են: Հարցը Սերժ Սարգսյանի անձը չէ. եթե վարչապետը չի կարողանում լուծել 25 ընտանիքի հարց, ինչպես է երկիր ղեկավարում: «Եթե Սերժ Սարգսյանի հետ 2007-ի ընտրություններից առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո մտածում էինք, թե ինչ կլինի մեր հալը, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, ապա հիմա մտածում ենք, վայ մեզ, եթե 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դառնա նախագահ»: